Առնվազն 7 մլն դոլար Հայաստանում, ավելի քան 70 մլն էլ Արցախում, այսքան ներդրում է կատարել «Հայաստան» համահայկական հիմնադրամը 2021 թվականի ընթացքում: Գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը տարին աշխատանքային առումով ծանրաբեռնված, սակայն արդյունավետ է համարում:
Հայկակ Արշամյան, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն - Մեր ծրագրերի հիմնական մասը, հենց կապված 44-օրյա պատերազմի հետևանքների վերացման հետ, ուղղորդվեցին Արցախ և Արցախում, ընդհանուր առմամբ, 70-75 մլն դոլարի այս պահին արդեն ծրագրեր ենք իրականացնում: Միևնույն ժամանակ, նաև անցած տարի հենց պատերազմի ժամանակ և անմիջապես պատերազմից հետո նույնպես հսկայածավալ օգնություն ենք ցուցաբերել Արցախի մեր հայրենակիցներին:
Հիմնադրամի ֆինանսավորմամբ՝ Արցախում կառուցվում է 51 կմ ճանապարհ: Նվիրաբերվել է նաև 10 ավտոբուս, որը կսպասարկի տարբեր միջհամայնքային երթուղիներ:
Հայկ Խանումյան, Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար - Շուտափույթ լուծման առումով կարևորը Մարտակերտի նոր ճանապարհի կառուցումն է, որն արդեն «Հայաստան» համահայկական հիմնադրամի ջանքերով սկսվել է: Գյուղական մի քանի կարևոր ուղղություններ են, ինչպես, օրինակ՝ Պատարայի ուղղությունը, որը նույնպես «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով է իրականանում:
Ներդրված գումարի մեծ մասը՝ 28 մլրդ դրամն էլ ուղղվել է բնակարանաշինությանը:
Արամ Սարգսյան, Արցախի քաղաքաշինության նախարար - Մեզ հաջողվել է 7-8 ամսվա ընթացքում շահագործման հանձնել արդեն իսկ մոտ 300 բնակարան, որոնցից արդեն առաջին շահառուներն ստացան իրենց բնակարանները: Նաև կահավորման աշխատանքներ ենք իրականացրել՝ նույնպես համահայկական հիմնադրամի միջոցներով և մասնակի՝ Արցախի Հանրապետության կառավարության միջոցներով:
Հայաստանում հիմնադրամի ծրագրերն ուղղված են սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների լուծմանը: Առաջնահերթություններից մեկը շարունակում է մնալ Գյումրիում բնակարանաշինությունը:
Վարդգես Սամսոնյան, Գյումրիի քաղաքապետ - Տարիների ընթացքում անընդհատ օգնել են, անօթևանության խնդիրը թեթևացրել են: 2021 թվականին համայնքապետարանի կողմից տրամադրվել է 5800 քմ հողատարածք, որի արդյունքում կառուցվել է 40 բնակարան և 50 երեխայի համար նախատեսված մանկապարտեզ:
Բնակելի երկու շենքի կառուցման որոշում էլ կա 2022-ի համար:
Հայկակ Արշամյան - Կառուցվելիք երկու շենքերում, որոնք ամբողջովին արդեն հարմարեցված կլինեն հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին, նաև բնակարաններ կտրամադրվեն պատերազմի ընթացքում հաշմանդամություն ստացած մեր զինծառայողներին, ինչպես նաև զոհվածների ընտանիքներին, որոնք ունեն բնակարանի կարիք:
Հիմնադրամի հաջորդ կանգառը Տավուշն է: Այստեղ 2021 թվականին մեկնարկել է ոռոգման և խմելու ջրի երեք մեծ ծրագիր:
Հայկակ Արշամյան - Հիմնականում ոռոգման մասին է խոսքը, չնայած Պառավաքարում հենց խմելու ջրի ծրագիր ենք իրականացնում: Մյուսը Բաղանիս գյուղն է, որը լուրջ ջրի խնդիր ուներ, որովհետև աղբյուրն ամբողջովին ցամաքել էր և մյուսը՝ Բերքաբերն է: Այստեղ կառավարությունը սուբվենցիա տրամադրեց համայնքին, հիմնադրամն էլ համայնքի կողմից հանդես եկավ որպես համաֆինանսավորող: Այս ռազմավարական նշանակության համայնքը շուտով կապահովվի ոռոգման ջրով, և հնարավորություն կտրվի մոտ 120 հա հող ոռոգել:
140 հա-ի ոռոգման ծրագիր է իրականացվում նաև Ներքին Կարմիրաղբյուրում:
Հայաստանի հարավային մարզում Համահայկական հիմնադրամը մոտ 300 մլն դրամի ծրագրեր է իրականացնում: Հայկակ Արշամյանը նշում է՝ առաջիկա տարիներին կենտրոնանալու են սահմանային համայնքների կենսունակության զարգացման վրա:
Հայկակ Արշամյան - Տեղ, Կոռնիձոր, Վաղատուր, Ճակատեն և Դավիթ Բեկ գյուղերում դպրոցների կամ հիմնանորոգում ենք իրականացնում, կամ վերանորոգում, որովհետև շատ տխուր է այնտեղ վիճակն, ու այս համայնքները գտնվում են հենց սահմանի վրա:
Մեկ այլ ծրագրով՝ ջրատաքացուցիչներ կտեղադրվեն, որոնք կթեթևացնեն բնակիչների սոցիալ-տնտեսական բեռը:
Հայկակ Արշամյան - Այդ ջրատաքացուցիչները հնարավորություն կտան ուղղակի անվճար տաք ջուր ունենալ ամբողջ տարվա ընթացքում: Այդ ծրագրերը հիմա ընթացքի մեջ են, չորս բնակավայրերում ենք գործ անում՝ Արավուս, Շուռնուխ, Խոզնավար և Դավիթ Բեկ:
Այս ծրագրերը հիմնադրամի աշխատանքի միայն մի մասն են: Դրանք իրականացվում են աշխարհի տարբեր երկրներում բնակվող նվիրատուների ֆինանսական աջակցությամբ: 2021-ին ամենամյա դրամահավաք են իրականացրել Ֆրանսիայի և ԱՄՆ-ի տեղական մարմինները: Նվիրատվության վերջնական արդյունքը կամփոփվի 2022-ին:
Հայկակ Արշամյան - 12 մլն 300 հազար դոլարի խոստում է տրվել, և հուսանք, որ այդ խոստումները ոչ միայն ամբողջովին կկատարվեն, այյլև ավելի կավելանան գումարները, որովհետև մարդիկ շարունակում են նվիրատվություններ կատարել մինչև հաջորդ տարվա փետրվար:
Ամփոփելով 2021 թվականը՝ Հայկակ Արշամյանը խոսում է ապագայի մասին, ընդգծում՝ ճիշտ աշխատելու դեպքում կունենանք ոչ միայն զարգացող Արցախ, այլև սահմանային բազմաթիվ բնակավայրեր՝ Տավուշից մինչև Սյունիք:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան