Երկու պատի հաստությունը 90 միկրոն է, թաղանթի հաստությունը՝ 40, բարակ է, օգտագործվում է շատ կարճ ժամանակ, նետվում, որ քայքայվի 4-500 տարի, հիմնականում սրանք են լինելու արգելվողները: Արգելքն ուղղված է մեզ բոլորիս շատ հայտնի էս տոպրակներին:
Արգելքը մտավ ուժի մեջ։ Խանութում թե շուկայում նման պոլիէթիլենային՝ մինչև 50 միկրոն հաստությամբ տոպրակի նույնիսկ անվճար տրամադրելը այս տարվանից արդեն չի թույլատրվում։ Բացառություն են միայն ապրանքի կշռաչափման, օրինակ՝ բրինձ կամ կարտոֆիլ լցնելու համար նախատեսված փոքրիկ, առանց պոչիկների տոպրակները։ Հացը և շատ այլ մթերքներ նույնպես շարունակելու են տոպրակում վաճառվել։ Բայց բակի փոքրիկ կրպակից մինչև ցանցային խոշոր սուպերմարկետ այլևս իրավունք չունեն գնորդին ճանապարհելիս առածը մեջը տեղավորելու նպատակով ցելոֆան առաջարկել։
Գարիկ Ավագյան (սուպերմարկետի տնօրեն) - Եթե պետք ա տենց լինի, տենց պիտի լինի:
Բիզնեսը 2 տարի ժամանակ ուներ բնապահպանական այս քայլին հարմարվելու համար։ Ի տարբերություն հագուստ, աքսեսուար վաճառողների, նաև որոշ, այսպես ասած՝ կանաչ սուպերմարկետների, որ ավելի վաղ էին անցել թղթե տոպրակի, խանութների մի մասը մինչև վերջին պահը հույս ուներ՝ քովիդի պատճառով շրջակա միջավայրի նախարարությունը կհետաձգի հարցը։ Ո՛չ, վճռական են այստեղ․ պետք է, չէ՞, մի օր սկսել պայքարը պոլիէթիլենի դեմ։
Արթուր Ղավալյան (ՀՀ ՇՄՆ ռազմավարական քաղաքականության վարչության պետի տեղակալ) - Փոփոխություն չի նախատեսվում, քանի որ դա առաջին քայլն է մաքուր շրջակա միջավայրի ճանապարհին:
Անտառներն ու գետերն աղտոտող 15 դրամանոց ցելոֆանի արգելքի ֆոնին տեքստիլի բիզնեսն արագ կողմնորոշվել ու սպառողին առաջարկում է դրանից, ճիշտ է՝ թանկ, բայց բազմակի օգտագործման, ամենատարբեր չափսերի ու ձևի կտորի տոպրակներ։ Այս ընթացքում նույնիսկ եռման ջրում լուծվող կենսաբանական տոպրակ արտադրելու գաղափար ծնվեց։ Ի վերջո, կա նաև թղթի տարբերակը․ բնակչության որ մասն ինչպես գնումները տուն կհասցնի՝ ամեն մեկն իր լուծումն ունի:
Սպառողը, ի դեպ, կարող է նախկինի պես խանութից վերցնել տոպրակը և չտուգանվել։ Պատիժն այս օրենքով նախատեսված է միմիայն արգելված այդ ապրանքը վաճառողի համար, խանութի կամ եթե գյուղացին է խնձորն այդպիսի տոպրակում վաճառում՝ շուկայի տնօրինության։ Փողոցում վաճառքների հարցը օրենքը չի կարգավորում, դա այսպես թե այնպես ապօրինի է։ Տուգանքի չափ է սահմանվել 20-30 հազար դրամը։
Արթուր Ղավալյան - Էն կարծիքը, որ կարելի է տարվա մեջ 30 հազար վճարել և խախտումը շարունակել, էս դեպքում չի աշխատելու, ամեն խախտման համար վարույթ է բացվելու, առանձին տուգանք լինի:
Առևտրի կենտրոնները ստուգող-տուգանողն այս դեպքում լինելու են քաղաքապետարան-գյուղապետարանների առևտրի բաժինների տեսուչները միկրոմետրով արվող չափումների հիման վրա՝ արգելվող ու չարգելվող տոպրակների խրձից հատ-հատ ցույց է տալիս Արթուր Ղավալյանը։
Արթուր Ղավալյան - Սրանք դեռ շարունակելու են կիրառվել, քանի որ կշռափաթեթավորման համար այլընտրանքներ դեռ չունենք: էս տոպրակը արտաքինից նման է մեր բոլորիս կողմից օգտագործվող տոպրակներին, բայց քանի որ երկրորդային հումքից է պատրաստված, մեր քաղաքացիները կարող են այն օգտագործել և՛ գնումների, և՛ կենցաղային աղբի համար:
Տոպրակների կարգավորումը հունի մեջ ընկնի՝ բնապահպանները հաջորդ քայլով մտադիր են արգելել տարիներով չքայքայվող պլաստիկից մեկանգամյա օգտագործման բաժակ-ափսեների օգտագործումը։