Հայկական քայլերը՝ Մարսի վրա: 50 տարի առաջ` դեկտեմբերին, Ալեքսանդր Քեմուրջյանի ստեղծած՝ աշխարհում առաջին մարսագնացը վայրէջք կատարեց Կարմիր մոլորակի մակերեսին: Մութ Տիեզերքին մոտ լինելու համար Քեմուրջյանը հեղինակել էր նաև Լուսնի վրա վայրէջք կատարած առաջին լուսնագնացները: Բոլոր աշխատանքներն արվում էին գաղտնի, ու քչերը գիտեին, որ գլուխգործոցների հեղինակը հենց Քեմուրջյանն էր:
Տարին ավատվում է՝ լինելով կրկնակի հոբելյանական՝ տիեզերագիտության հայկական նվաճումներով: 1971-ին Մարսի վրա առաջին վայրէջքից բացի, 2021-ին լրացավ նաև աշխարհում առաջին լուսնագնացներ և մարսագնացներ ստեղծողի՝ Ալեքսանդր Քեմուրջյանի 100-ամյակը: Մեծ գիտնականի անունը բացահայտվեց միայն Խորհրդային Միության փլուզումից հետո: NASA-ն Քեմուրջյանին հրավիրեց Միացյալ Նահանգներ: Հայազգի գիտնականը դարձավ նաև ամերիկյան մարսագնացներ ստեղծողը:
Տիեզերքը դարձնել չափելի, անհայտ երևույթները՝ կանխատեսելի: Նպատակի իրագործման համար Կառավարության որոշմամբ մեկնարկել է մինչև 200 մլն դրամ դրամաշնորհային ծրագիր՝ Հայաստանում տիեզերական սարքաշինության և ռոբոտաշինության ոլորտների զարգացման համար: Նորաստեղծ, անցումային և կայացած ընկերություններին ծրագիրը կօգնի գնահատելու առկա ներուժն ու աջակցել իրագործելու գաղափարները: Ծրագիրն իրականացնող ԲՏԱ նախարարությունը տիեզերական տվյալագիտությունը համարում է կարևոր քայլ միջազգային համագործակցության հարթակներում՝ փաստելով՝ Հայաստանում ընկերություններ կան, որոնց թիրախային ուղղությունը հենց Տիեզերքն է:
Հայկ Ասլանյան (ՀՀ ԲՏԱ նախարարի խորհրդական) - Բավականին հայեր ունենք արդեն, նույնիսկ ամենախոշորին, որ թվում էր, թե կայացած ընկերություններ չկան, բայց 50 մլն դրամաշնորհի համար բավականին դիմումներ ունենք:
50 մլն կտրամադրվի կայացած, մինչև 20 մլն՝ անցումային բաղադրիչով և մինչև 5 մլն՝ սկսնակ ընկերություններին: Հայկ Ասլանյանի դիտարկմամբ՝ Տիեզերքը ընդգրկուն բնագավառ է և պետք է հասկանալ՝ որոնք են Հայաստանի հնարավորությունները: Ծրագրավորման ուղղությունում Հայաստանը առաջամարտիկներից է:
Հայկ Ասլանյան - Միանվագ տրամադրում ենք գումար, հաջողության հասնելով՝ մենք կշարունակենք այս դրամաշնորհները, և նոր ընկերություններ կներգրավենք, նոր գրանտներ կտանք:
Տիեզերքից ստացվող տվյալների մշակման, նոր երևույթների բացահայտման ճանապարհին վերջին 50 տարում Հայաստանը բազմաթիվ հոդվածներ է հրապարակել միջազգային առաջատար բարձր գործակցով ամսագրերում: Տեսական աստղաֆիզիկայի հիմնադիրներից Վիկտոր Համբարձումյանը Տիեզերքը տեսանելի դարձրեց՝ աստղերի և միգամածություններից մինչև միջուկային ֆիզիկա:
Վիկտոր Համբարձումյան (աստղաֆիզիկոս, Հայաստանի ազգային հերոս) - Չմնանք այս տեղում, այլ առաջ գնանք, այդ տեսակետից մեր խնդիրները շատ են:
Հետո արդեն մեկ այլ թռիչք՝ Պարիս Հերունու ռադիոօպտիկական դիտակը՝ առաջինը և բնույթով միակն ամբողջ աշխարհում: 54 մետր տրամագծով մեծ երկհայելի ալեհավաք՝ համադրված 2.6 մետր տրամագծով օպտիկական դիտակով: Գիտական հսկան հնարավորություն է տալիս զննել Տիեզերքը երկու տիրույթներում՝ օպտիկայի և ռադիոալիքների: Գիտական կայանի առաջնային խնդիրը դիտակի ապակոնսերվացումն է: Տևական դադարից հետո այս ամիս մեկնարկեց ռադիոօպտիկական սարքի փորձարկումը՝ գրանցելու են տիեզերքից եկող ինֆորմացիայի 48-ժամյա ձայնագրություն: Կառավարության որոշումն էր՝ գիտական հսկան պետք է գործարկել: Էկոնոմիկայի նախարարությունը սպասում է կենտրոնի ռազմավարական ծրագրին, կավելանան նաև ֆինանսական միջոցները:
Արևիկ Սարգսյան (տեխնիկական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր) -
Իհարկե առաջնային խնդիրը ռադիոդիտակի ապակոնսերվացումն է, պետք է կարողանանք շարժել ռադիոդիտակի ճոճանակը, որը կրում է փոքր հայելին, այն անշարժ է:
Շոշափելի և կիրառական արդյունքի համար կարևոր նախապայման են տեսական հետազոտությունները: Ինֆորմացիաների մեկտեղման համար Հայաստանում ստեղծվում է հայկական աստղաֆիզիկական տվյալների բազա: Նախնական տարբերակը պատրաստ է, տվյալները հասանելի կլինեն գիտնականներին: Գործող դիտակներն ամեն օր մեծ քանակությամբ տվյալներ են գրանցում, խնդիր է առաջանում՝ ինչպես մշակել և որտեղ պահել: Աստղաֆիզիկական տվյալների բազան տարածաշրջանում լինելու է առաջինը:
Նարեկ Սահակյան (ՀՀ ԳԱԱ «ԻԿՐԱՆԵՏ Հայաստան» միջազգային կենտրոնի տնօրեն) - Յուրաքանչյուր դիտակ, որի տվյալները մենք կարող ենք, օգտագործելու ենք, դրանք արբանյակային կայանների վրա կամ Երկրի մակերևույթի վրա տեղադրված դիտակներով գրանցված տվյալներ են: Մենք այս պահին չունենք հնարավորություն նման դիտակներ ունենալու, բայց ունենք հնարավորություն այդ դիտակների տվյալները վերլուծենք:
Միայն այս տարի Կառավարության դրամաշնորհներով, պետություն-մասնավոր հատված գործակցությամբ իրականացվել է շուրջ մեկ տասնյակ մասշտաբային ծրագիր՝ նվիրված տիեզերագիտությանը: Հայաստանը միացել էր ՆԱՍԱ-ի հայտարարած միջազգային տիեզերական հավելվածների մրցույթին: Հետո արդեն Քեմուրջյանի անվան տիեզերքի մրցույթ՝ հաղթող թիմն իր ստեղծած սարքը կուղարկի տիեզերք: Իսկ տիեզերական ճամբարը մեկ հարկի տակ էր համախմբել միջազգային օլիմպիադաների դափնեկիրներին: Տրամադրվեց նաև առաջին լիցենզիան՝ տիեզերական գործունեություն իրականացնելու համար: Նպատակն է տիեզերական գործունեության ոլորտում զարգացնել տնտեսությունը, ամրապնդել անվտանգությունը: «Գեոկոսմոսը» ազատվել է ԱԱՀ-ից:
Հայկ Ասլանյան - Արդեն կան հետաքրքրված այլ ընկերություններ, որոնց նույնպես անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը տրամադրել ենք, որպեսզի սկսենք լիցենզավորման պրոցեսը:
Ոլորտը կարգավորող մասնագետները միակարծիք են՝ եթե ոչ այսօր, ապա մոտ ապագայում Տիեզերքից ստացված տվյալները կզարգացնեն Հայաստանի տնտեսությունը արագ տեմպերով: Տիեզերական սարքաշինությունն այն ոլորտներից է, որտեղ մարդկային փոքր ռեսուրսներով հնարավոր է հաջողության հասնել և նորից թռիչք կատարել դեպի Տիեզերք: