«Դիլիջան» ազգային պարկի Դիլիջան տեղամաս մասնաճյուղի ղեկավարն ու 9-րդ պահաբաժնի անտառապահն ազատվել են աշխատանքից: Պատճառը նախորդ տարվա հոկտեմբերին տեղի ունեցած ապօրինի ծառահատման դեպքերն են:
Գոռ Ալոյան (Տավուշի մարզի դատախազ) - 2021 թ. հոկտեմբերի 28-ին «Բնապահպանի տուն» ՀԿ ներկայացուցիչը ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում է տվել, որ նույն թվականի հոկտեմբերի 20-ին անտառապահների խմբով շրջագայության ընթացքում «Դիլիջան» ազգային պարկի «Դիլիջան» տեղամաս մասնաճյուղի տարածքում հայտնաբերել են թաց կանգուն ծառերի ապօրինի հատման փաստ, թվով 4 ծառ, որի վերաբերյալ տեղեկացրել են նույն ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի պետին և տեղամասի պետին, ովքեր չեն կազմել անտառահատման արձանագրություններ:
Բացի դրանից՝ 2021 թ. հոկտեմբերի 27-ին նույն տարածքում հայտնաբերվել է ևս 5 թաց, կանգուն ծառերի ապօրինի հատման փաստ, ինչի մասին տեղեկացրել են նույն պաշտոնատար անձանց, սակայն կրկին որևէ միջոց չի ձեռնարկվել:
Նախաքննությամբ պարզվել է՝ ազգային պարկի պաշտոնատար անձանց՝ ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետևանքով մի դեպքում չեն հայտնաբերվել, մյուս դեպքում էլ պատշաճ չեն արձանագրվել անտառխախտման դեպքերը, և բավարար միջոցներ չեն ձեռնարկվել անտառխախտումը կատարողներին հայտնաբերելու ուղղությամբ:
Արթուր Սարդարյան («Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ պահպանության բաժնի պետ) - Այդ օրերի ընթացքում եղել են ոչ եղանակային բարենպաստ պայմաններ, նախ չեն գտել, դրանից հետո էլ կոորդինատները վերցրել են ու հաշվի են առել, որ դա ազգային պարկի տարածքը չէ, համայնքային տարածք է, դրա համար արձանագրությունը չի կազմվել: Բայց հետո պարզվել է, որ դա ազգային պարկի տարածքն է, անտառխախտման արձանագրությունները կազմվել է: Բնականաբար, անտառապետն էլ, անտառապահն էլ դրա համար պատժվել են: Պատիժն էլ հանդիսացել է աշխատանքից հանելը:
Անտառախախտման յուրաքանչյուր առանձին դեպքում պետությանը պատճառված վնասը չի գերազանցել 1 մլն դրամը, ուստի պաշտոնից ազատված անձանց արարքները քրեաիրավական գնահատականի չեն արժանացել: Ապօրինի ծառահատման քրեական գործն էլ կասեցվել է այլ հիմնավորմամբ:
Գոռ Ալոյան - Բոլոր քննչական և դատավարական գործողություններն իրականացվել են նախաքննության լրիվ բազմակողմանի և օբյեկտիվ քննությունն ապահովելու համար, սակայն հնարավորություն չի ստացվել հանցագործությունը կատարած անձի ինքնությունը բացահայտել:
Հաշվի առնելով ապօրինի ծառահատման կրկնվող դեպքերը, Շրջակա միջավայրի նախարարությունը մշակել է ահազանգերի գրանցման և արխիվացման ընթացակարգ:
Արթուր Սարդարյան - Մենք այդ հանձնարարականն ունենք արդեն, մենք այդ փուլում ենք, մատյանները կազմվում է:
Նոր համակարգն ազգային պարկում նախատեսում են գործարկել այս ամսվա ընթացքում, իսկ հունվարի 1-ից պարկի պահպանության բաժինը սկսել է իրականացնել շուրջօրյա ծառայություն:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան