Պետք է Մաքսային ծառայության վերափոխման ռազմավարական նոր էջ բացվի՝ նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա Գյումրիում մասնակցել է Հայաստանի մաքսային ծառայության 30-ամյակին նվիրված միջոցառմանը: Փաշինյանը շնորհավորել է մաքսայինի աշխատողներին և նշել, որ մաքսային ծառայությունը պետության կարևորագույն ատրիբուտներից մեկն է:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Կուզեի, որ շարունակենք վերջին տարիներին սկսած՝ պետական ծառայողի ընդհանրապես և, մասնավորապես, մաքսային ծառայողի, հարկային ծառայողի և մարմինների կերպարի փոփոխության գործընթացը: Եվ հանրային առումով էլ այս կոմունիկացիան պետք է ճիշտ մատուցվի, որովհետև մաքսային ծառայողն այն մարդը չէ, ով, ենթադրենք, մի քանի տոպրակ ապրանք բերող խեղճ քաղաքացուց փորձում է դրամ վերցնել, այլ մաքսային ծառայողն այն մարդն է, ով պետական գործառույթ է իրականացնում: Մաքսային ծառայության իմիջի փոփոխության և, ընդհանրապես, ընկալման փոփոխության մասին խոսելիս մենք պետք է խոսենք նաև քաղաքացիների ընկալման փոփոխության մասին, որովհետև շատ դեպքերում այդ ընկալումը չկա, որ այն ամենը, ինչ մեզ շրջապատում է, և այն իրականությունը, որ մենք այսօր ունենք, ի վերջո, սկսվում է քաղաքացու՝ պետության նկատմամբ ունեցած պարտավորությունների կատարումից:
Վարչապետը խոսել է նաև տարածաշրջանային փոփոխությունների մասին, ընդգծել Հայաստանը տարանցիկ երկիր դառնալու մեծ պոտենցիալն ու այս հարցում կարևորել Մաքսային ծառայության դերը:
Նիկոլ Փաշինյան - Ընդհանուր առմամբ, հույս ունեմ, որ նաև տարածաշրջանային փոփոխությունների և զարգացումների բերումով Հայաստանի Հանրապետությունը տարանցիկ շատ ավելի մեծ նոր պոտենցիալ ձեռք կբերի, և այս առումով էլ Մաքսային ծառայության ընթացակարգերի գործառույթների բարելավումը շատ էական է, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը տարանցիկ գրավիչ երկիր լինի: Եվ սրա համար ոչ միայն ճանապարհները, կոմունիկացիաներն են կարևոր, այլև այն ծառայությունները, որ մատուցվում են, մասնավորապես, Մաքսային ծառայության կողմից:
Միջոցառման ընթացքում Մաքսային ծառայության մի խումբ աշխատակիցներ արժանացել են վարչապետի հուշամեդալի և շնորհակալագրերի:
Վարչապետին ներկայացվել է Հայաստանի մաքսային համակարգի ստեղծման, կայացման և զարգացման գործընթացը: Դրա շրջանակում արդիականացվել են Բագրատաշեն, Գոգավան և Բավրա անցակետերը: Գյումրիում կառուցվել է Հյուսիսային արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոն: Արդիականացման իր հերթին է սպասում նաև երկրի հարավային սահմանը՝ Մեղրիի սահմանային անցակետը։ Մանրամասն անդրադարձ է կատարվել նաև Մաքսային ծառայության տեսլականին, որի հիմքում տնտեսվարողներին նորարարական տեխնոլոգիաների կիրառմամբ նոր որակի ծառայությունների մատուցումն է:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան