ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում հունվարի 1-4-ն ընկած ժամանակահատվածում ստացվել է ընդհանուր 265 զանգ, որից 97-ը ճանաչողական բնույթի:
Նոր տարվա առաջին չորս օրվա ընթացքում գրանցվել է հրդեհի 4 դեպք, որից 3-ը աղբանոցներում, 1-ը՝ չոր խոտածածկ տարածքում: Հրշեջ փրկարարներն արձագանքել են բոլոր կանչերին, մարել կրակը:
Նշված ժամանակահատվածում կենցաղային բնույթի 5 կանչ է գրանցվել: Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը կատարել է դռան 2 և վերելակի մեկ բացում, առողջական խնդիր ունեցող 4 քաղաքացու տեղափոխում:
Ասկերանի շրջանի Սարդարաշեն գյուղի տարածքում փրկարարներն իրականացրել են ավտոմեքենայի քարշակում:
Զինամթերք հայտնաբերելու վերաբերյալ քաղաքացիների կողմից գրանցվել է 2 ահազանգ: Ստեփանակերտ-Շոշ հատվածում հայտնաբերվել է 1 նռնակ՝ առանց պայթուցիչի, իսկ Ստեփանակերտ քաղաքի Վ. Բարեպաշտ փողոցում՝ գնդիկաբեկորային մեկ ավիառումբ: Սակրավորական խմբերն արագ վերացրել են վտանգը և ռազմամթերքը տեղափոխել անվտանգ տարածք:
ԱԻ պետական ծառայության բոլոր ստորաբաժանումներն աշխատում են 24-ժամյա ուժեղացված ռեժիմով: