Վիեննայում Իրանի միջուկային գործարքի շուրջ ընթացող բանակցությունների չորրորդ օրը Թեհրանի գլխավոր բանակցող Ալի Բաղերին երկկողմ և բազմակողմ հանդիպումներ է ունեցել քննարկումների մասնակից եվրոպական երեք երկրների՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի պատվիրակությունների ղեկավարների, ինչպես նաև ԵՄ արտաքին քաղաքական ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Էնրիկե Մորայի հետ: Դրան զուգահեռ՝ շարունակվել են Իրանի և հինգ երկրների փորձագիտական խմբերի նիստերը: Այդ մասին հայտնում է Pars Today-ը:
Նշվում է, որ իրանական կողմը բանակցությունները վարում է պատժամիջոցների վերացման հարցի շեշտադրմամբ:
Ըստ Իսլամական Հանրապետության՝ նախորդ փուլի համեմատ բանակցություններին մասնակցող երկրների միջև տարաձայնությունները թուլացել են, իսկ քննարկումներն ավելի հարթ են ընթանում: Ալի Բաղերին դրական է գնահատել բանակցային գործընթացը:
Վիեննայում միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը հայտարարել է, որ ԱՄՆ-ի պատվիրակության հետ հանդիպումը «հնգյակի» ներկայացուցիչները ևս դրական են գնահատել:
Իրանի պատվիրակությունը բանակցությունների այս փուլում ներկայացրել է երկու նոր նախագիծ՝ պատժամիջոցների արդյունավետ չեղարկման և Իրանի միջուկային պարտավորությունների վերաբերյալ։ Իրանական կողմի խոսքով՝ ԳՀՀԾ-ի գծով պարտավորությունների կատարումը կախված է Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկումից։