ԱԻՆ ՓԾ բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման և Քաղաքացիական պաշտպանության վարչություններն ամփոփել են 2021 թվականի ընթացքում կատարված աշխատանքները:
Անցած տարի Արտակարգ իրավիճակների նախարարությունում Բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման արտակարգ իրավիճակների պլանավորման բաժնի կողմից անցկացվել է «Ուժեղ երկրաշարժի դեպքում «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի օդանավակայանների և պետական կառավարման համակարգի մարմինների գործողությունների կազմակերպումը և իրականացումը» թեմայով շտաբային ուսումնավարժություն, որին մասնակցել են պետական կառավարման համակարգի բոլոր շահագրգիռ կառույցները և «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի ներկայացուցիչները։
Սեպտեմբերի 24-28-ը վարչության ՃՔԿԻՄ բաժինը մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների օպերատիվ արձագանքման համատեղ ուժերի կազմում ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված «ԳՌՈՄ-2021» համատեղ զորավարժությանը: Տարերային աղետների բաժինն ուսումնասիրել է հանրապետության տարածքում վտանգավոր քարաթափման տեղամասերը, որոնց արդյունքում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2019թ. նոյեմբերի 12-ի «Քարաթափումների, հեղեղումների կարգավորմանն ուղղված որոշակի պարբերականությամբ մոնիտորինգ անցկացնելու, ըստ անհրաժեշտության, կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու և համապատասխան մեխանիզմներ ներդնելու վերաբերյալ» համապատասխան հրամանով ստեղծված աշխատանքային խմբի քննարկմանն է ներկայացվել քարաթափումների տեղամասերի տեղեկատվությունը և անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումների կազմակերպման ուղղությամբ առաջարկություններ: Համակարգվել են մարզային փրկարարական ստորաբաժանումների ուժերով Գեղարքունիքի, Վայոց ձորի, Լոռու և Սյունիքի մարզերի 22 քարաթափման վտանգավոր տեղամասերում իրականացված հարկադիր քարաթափման աշխատանքները: Ինչպես նաև հսկողություն է սահմանվել գարնանային վարարումներից բնակչությանը հասցվող հնարավոր վնասը նվազեցնելու համար: Հավաքագրվել և վերլուծվել են գետերի հոսքերի տվյալները:
Քիմիական զենքի արգելման կոնվենցիային ՀՀ օրենսդրության համապատասխանեցման հարցում առկա բացերը լրացնելու նպատակով՝ վարչության տեխնածին վթարների բաժնի կողմից մշակվել է 2010 թվականի հուլիսի 8-ի թիվ 861-Ն որոշման նախագիծը, որն արժանացել է կառավարության հաստատմանը։ Տեխնածին վթարների բաժնի կողմից իրականացվել են ՀՀ տարածքում գտնվող քիմիապես վտանգավոր օբյեկտների և հիդրոտեխնիկական կառույցների անվտանգության վկայագրերի փորձաքննության և պոչամբարների ռիսկերի գնահատման աշխատանքներ:
Քաղաքացիական պաշտպանության վարչության պետի զեկույցի համաձայն՝ ԱԻՆ ՓԾ տարածքային ստորաբաժանումների կողմից անցկացվել են՝ 3 հրամանատարաշտաբային, 5 շտաբային, 93 հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, «Ազդարարում, տարահանում, պատսպարում», «Օդային տագնապ ազդանշանի դեպքում կազմավորումների գործողությունները», «Պաշտպանական գործողությունների իրականացումը հակառակորդի հարձակման դեպքում» թեմաներով 715 արտապլանային վարժանքներ, ինչպես նաև մեթոդական օգնություն և մասնակցություն է ցուցաբերվել մարզերի բնակավայրերում անցկացված 33 շտաբային ուսումնավարժություններին: