ՎՐԱՍՏԱՆԸ ՉԻ ՄԱՍՆԱԿՑԻ «3+3» ՁԵՎԱՉԱՓՈՎ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ
Վրաստանը չի մասնակցի «3+3» տարածաշրջանային խորհրդատվական ձևաչափով երկրորդ հանդիպմանը, հայտարարել է Անկարայում Վրաստանի դեսպան Գիորգի Ջանջգավան։ «3+3» ձևաչափով առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2021 թվականի դեկտեմբերի 10-ին՝ Մոսկվայում: Այդ հանդիպմանը Վրաստանը նույնպես չէր մասնակցել:
Անցյալ շաբաթ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հույս էր հայտնել, որ Վրաստանը կմասնակցի պլատֆորմի երկրորդ նիստին, որը նախատեսված է Թուրքիայում:
ՀՈՒՆՎԱՐԻ 12-ԻՆ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՌՈՒՍԱՍՏԱՆ-ՆԱՏՕ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ
Հունվարի 12-ին տեղի կունենա Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստը՝ հայտնել են Հյուսիսատլանտյան դաշինքից։ «ՌԴ-ի հետ երկխոսությունը պետք է իրականացվի փոխադարձության հիմքով և համապատասխանի Եվրոպայի անվտանգության հիմնարար սկզբունքներին»,- նշված է կազմակերպության հայտարարության մեջ:
Հանդիպման օրակարգի մասին տեղեկություններ դեռևս չկան։ Ավելի վաղ Ռուսաստանը հայտարարել էր, որ մտադիր է ՆԱՏՕ-ի հետ քննարկել Եվրոպայի անվտանգության ոլորտում իր նախաձեռնությունները, որոնց համաձայն ԱՄՆ-ը պետք է Եվրոպայից դուրս բերի իր միջուկային զենքը, իսկ ՆԱՏՕ-ն հրաժարվի Ռուսաստանի Դաշնության սահմանների մոտ ռազմական ուժեր տեղակայելուց և Ուկրաինային ու Վրաստանին դաշինքում ներգրավելուց։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը բազմիցս հայտարարել էր, որ Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստի ընթացքում անհրաժեշտ է քննարկել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը։
Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստից առաջ՝ հունվարի 7-ին, տեսակապի միջոցով տեղի կունենա ՆԱՏՕ-ի անդամ երկրների ԱԳ նախարարների արտահերթ նիստը։
ՊԵԿԻՆ-ԱՆԿԱՐԱ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՎԵԼԻ ԿՍՐՎԵՆ. THE DIPLOMAT
Պեկինի և Անկարայի հարաբերություններում ամենաբարդ և դժվար հաղթահարելի հարցն ույղուրական խնդիրն է: Այդ մասին նշված է The Diplomat պարբերականի անդրադարձում: Նշվում է, որ Թուրքիան զերծ չի մնում ույղուրների շրջանում ազգայնական տրամադրություններ հրահրելուց, ինչն անընդունելի է Չինաստանի համար:
Չնայած Անկարայի՝ Չինաստանի վերաբերյալ կտրուկ գնահատականներին, Պեկինը զսպվածություն էր ցուցաբերում Թուրքիայի համար զգայուն հարցերում: Սակայն այժմ Չինաստանը փոխել է իր մոտեցումը: Պեկինն Անկարային մեղադրում է Սիրիայում մարդու իրավունքների խախտման, Իրաքում օդային գործողությունների և քրդական բնակչության իրավունքների խախտման համար: Պարբերականը կանխատեսել է, որ մոտ ապագայում Թուրքիայի և Չինաստանի միջև հարաբերություններն ավելի կսրվեն:
ԲՈՐԵԼԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԸ ԿԻԵՎ
Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հունվարի 4-6-ը աշխատանքային այցով լինելու է Կիևում, հայտնել են ԵՄ արտաքին քաղաքական ծառայությունից։
Այցի ընթացքում Բորելն Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբայի հետ կայցելի նաև Դոնբասի շփման գիծ, ինչից հետո բանակցություններ կվարի Ուկրաինայի կառավարության ներկայացուցիչների հետ։ Սա 2022 թվականին Բորելի առաջին օտարերկրյա այցն է։
ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՆՈՐ ՏԵՍԱԿ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ
Մարսելում ինֆեկցիոն հիվանդությունների ինստիտուտի մասնագետները կորոնավիրուսի նոր տարատեսակ են հայտնաբերել։ Հետազոտությունների համաձայն՝ Ֆրանսիայի հարավ-արևելքում 12 անձի թեստավորումից հետո «անսովոր մուտացիա» է գրանցվել:
Առաջին անգամ այս նոր տարատեսակը հայտնաբերվել է 2021 թվականի նոյեմբերին Կամերունից վերադարձած տղամարդու մոտ։ Վիրուսային գենոմի ուսումնասիրության արդյունքում բացահայտվել է 46 մուտացիա։ Ներկայում Ֆրանսիայում գերիշխում է «Օմիկրոն» շտամը։