Բելլա Հայրապետյան (ընկերության աշխղեկ) - Մեծ հոգատարությամբ՝ ամեն մի թելը, ամեն մի պրոցես կատարելով, օրհնելով մեր զինվորներին, որ խաղաղ երկնքի տակ ծառայեն ու այդ համազգեստը հագնեն միայն ու միայն շքերթի ժամանակ:
Պաշտպանության նախարարությանը համազգեստ մատակարարող ընկերության հաստոցները նաև ռազմական գործողությունների ժամանակ են աշխատել: Կամավորների աջակցությամբ կարել են նկուղում: Պատերազմից հետո, սակայն, մատակարարների խնդիր են ունեցել:
Արմեն Խաչատրյան (ընկերության ինժեներ-տեխնոլոգ) - Գտել ենք այնպիսի մատակարարներ, ովքեր եկել են, գիտեն, տեսել են, որ անվտանգ է ամեն ինչ, ու այդպիսի խնդիրներ չկան:
Լիլիթ Գադյան (ընկերության աշխատակից) - Մեծ պատասխանատվություն ենք զգում, քանի որ բանակի հետ ենք աշխատում, մեր զինվորների համար է այդ աշխատանքը կատարվում: Մեծ պարտականություն է, և, իհարկե, սիրով ենք աշխատում:
Արցախի տնտեսության վրա պատերազմի բացասական հետևանքները 2021-ին շարունակվել են: Հակառակ տնտեսությունը վերականգնելու կառավարության ջանքերին՝ անկում է նկատվել գրեթե բոլոր ճյուղերում: Աճը հիմնականում շինարարության ոլորտում է:
Բելլա Պետրոսյան (Արցախի ԷԳՆ տնտեսական զարգացման վարչության պետ) - Մի կողմից՝ այն կազմակերպությունները, այն սուբյեկտները, որոնք մեր վերահսկողության տակ չեն, մենք կորցրել ենք՝ խոշոր գործարաններ, փոքր ձեռնարկություններ, մյուս կողմից՝ նաև այն կազմակերպությունները, որոնք մնացել ենք մեր վերահսկողության տակ, նրանք և՛ նյութական կորուստներ են կրել, և՛ հետագայում նաև ունեցել են խնդիրներ, օրինակ՝ ռեսուրսային ապահովման, լոգիստիկայի հետ կապված:
Լոգիստիկ խնդիրներին ավելացել է ռիսկի տարրը: 2021-ին Արցախում տեքստիլ արդյունաբերությամբ զբաղվողները ստիպված էին նոր ներդրողներ ու շուկաներ փնտրել:
Սերգեյ Մելքումյան (ընկերության տնօրեն) - Պետության օգնության շնորհիվ, իհարկե, կարողացել ենք մասամբ վերականգնել հին աշխատավարձերի չափը, գոնե մասամբ, ինչպես նաև մեզ օգնում են նախկին մեր գործընկերները, որպեսզի գործարանը չկանգնի:
Գործարանները չկանգնեցին Արցախի կառավարության ուղիղ ֆինանսական աջակցությամբ: Այն պայմանով, որ կրճատումներ չլինեն:
Բելլա Պետրոսյան - Վերանայելով մեր ծրագրերը՝ առաջնային խնդիրը եղել է օպերատիվ լուծել առաջացող խնդիրները: Այսինքն՝ այնպես անենք, որ գոնե ամենախոշոր կազմակերպությունները, որոնք ապահովում են մեծ քանակով աշխատատեղեր, նրանք շարունակեն իրենց գործունեությունը:
Այժմ արցախյան ձեռնարկությունները փորձում են վերադառնալ նախկին արտադրողականությանը, որ 2022-ին շարունակեն աշխատել արդեն առանց ուղիղ ֆինանսավորման: