Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում մասնակցել է Հայաստանի մաքսային ծառայության 30-ամյակին նվիրված միջոցառմանը:
Վարչապետը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է.
«Հարգելի պարոն Բադասյան,
կառավարության հարգելի անդամներ,
հարգելի տիկին մարզպետ,
Մաքսային ծառայության հարգելի աշխատողներ,
շնորհավորում եմ ձեզ և բոլորիս Մաքսային ծառայության 30-ամյակի կապակցությամբ: Սա շատ լավ առիթ է, որպեսզի ամփոփենք 30-ամյա գործունեությունը և Մաքսային ծառայության վերափոխման ռազմավարական նոր էջ բացենք: Իհարկե, մեր պետության կայացման ճանապարհին պետական ինստիտուտները, նաև հարկային ֆիսկալ մարմիների դերը շատ էական է, որովհետև Մաքսային ծառայությունը պետության կարևորագույն ատրիբուտներից մեկն է: Եվ այս ընթացքում, իհարկե, զարգացման բավականին երկար և բարդ ճանապարհ է անցել:
Ես, սակայն, կուզեի, որ շարունակենք վերջին տարիներին սկսած՝ պետական ծառայողի ընդհանրապես և, մասնավորապես, մաքսային ծառայողի, հարկային ծառայողի և մարմինների կերպարի փոփոխության գործընթացը: Եվ հանրային առումով էլ այս կոմունիկացիան պետք է ճիշտ մատուցվի, որովհետև մաքսային ծառայողն այն մարդը չէ, ով, ենթադրենք, մի քանի տոպրակ ապրանք բերող խեղճ քաղաքացուց փորձում է դրամ վերցնել, այլ մաքսային ծառայողն այն մարդն է, ով պետական գործառույթ է իրականացնում: Մաքսային ծառայության իմիջի փոփոխության և, ընդհանրապես, ընկալման փոփոխության մասին խոսելիս մենք պետք է խոսենք նաև քաղաքացիների ընկալման փոփոխության մասին, որովհետև շատ դեպքերում այդ ընկալումը չկա, որ այն ամենը, ինչ մեզ շրջապատում է, և այն իրականությունը, որ մենք այսօր ունենք, ի վերջո սկսվում է քաղաքացու՝ պետության նկատմամբ ունեցած պարտավորությունների կատարումից: Այսինքն՝ ինչո՞ւ են քաղաքացիները հարկեր, մաքսավճարներ, տուրքեր վճարում, որովհետև մենք բոլորս պայմանավորվել ենք, որ պետք է ունենանք պետություն, այդ պետությունը պետք է գործի հետևյալ կանոններով, և այդ կանոնների շրջանակներում մենք պետք է կատարենք վճարումներ, որով պետք է լուծենք և բավարարենք այն կարիքները, որ ունենք:
Ընդհանուր առմամբ, հույս ունեմ, որ նաև տարածաշրջանային փոփոխությունների և զարգացումների բերումով Հայաստանի Հանրապետությունը տարանցիկ շատ ավելի մեծ նոր պոտենցիալ ձեռք կբերի, և այս առումով էլ Մաքսային ծառայության ընթացակարգերի գործառույթների բարելավումը շատ էական է, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը տարանցիկ գրավիչ երկիր լինի: Եվ սրա համար ոչ միայն ճանապարհները, կոմունիկացիաներն են կարևոր, այլև այն ծառայությունները, որ մատուցվում են, մասնավորապես՝ Մաքսային ծառայության կողմից:
Հարգելի ներկաներ, կրկին անգամ ուզում եմ շնորհավորել բոլորիս Մաքսային ծառայության այս նշանակալի հոբելյանի առիթով: Ցանկանում եմ բոլոր ծառայողներին շնորհակալություն հայտնել Մաքսային ծառայության կայացման գործում ներդրման համար և հաջողություններ մաղթել բոլորիս՝ պետական ինստիտուտների հետագա կայացման գործում հաջողակ լինելու իմաստով, այդ թվում՝ Մաքսային ծառաության վերափոխման իմաստով, որ Մաքսային ծառայության իմիջը գնալով ավելի ու ավելի լավը դառնա: Ի վերջո, թեկուզև չհասնենք, այնուամենայնիվ, մենք պետք է ձգտենք կատարելության»:
Այնուհետև տեղի է ունեցել Մաքսային ծառայության աշխատակիցների պարգևատրման արարողությունը:
ՀՀ մաքսային համակարգի ստեղծման 30-ամյակի կապակցությամբ մաքսային համակարգի զարգացման գործում ներդրված ավանդի համար ՀՀ վարչապետի հուշամեդալով են պարգևատրվել ՊԵԿ մաքսային հսկողության վարչության, մաքսային վարչարարության և մաքսային գործի զարգացման բաժնի պետ Լիլիթ Ավետիսյանը, ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետի տեղակալ Ռաֆայել Գրիգորյանը, «Մասշտաբ» ՍՊԸ-ի գլխավոր փորձագետ Միքայել Փաշայանը: ՀՀ մաքսային համակարգի ստեղծման 30-ամյակի կապակցությամբ, երկարամյա բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար ՀՀ վարչապետի շնորհակալագրով են խրախուսվել ՊԵԿ հետբացթողումային հսկողության վարչության պետ Գոհար Սահակյանը, ՊԵԿ ներքին անվտանգության վարչության պետի տեղակալ Գուրգեն Դավթյանը, ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության տեղեկատվության փոխանակման և կառավարման բաժնի պետ Արսեն Ղարիբյանը:
Միջոցառման ընթացքում վարչապետին ներկայացվել է Հայաստանի մաքսային համակարգի ստեղծման, կայացման և զարգացման գործընթացը: Նշվել է, որ արդիականացվել են Բագրատաշեն, Գոգավան և Բավրա անցման կետերը: Գյումրի քաղաքում կառուցվել է Հյուսիսային արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոն: Կենտրոնում իրականացվում է մարդատար ավտոմեքենաների մաքսային ձևակերպումների գործընթացը՝ ամբողջովին արդիականացված հնարավորություններով ու նոր աշխատաոճով: Գործընթացն իրականացվել է ՀՀ վարչապետի՝ ավտոմեքենաների մաքսային ձևակերպման գործառույթը Գյումրի տեղափոխելու վերաբերյալ հանձնարարության հիման վրա։ Արդիականացման իր հերթին է սպասում նաև երկրի հարավային սահմանը՝ Մեղրիի սահմանային անցակետը։
Մանրամասն անդրադարձ է կատարվել նաև Մաքսային ծառայության տեսլականին, որի հիմքում տնտեսվարողներին նորարարական տեխնոլոգիաների կիրառմամբ նոր որակի ծառայությունների մատուցումն է: