ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱՆԵՐ ՂԱԶԱԽՍՏԱՆՈՒՄ
Ղազախստանում բողոքի ակցիաների ժամանակ ավելի քան 200 մարդ է ձերբակալվել հասարակական կարգը խախտելու համար: Ներքին գործերի նախարարության տվյալով՝ տուժել է ներքին գործերի մարմինների 90-ից ավելի աշխատակից։ Ալմաթի, Շիմքենդ և Տարազ քաղաքներում ցուցարարները փորձել են հարձակվել տեղական վարչակազմերի շենքերի վրա։ Մանգիստաու մարզում, Ալմաթիում և այլ բնակավայրերում արտակարգ դրություն է հայտարարվել։ Նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը տեղի ունեցած համար մեղադրել է կառավարությանը՝ ընդունելով նրա հրաժարականը: Երկրի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել փոխվարչապետ Ալիխան Սմայիլովը։
Ղազախստանի նախագահը հանձնարարել է կես տարով պետական կարգավորում սահմանել գազի, բենզինի և դիզվառելիքի ոլորտում, ինչպես նաև պարենային մթերքների գների վրա, կես տարով մորատորիում հայտարարել կոմունալ ծառայությունների սակագների բարձրացման համար և հետաքննել հեղուկ գազի վաճառքի ոլորտում հնարավոր հանցավոր համաձայնությունները:
Մանգիստաու շրջանում բնակիչները հունվարի 2-ին զանգվածաբար փողոց էին դուրս եկել՝ վառելիքի գները նվազեցնելու պահանջով։ Հունվարի 4-ի երեկոյան բողոքի ցույցերը տարածվել են ողջ Ղազախստանով՝ ստանալով քաղաքական երանգ և վերաճելով իրավապահների հետ բախումների:
ՀՐԱԺԱՐՎԵԼ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՍՊԱՌՆԱԼԻՔԻՑ. ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ԿՈՉԸ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ
Հունաստանը Թուրքիային կոչ է անում չխախտել միջազգային իրավունքի նորմերը և հրաժարվել պատերազմի սպառնալիքից։ Այս մասին հայտարարել է Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ բին Ֆարհան Ալ Սաուդի հետ Աթենքում տեղի ունեցած հանդիպումից հետո։
«Անկարան մտադիր է պատերազմ հայտարարել, եթե Հունաստանը, միջազգային իրավունքին համապատասխան, ընդլայնի իր տարածքային ջրերը Էգեյան ծովում, սա աբսուրդ է։ Սաուդյան Արաբիայի արտգործնախարարի հետ հանդիպմանը ես ընդգծել եմ մեր երկրի նկատմամբ Թուրքիայի ագրեսիվ հռետորաբանությունը։ Շեշտել, որ թուրքական կառավարությունը մշտապես խեղաթյուրում է ճշմարտությունը»,- նշել է Դենդիասը՝ հավելելով, որ հարկավոր է անհապաղ անվավեր ճանաչել Միջերկրական ծովում սահմանների հստակեցման թուրք-լիբիական հուշագիրը։
ԻՐԱՆԻ ՔԱՅԼԵՐԸ ՍՊԱՌՆՈՒՄ ԵՆ ՎԻԺԵՑՆԵԼ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԳՈՐԾԱՐՔԸ
ԱՄՆ վարչակազմը գտնում է, որ Իրանի քայլերը սպառնում են վիժեցնել նախկինում կնքված Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը, և կոչ է անում անվերապահորեն կատարել դրա դրույթները: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Սակին։
Նա նաև հրաժարվել է մեկնաբանել Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի հայտարարություններն այն մասին, թե ԱՄՆ նախորդ վարչակազմի ղեկավարությանը՝ Թրամփի գլխավորությամբ, հարկավոր է պատասխանատվության ենթարկել 2020 թվականի հունվարին հրթիռային հարվածի միջոցով գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար:
Սակին ընդգծել է, որ հունվարի սկզբին Վիեննայում վերսկսված Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի վերականգնման շուրջ բանակցությունների ընթացքում որոշակի առաջընթաց է գրանցվել․ «Հուսով ենք զարգացնել այդ առաջընթացը», - հավելել է Սպիտակ տան մամուլի քարտուղարը։
«ՕՄԻԿՐՈՆԸ» ԳԵՐԱԿՇՌՈՒՄ Է ԴԱՆԻԱՅՈՒՄ ԵՎ ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐՈՒՄ
Դանիայում կորոնավիրուսի նոր Օմիկրոն շտամի տարածումից ի վեր մահվան 18 դեպք Է գրանցվել։ Վարակի նոր տարատեսակը հայտնաբերվել Է նոյեմբերի վերջին և այժմ գերակշռում է երկրում։
Ամստերդամում նույնպես գերակշռում է Օմիկրոն շտամը։ Նիդերլանդների իշխանությունները երկրում դեկտեմբերի 19-ից մինչև հունվարի 14-ը լոքդաուն են հայտարարել․ փակ են բոլոր սրճարանները, ռեստորանները, թատրոնները, գործում են միայն մթերային խանութները, դեղատները, գրադարանները: Գործատուները պատրավոր են հնարավորության դեպքում աշխատակիցներին ուղարկել հեռավար աշխատանքի։