Ղազախստանի նախագահ Տոկաևն ընդունել է կառավարության հրաժարականը՝ երկրի քաղաքներում բողոքի ցույցերի ֆոնին։ Վարչապետի պաշտոնակատար է նշանակվել առաջին փոխվարչապետ Սմայիլովը, նախարարները կշարունակեն կատարել իրենց պարտականությունները մինչև կառավարության նոր կազմի հաստատումը՝ գրում է rbc.ru-ը։
Ղազախստանի կառավարության հրաժարականին նախորդել են բողոքի զանգվածային ցույցերը։ Հեղուկ գազի գնի թանկացման դեմ կիրակի օրը Ժանաոզենում (քաղաք Արևմտյան Ղազախստանի Մանգիստաու շրջանում) սկսված ցույցերը վերածվեցին բողոքի ցույցերի ամբողջ երկրում։ Բացի գազի գնի իջեցումից՝ մարդիկ ներկայացնում են նաև այլ պահանջներ՝ ժողովրդի բարեկեցության բարելավում, կառավարության հրաժարական, երկրի ամենամեծ քաղաքում՝ Ալմաթիում, սկսվեցին անկարգություններ։
Ղազախստանի ՆԳՆ մամուլի ծառայության տվյալով՝ հասարակական կարգը խախտելու համար ավելի քան 200 մարդ բերման է ենթարկվել, անկարգությունների ժամանակ տուժել է ներքին գործերի մարմինների 95 աշխատակից։
Մեկ այլ տեղեկության համաձայն՝ Ղազախստանի Ակտոբե քաղաքի ոստիկանները ցուցարարներին չեն ճնշել, ձերբակալություններ չեն կատարել: