Հարյուրավոր ոստիկաններ, զրահատեխնիկա, բախումներ և արտակարգ դրություն երկրի առանձին հատվածներում: Ղազախստանի մի շարք քաղաքներում կիրակի մեկնարկած ցույցերն արագ թափ են հավաքել և հանգեցրել կառավարության հրաժարականին: Երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն արդեն ստորագրել է համապատասխան որոշումը՝ մեղադրելով գործադիրին նման իրավիճակ թույլ տալու համար:
Բազմահազարանոց ցույցերի և հանրային լայն շրջանակների դժգոհության ֆորմալ առիթ է դարձել հեղուկ գազի գնի բարձրացումը: Հունվարի մեկից, կառավարության որոշմամբ, այն պետք է թանկանար միանգամից երկու անգամ:
Ցույցերի ահագնացումից հետո ձերբակալվել են հեղուկ գազի վերամշակման գործարանի, ինչպես նաև գազի էլեկտրոնային վաճառքի հարթակի տնօրենները: Ղազախստանի իրավապահ մարմինները հենց նրանց ուղիղ մեղավորությունն են տեսնում այս իրավիճակում:
Քննարկումները հեղուկ գազի գնի շուրջ Ղազախստանի համար նոր չեն: Դրանք ընթանում են ամիսներ շարունակ: Հերթական թանկացումը հազարավոր մարդկանց ստիպել է դուրս գալ փողոց տասնյակ քաղաքներում: Խաղաղ ակցիաները հետզհետե վերածվել են անկարգությունների, արձանագրվել են բախումներ ոստիկանական ուժերի և ցուցարարների միջև: Որոշ քաղաքներում իրավապահ մարմինները արցունքաբեր գազ են կիրառել:
Էլմիրա Շայախմետովա (լրագրող) - Ղազախստանի համար այս ծավալի ցույցերը անակնկալ էին: Ոչ ոք չէր սպասում, որ հասարակական շրջանակներում այս թեման նման արձագանք կստանա: Դա բնորոշ չէ մեզ: Գործընթացին մասնակցում են գրեթե բոլոր բնակավայրերը:
Ղազախստանի ներքին գործերի նախարարությունը հայտնում է ցույցի մասնակիցների կողմից քարերի և հրդեհ առաջացնող պայթուցիկ նյութերի կիրառման մասին: Ներքին գործերի 95 աշխատակից վնասվածք է ստացել: Վնասվել է 37 ոստիկանական մեքենա:
Գիշերն առավել թեժ է եղել հանրապետության ամենամեծ քաղաքում՝ Ալմաթիում: Ցուցարարները վարչական շենքեր գրավելու փորձ են իրականացրել: Հաղորդվում է, որ մի քանի հազար ցուցարար ուղևորվել է դեպի նախագահի՝ Ալմաթիի նստավայր: Որոշ տեղեկությունների համաձայն՝ բողոքի ակցիայի մասնակիցներին հաջողվել է գրավել այսպես կոչված ակիմատի՝ մարզպետարանի շենքը: Քաղաքում հնչում են կրակոցներ և նռնակների պայթյունի ձայներ: Ուժայինները կիրառել են լուսաձայնային նռնակներ: Տեղական իշխանությունների վստահեցմամբ՝ իրավիճակն այժմ վերահսկվում է, սակայն քաղաքում շարունակվում են ցույցերը և բախումները: Նախագահի հրամանագրով արտակարգ դրություն և պարետային ժամ հայտարարվել է նախ Ալմաթիում, ապա՝ մայրաքաղաք Նուրսուլթանում:
Չնայած կառավարության հրաժարականին և հեղուկ գազն էժանացնելու խոստմանը, ցույցերը շարունակվում են նաև այլ քաղաքներում: Սակայն ցուցարարների պահանջներն այժմ որոշակի փոփոխությունների են ենթարկվել:
Էլմիրա Շայախմետովա - Յուրաքանչյուր մարզ ունի իր պահանջները: Դրանք վերաբերում են թե՛ գազի գներին, թե՛ աշխատատեղերի բացակայությանը, մարդիկ նույնիսկ պահանջում են կառավարման համակարգի փոփոխություն: Այսինքն՝ յուրաքանչյուր քաղաք առաջին հերթին կենտրոնանում է իր խնդիրների վրա:
Տելեգրամ ալիքների տարածած նյութերում կարելի է նկատել նաև ցուցարարների կողմն անցած ուժայինների: Երկրի նախագահ Տոկաևը մարդկանց կոչ է արել լինել ողջամիտ և չենթարկվել սադրանքների: Նա վստահեցրել է, որ իշխանությունը Ղազախստանում չի փոխվի: