Տնտեսական աճ, հարկեր ու վարկեր, աշխատատեղեր: Պետական մարմիններն ու տնտեսագետները ամփոփում են տարին: Հայաստանի տնտեսությունը 2021 թվականին մեծ մասամբ վերականգնվել է 2020-ի շոկերից: Նախորդ տարվա 7.5 տոկոս անկման փոխարեն այս տարվա 11 ամսում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 5.2 տոկոսով: Տնտեսական աճը տարեսկզբին ակնկալվում էր 3.2 տոկոս, տարվա առաջին եռամսյակը, ըստ էության, ավելի վատատեսական էր ընթանում:
Երկրորդ եռամսյակում նախորդ տարվա լոքդաունի համեմատ էական աճ արձանագրելով՝ Կառավարության, Կենտրոնական բանկի և միջազգային կազմակերպությունների կանխատեսումները հասնում էին 5-6 տոկոսի, երրորդ եռամսյակում, կորոնավիրուսի թվերի աճով պայմանավորված, աճի տեմպը դանդաղեց, և սպասումները դարձան 4.5 տոկոսի շրջանակում, ընթացիկ չորրորդ եռամսյակում, հատկապես նոյեմբերին, մեծ ակտիվություն եղավ, և փաստացի 11 ամսում արձանագրվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի 5.2 տոկոս աճ: Ֆինանսների նախարարությունն իր սպասումներում ամրագրել է 6.5 տոկոս աճ:
Արմեն Քթոյան (տնտեսագետ) - Ըստ էության, առավել լավատեսական սցենարը չհաջողվեց իրագործել, բայց վատատեսականը, որը կարող էր լիներ անկման շարունակման և այլ բացասական երևույթների տեսքով, ֆինանսական, տնտեսական, բյուջետային կայունության կորստի տեսքով՝ այդ սցենարներից ևս հաջողվեց խուսափել:
Սպասումները շատ էին, սակայն մի շարք հանգամանքներ ազդեցին տնտեսական աճի վրա: Տնտեսագետները մի շարք պատճառներ են առանձնացնում՝ տարեսկզբին ներքաղաքական անկայունություն, սահմանային միջադեպեր, տարածաշրջանային ընդհանուր լարված վիճակ:
Հայկազ Ֆանյան (տնտեսագետ) - էդ ամեն ինչը բացասական է անդրադառնում մարդկանց սպասումներին: Նաև հետպատերազմյան փուլում ենք մենք գտնվում, նաև վստահության ճգնաժամի մեջ ենք գտնվում, այս ամենը բացասական է անդրադառնում տնտեսական ակտիվության վրա:
11 ամսվա տվյալով՝ արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 16.6 տոկոսով՝ արտահանումը՝ 19.4, ներմուծումը՝ 15.1 տոկոսով, շինարարությունը՝ 6.9, առևտրի շրջանառությունը՝ 7.9, ծառայությունների ծավալը՝ 7.3, արդյունաբերական արտադրանքի ծավալը՝ 2.7 տոկոսով: Սպառողական գնաճը 7.1 տոկոս է, արդյունաբերական արտադրանքինը՝ 9.9: 2 տոկոսով անկում է արձանագրվել էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում:
Արմեն Քթոյան - Դրական կարելի է համարել արտահանման առաջանցիկ աճը ներմուծման համեմատությամբ: Արտահանման աճը կազմել է մոտ 20 տոկոս, և էստեղ պետք է արձանագրել նաև, որ արտահանման կառուցվածքում ուղղությունների առումով որոշակի տեղաշարժեր կան նկատելի:
Գյուղատնտեսության վերաբերյալ տարեկան տվյալներ այս պահին չկան, քանի որ թվերն ամփոփվում են եռամսյակը մեկ. 9 ամսում այն 1.5 տոկոս անկում էր արձանագրել: Մասնագետները այս ոլորտում բարձր աճ էին ակնկալում:
Հայկազ Ֆանյան - Գյուղատնտեսության մասով բավականին բարձր եմ գնահատում էն կառուցվածքային փոփոխությունները քաղաքականության մասով, որ իրականացվում է: Դեռևս տնտեսական արդյունքները գոհացուցիչ չեն, և մասամբ պայմանավորված է էդ ամեն ինչը նրանով, որ երկարաժամկետ խաղ ա, էդ արդյունքները մենք տեսնելու ենք 3 տարի անց, 5 տարի անց:
Աշխատատեղերի մասին: Ըստ ՊԵԿ տվյալների՝ նոյեմբերի դրությամբ շուրջ 654 հազար գրանցված աշխատատեղ կա, ինչը 3.9 տոկոսով շատ է 2019-ի նոյեմբերի և 6.5 տոկոսով՝ 2020-ի նույն ամսվա ցուցանիշից: Միջին հարկման բազան նոյեմբերին 220 հազար դրամ է եղել, ինչը 18.6 տոկոսով ավելի է 2019-ի և շուրջ 10.2 տոկոսով՝ 2020-ի նոյեմբերի ցուցանիշից:
Ներքին առևտրաշրջանառության մասին: Տարվա ընթացքում մինչև դեկտեմբերի 20-ը ներառյալ ՀԴՄ-ներով և հաշվարկային փաստաթղթերով իրականացվել է մոտ 539 մլն գործարք (538 մլն 934144 գործարք), շրջանառության գումարը ավելի քան 7 տրլն 865 մլրդ դրամ է (7 տրլն 867 մլրդ 542 մլն 880223 դրամ): Գործարքների թիվը 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 22.2, իսկ 2020-ի համեմատ՝ 22.7 տոկոսով: Շրջանառության ծավալը ևս մեծ աճ է գրանցել՝ 2019-ի համեմատ 24.9, 2020-ի համեմատ՝ 27.9 տոկոս:
Նոր տնտեսվարողների, ավանդների ու վարկերի մասին: Ըստ ՊԵԿ-ի՝ տարվա ընթացքում գրանցվել է ավելի քան 18.5 հազար (18597) նոր տնտեսվարող, լուծարվել կամ հաշվառումից հանվել են 4312-ը: Ֆինանսական շուկայում էլ հետևյալ պատկերն է՝ հոկտեմբերի տվյալով՝ բանկերը մոտ 3 տրլն 900 մլրդ (3 տրլն 895 մլրդ 859 մլն) դրամ ավանդ են ներգրավել, իսկ բանկերը և վարկային կազմակերպությունները՝ մոտ 4 տրլն 220 մլրդ (4 տրլն 218 մլրդ 487 մլն) վարկ են տրամադրել:
Արմեն Քթոյան - 2021 թվականը խորհրդանշական էր այն առումով, որ ցույց տվեց, որ արագ լուծումներ մեր դեպքում կիրառելի չեն, չեն կարող աշխատել, արագ լուծման դրսևորումներից մեկն էլ կամ ակնկալիքներից մեկն էլ երկնիշ տնտեսական աճի ակնկալիքն էր, որը որ, ըստ էության, արդեն իրականություն չի դառնում:
Բյուջե, պետական պարտք, արտոնություն՝ բիզնեսին: Դեկտեմբերի 27-ի դրությամբ՝ բյուջեի հարկային եկամուտները և պետական տուրքերը 1 տրլն 580 մլրդ դրամ են: Տարեկան ցուցանիշը՝ ավելի քան 1.5 տրլն (1 տրլն 571.5 մլրդ) դրամ է, այսինքն՝ այն արդեն գերակատարվել է կես տոկոսով: Պետական բյուջեի ծախսային մասը հունվար-նոյեմբերի տվյալով կատարվել է 85.6 տոկոսով: Պետական պարտքը հունվար-նոյեմբերին մոտ 9 մլրդ 160 մլն (9 մլրդ 159.3 մլն դոլար) է: Տարվա ընթացքում Կառավարությունը շուրջ 25 ընկերության մաքսատուրքից ազատման արտոնություն է տրամադրել:
Հայկազ Ֆանյան - Ընդհանուր առմամբ, տնտեսության կատարողականը ես բավարար չեմ գնահատում ոչ միայն այն պատճառով, որ մենք չարձանագրեցինք երկնիշ տնտեսական աճ, ինչ մեր հարևան Վրաստանն է հավակնում արձանագրելու, այլ զուտ էն պատճառով, որ Հայաստանի տնտեսական աճի կատարողականը շատ ավելի բարձր կարող էր լինել, քան առկա է:
Առաջիկա տարիների համար Կառավարությունը թիրախավորել է նվազագույնը 7 տոկոս տնտեսական աճ, 2022-ի բյուջեն ևս իր ծավալով աննախադեպ է համարվում:
Արմեն Քթոյան - Գլխավոր խնդիրը պետք է դառնա այդ չօգտագործվող ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը միտված երկարաժամկետ ռազմավարությունների օգտագործումը՝ նորից հիմնվելով նորարարության վրա:
Հայկազ Ֆանյան - Չեմ համարում, որ իրատեսական չի, բայց մեծ ջանքեր են պահանջվելու, որպեսզի 7 տոկոս տնտեսական աճ ապահովվի:
Դեկտեմբերը, մասնագետների համոզմամբ, իր ակտիվությամբ կարող է դեռ բարելավել տարեկան ցուցանիշը. թվերն ավելի հստակ՝ արդեն հաջորդ ամիս:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան