ՊԵՏՔ Է ԿԵՆՏՐՈՆԱՆԱԼ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ԿՈՆԿՐԵՏ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎՐԱ
Ամանորի ոչ աշխատանքային օրերի կրճատումն արդարացված որոշում է՝ Կառավարության նիստի սկզբում հայտարարեց վարչապետ Փաշինյանը՝ շեշտելով՝ առաջիկա տարիներին ավելի շատ պետք է կենտրոնանալ աշխատանքի ու կոնկրետ արդյունքների վրա: Երկրի ղեկավարի գնահատմամբ՝ թեև հանգստյան մնացին միայն դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը, 2-ը, 6-ը, այս կերպ չի նսեմացվում քաղաքացիների հանգստի իրավունքը: Սա քաղաքական որոշում էր՝ հիշեցրեց Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Այս քաղաքականությունը անցողիկ չէ, պետք է սովորենք կյանքի այս ռեժիմին, մտադիր չենք որևէ փոփոխություն անել:
ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ԾԽԱԽՈՏԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՎԱՃԱՌՔՆ ՈՒ ԳՈՎԱԶԴԸ
Այս տարվա առաջին նիստին վարչապետը 2022-ի բարեփոխումներից առանձնացրեց նաև հակածխախոտային օրենքը, որի մի հատվածն ուժի մեջ է մտել հունվարի 1-ից: Մեծ ու փոքր խանութներում, կրպակներում այսուհետ արգելվում է ծխախոտի հրապարակային վաճառքը, գովազդը: Այս փոփոխությունը, առողջապահության նախարարի կարծիքով, ևս մեկ կարևոր քայլ է ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարում: Ավանեսյանը թվերով խոսեց՝ Հայաստանում ծխող է 16 տարեկանից բարձր բնակչության 27,9 տոկոսը, գերակշռող մասը տղամարդիկ են՝ յուրաքանչյուր երկրորդ տղամարդ ծխում է:
Անահիտ Ավանեսյան (ՀՀ առողջապահության նախարար) - Հայաստանում սրտանոթային հիվանդությունների, քաղցկեղի տարածվածությունը հուշում է, որ այս առումով պայքարը հետևողականորեն տանելու ուղղությամբ ամեն ինչ պետք է անել:
Վերահսկողությունը տեսչականները կիրականացնեն: Նախօրոք տնտեսվարողների հետ աշխատել են, իրազեկել, որ ցուցափեղկերը մաքուր լինեն՝ տեղեկացրեց Ավանեսյանը: Կարևորելով կանխարգելիչ գործոնը՝ վարչապետը հանձնարարեց վերահսկողության հարցում խիստ լինել:
ՊՈԼԻԷԹԻԼԵՆԻՑ ՊԵՏՔ Է ՀՐԱԺԱՐՎԵԼ, ՈՐ ԲՆՈՒԹՅԱՆ ԹՇՆԱՄԻՆ ՉԴԱՌՆԱ
Հունվարի 1-ից առևտրի կետերում արգելվել է նաև մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթելիենային տոպրակների վաճառքն ու անվճար տրամադրումը: Փոփոխությունը 2020-ի գարնան էր կատարվել, որ բիզնեսը այս ընթացքում հարմարվի նոր պայմաններին:
Վարչապետի կարծիքով՝ ժամանակի ընթացքում պոլիէթիլենից պետք է առհասարակ հրաժարվել, որ մեկանգամյա օգտագործումից հետո այն բնության թշնամին չդառնա: Օրենքի վերահսկողությունը այս դեպքում ՏԻՄ-երի վրա է դրված:
Նիկոլ Փաշինյան - Մեր մարզպետներն են ներկա, համայնքների ղեկավարների հրավիրեք, պարզաբանեք ու առաջարկեք, որ պաշտաճ վերահսկողություն իրականացվի, որ տեսնենք՝ ավելի շատ կարող ենք պատվիրակել ՏԻՄ-երին:
ՍԱՀՄԱՆՎԵԼ Է ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ
Անցնելով օրակարգին՝ Կառավարությունը սահմանեց ինքնակամ կառույցների հաշվառման կարգը: Առանց թույլտվության կառուցված շենք-շինությունները հաշվառելու համար քաղաքացին պետք է դիմի որակավորման վկայական ունեցող չափագրման մասնագետի, նա էլ կուսումնասիրի, կկազմի փաթեթն ու առցանց կմուտքագրի տվյալները: Կադաստրի կոմիտեի ղեկավարը շեշտեց՝ 2021-ին կառուցված ինքնակամ շինությունների հաշվառման համար երկամսյա ժամկետ է տրվելու:
Ժամկետները կան, իսկ ինչպես են ռիսկերը կառավարվելու, որ այդ ընթացքում անօրինական շինարարության բում չլինի՝ հետաքրքրվեց վարչապետը: Թովմասյանը պարզաբանեց՝ կոմիտեն տեղյակ է մինչև 2021-ը կառուցված բոլոր ինքնակամ շինությունների մասին, օդային լուսանկարահանում է կատարվել, կհամեմատեն, կպարզեն: Խիստ է լինելու նաև վարչարարությունը: Հայտնաբերված ինքնակամ կառույցը ապամոնտաժելու գործը նախ ՏԻՄ-ի վրա է դրված, եթե այդ մարմինը թերանա, կմիջամտի տեսչականը: Տեսչականները, ի դեպ, 2021-ին 468 ինքնակամ կառույց են հայտնաբերել՝ տեղեկացրեց գրասենյակի ղեկավարը:
Արթուր Ասոյան (տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար) - Հաշվառված՝ դեռ չի նշանակում, որ կօրինականացվի. ամենավատ վիճակը Երևանում է:
ԶՊՄԿ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ 15 ՏՈԿՈՍԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ՀԱՆՁՆՎԵԼ Է ԱՆԻՖ-ԻՆ
Մեկ այլ որոշմամբ կառավարությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում իր ունեցած 15 տոկոս բաժնետոմսերը հավատարմագրային կառավարման հանձնեց Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդին: Խոսելով գործարքից՝ վարչապետը նկատեց՝ 2000-ականներից ի վեր պետությունը զրկված էր ռազմավարական ակտիվից, բայց դրա վերականգնումը կասկածելի թվաց շատերին:
Բաժնետոմսերի կառավարման գործառույթները կստանձնի ԱՆԻՖ-ը, Կառավարությունը ներկայացուցիչ կունենա կոմբինատի տնօրենների խորհրդում, շահույթի բաշխման դեպքում էլ ըստ չափի շահաբաժին կստանա, որը կգնա պետբյուջե, կօգտագործվի պետության կարիքների համար՝ հստակեցրեց վարչապետը:
ԻՐԱՎԻՃԱԿԸ ՉՍՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԵՏՔ Է ՊԱՏՎԱՍՏՎԵԼ
Վերջում առողջապահության նախարարը գրիպի տարածմանն անդրադարձավ: Ըստ Ավանեսյանի՝ 595 քաղաքացի այս պահին հոսպիտալացված է, 95 տոկոսը մինչև 18 տարեկան երեխաներն են: Նախարարը հույս ունի՝ H1N3 տարածումը կնվազի դպրոցական արձակուրդների շնորհիվ: Իրավիճակը կայուն է նաև քովիդի հարցում: Պատվաստումները պետք է շարունակել, որ վիճակը կրկին չսրվի, ճգնաժամի չհանգենք՝ նշեց վարչապետը: Նախարարն էլ հավելեց՝ պատվաստման համար տնային այցեր էլ են կազմակերպվում: