Հին շենքի նոր նախագիծը գրեթե պատրաստ է. Հայաստանում ստեղծվում է արյան կենտրոնական բանկ: Արյունաբանական կենտրոնի այս մասնաշենքը վաղուց չի գործում: Այստեղ է լինելու արյան նոր կայանը. հիմքից կկառուցվի նորը՝ զինված ժամանակակից լաբորատոր ու բժշկական սարքերով: Գործող արյան բանկի տարածքը կծառայի այլ նպատակի:
Սամվել Դանիելյան (Արյունաբանական կենտրոնի տնօրեն) - Ամբողջը կքանդվի, մի քիչ առաջ կգա, և հիանալի բան կստացվի: 1000 ք.մ և նկուղային հարկ, որտեղ պետք է լինի պահեստարանը, անվտանգ լինի բացարձակ, որ ինչ էլ լինի շենքին, մենք ունենանք վստահելի պաշար:
Արյան կենտրոնական բանկը կկառուցվի Ջինիշյան հիմնադրամի և Կառավարության համաֆինանսավորմամբ: Նոր ծառայության ստեղծմամբ կկենտրոնացվեն արյան մարզային բոլոր հինգ կայանները: Սյունիքի, Արմավիրի, Կոտայքի, Լոռու և Շիրակի մարզային կայանները կմիավորվեն, շենքերը կապիտալ կնորոգվեն: Արյան բանկը կսպասարկի նաև Արցախը:
Սամվել Դանիելյան - Սա նախարարության շնորհիվ է, ուրախալի փաստ է բոլորիս համար: Նոր բաժանմունքներ ևս նախագծի մեջ կան. Կապանի, Մարտունու, Իջևանի: Ժամանակ առ ժամանակ եղել են, փակվել են, նոր շունչ պետք է տրվի, կադրային առումով նոր պետք է լինի, ամբիցիոզ ծրագիր է:
Շտապօգնության նոր մեքենաներն այս պահին ապահովում են արյան պաշարների տեղափոխումը Հայաստանում և Արցախում: Մեքենաներն ունեն սառցախցիկներ՝ արյունն անվնաս տեղ հասցնելու համար: Նորաստեղծ կայանն, ըստ Դանիելյանի, էապես կբարելավի արյան մատակարարումը:
Սամվել Դանիելյան - Հիմա ռեեստրը ամսի մեկից արդեն սկսում է գործել՝ որտեղ, ինչ ռեզուսի արյուն կա պաշարված, որ մարդը իզուր չշրջագայի բոլոր հիվանդանոցներով, այլ կոնկրետ իմանա՝ յուրաքանչյուր արյան կայան, որտեղ հիվանդանոցներում գտնվող արյան կետ, օպերատորի միջոցով ճշտի ամենաթարմ արյունը տվյալ խմբի որտեղ է գտնվում, չգա Մարտունիից հասնի Երևան, այլ ճանապարհին ունենա տեղեր, վերցնի, որ օպտիմալ լինի: Ամենակարևորը՝ կենտրոնացումից անվտանգ արյուն կլինի ամենուր:
Արյունաբանական կենտրոնն ապահովում է արյան կարիք ունեցող բոլոր կլինիկաների կարիքները. կենտրոնի ղեկավարը վստահեցնում է՝ պատերազմի ու քովիդի լարված ժամանակահատվածում չի եղել դեպք, երբ հիվանդը տուժի արյան պակասի պատճառով: Դոնորների կարիք, սակայն, մշտապես կա:
Անդրանիկ Շամիլյան (Արյունաբանական կենտրոնի արյան բաղադրամասերի պաշարման բաժանմունքի վարիչ) - Միջինում 20-30 արյունատվություն ենք ունենում, բայց ցանկալի է, որ 40-50 ունենանք, որ պահանջարկը բավարարենք: Երևանում մեծացել է պահանջարկը: Արյան բաղադրամասերը ոչ մի ձևով չես կարող փոխարինել, աղբյուրը առողջ մարդիկ են, կարևոր է, որ գիտակցեն, կամավոր ցանկությամբ կարող ենք պահանջարկը բավարարել:
Սամվել Դանիելյան - Արյան ծառայությունն ունի հրամայականներ՝ ծավալի, որակի, անվտանգության առումներով: Ամեն մարդ, որ կարիք է ունենում, ունենա նույն գարանտը, ինչ Արյունաբանականում պառկած հիվանդը:
Ժամկետների մասին փակագծերը կենտրոնի ղեկավարը չբացեց. շինարարությունից առաջ նախագծի վերջին շտկումներն են. ինչպես հիմա, հետո էլ կարևոր է լինելու րոպե առաջ փոխներարկման համար արյունը հիվանդին հասցնելը: