Թուրքմենստանի և Աֆղանստանի սահմանին փոխհրաձգության մասին լրատվամիջոցներում տարածվող տեղեկատվությունը արժանահավատ չէ՝ ասված է Քաբուլում Թուրքմենստանի դեսպանատան հայտարարության մեջ, փոխանցում է ТАСС-ը:
Դիվանագիտական ներկայացուցչությունում ընդգծել են, որ Աշխաբադը բարիդրացիական հարաբերություններ է պահպանում Քաբուլի հետ՝ իր չեզոքության կարգավիճակին համապատասխան: «Թուրքմենա-աֆղանական սահմանը բարեկամության սահման է։ Կանոնավոր կերպով համաձայնեցված գործողություններ են իրականացվում աֆղանական կողմի հետ՝ թուրքմենա-աֆղանական սահմանին խաղաղության պահպանման ուղղությամբ»,- ընդգծել են դեսպանատնից։
Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկատվություն էր տարածվել, թե Թուրքմենստանի և Աֆղանստանի սահմանին հունվարի 3-ին թուրքմեն սահմանապահների և «Թալիբան» շարժման զինյալների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել: