Հունվարի լույս 2-ի գիշերը՝ ժամը 2.40-ի սահմաններում, մի քաղաքացի ահազանգել էր ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ու հայտնել, որ Չեխովի և Բագրատունյաց փողոցների խաչմերուկում վճարային տերմինալ են կոտրում: Ահազանգը փոխանցվել է տարածքում գիշերային շրջիկ ծառայություն կատարող պարեկներին։ Կարգախումբը արագ է արձագանքել ու ահազանգողի նշած վայրում բռնել վճարային տերմինալն ու դրա դիմաց տեղադրված սրճեփ սարքը վնասած անձին։ Պարեկները նրան, գողության փորձ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղ պարզվել է ինքնությունը. Երևանի Չեխովի փողոցի բնակիչ էր, 28 տարեկան։
Երիտասարդից բացատրություն է վերցվել։
Նախնական տվյալներով՝ նա վճարային տերմինալի դրամապահոցը փորձել էր բացել տեխնիկական միջոցներով։
Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։