Հունվարի 3-ին՝ կեսգիշերն անց, բուժհաստատությունից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ էր ստացվել. Էջմիածին քաղաքի Արագածի զանգվածից ծակած-կտրած վերքով 29-ամյա երիտասարդի էին տեղափոխել բժշկական կենտրոն:
Հաղորդումը ստանալուն պես բաժնի քրեական հետախույզները բազմաբնույթ միջոցառումներ ձեռնարկեցին։ Նրանց արագ և օպերատիվ աշխատանքի արդյունքում շուտով տեղեկություններ ստացվեցին, որ Արագածի զանգվածի բակերից մեկում ծագած վիճաբանության ժամանակ տուժողին դանակահարել է Էջմիածնի Զվարթնոց թաղամասի 42-ամյա մի բնակիչ:
Նույն օրը հարազատների հետ բացատրական աշխատանքի արդյունքում նա եկավ ոստիկանության Վաղարշապատի բաժին, ներկայացվեց դեպքի նախաքննությունը վարող մարմնին ու ձերբակալվեց: Կասկածվողը տվել է խոստովանական ցուցմունք։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Հանգամանքները հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվում են։