ՀՀ Կառավարությունը հունվարի 4-ին որոշում է ընդունել Արարատի մարզի Վեդի համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու և ավագանու արտահերթ ընտրություններ նշանակելու մասին:
««Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 128-րդ, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 69-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության Կառավարությունը որոշում է.
1. Վաղաժամկետ դադարեցնել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի ավագանու լիազորությունները:
2. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքում նշանակել ավագանու արտահերթ ընտրություններ՝ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված՝ տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների անցկացման կարգով:
3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում նշանակել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի ավագանու ընտրության անցկացման օրը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»,- ասված է որոշման մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք՝ Վեդիում կանցկացվեն նոր ընտրություններ:
Հիշեցնենք, որ Վեդիում ընտրությունների արդյունքներով երեք ուժ էր անցել, սակայն որևէ մեկը չէր ստացել բավարար ձայներ՝ միայնակ իշխանություն ձևավորելու համար: