Արջերը ձորը բարձրացել, օհանավանցիների տներն են հասել: Գյուղում երկու օր է՝ գիշերները խաղաղ չեն լուսանում: Վերջին անգամ դեկտեմբերի 23-ին Գևորգյաններն են գյուղի անսպասելի հյուրերին դիմավորել ու հաջորդ այցի համար անակնկալ պատրաստել:
Սասուն Գևորգյան - Առավոտն էլ որոշեցի, որ տռոս դնեմ, մեր անվտանգությունս ապահովեմ, վախից երեխեքս էլ չեն կարում քնեն: Տռոսը դրել էի դեկտեմբերի 31-ին՝ 7:30-ի սահմաններում: Տանն էլ չէի, հարևաններից զանգեցին, բա՝ արի, ձեն ա գալի: Էկա տեսա, ընկել ա տռոս, զանգեցինք 911:
Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարները մինչև հասել են, գորշ արջին փրկել չեն հասցրել: Քոթոթը փորձել է ազատվել թակարդից, սակայն խեղդվել ու սատկել է։ Օհանավանում արջեր տեսնելիս էլ չեն զարմանում: Խնդիրը բարձրաձայնել են, բայց ոչ մի արդյունք:
Սասուն Գևորգյան - Մայրին, երկու քոթոթներին տեսել եմ ես, ոչ թե մենակ ես, ամբողջ հարևանությունը, որովհետև մի երեք-չորս տուն վերև մի հարևանի տուն մտել էր, ինչ կար-չկար, կերել էր՝ թռչուններ, կենդանիներին, էս հարևանի գոմի պատուհանները ջարդել էր:
Գորշ արջը գրանցված է Հայաստանի կարմիր գրքում և Բնության պահպանության միջազգային միության կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «խոցելի»: Օհանավանցիների համար իրենց անվտանգությունն ավելի կարևոր է: Ասում են՝ վերջին դեպքից շատ են վախեցել:
Անիկ Ոսկանյան - Էլի կանենք: Եթե մի բան չձեռնարկեն, մենք կանենք: Հա, էտի ինքնապաշտպանություն ա, իմ հողատարածքն ա դուրս եկել, իմ հայաթն ա դուրս եկել, ձորի մեջ չի դուրս եկել, որ ձորի մեջ ձեռք տամ էդ անասունին:
Խոզ ա կերել, հավ ա կերել, մտել ա գոմերը: Ավիրել ա, ծառ ու ճյուղ ա ջարդել փշրել լրիվ, վախենում ենք արդեն, տղա ջան, էլ չենք կար դիմանանք: Էլ ո՞նց անենք:
Վայրի կենդանիների՝ գյուղում հայտնվելու դեպքերը շրջակա միջավայրի նախարարության ուշադրության կենտրոնում են: Ըստ գերատեսչության մամուլի պատասխանատուի՝ նախորդ երկու տարում խնդրի վերաբերյալ մարզպետարանի, որսորդմիության, միջազգային կառույցների և գիտնականների մասնակցությամբ քննարկումներ են կազմակերպվել: ԳԱԱ-ն ուսումնասիրում է կենդանիների վարքագիծը և հաշվառում է իրականացնում, այդ տվյալների հիման վրա կփորձեն հստակ լուծում տալ խնդրին: Նախատեսում են փոխհատուցման համակարգ ևս ներդնել:
Մինչ այդ, անդրադառնալով վերջին դեպքին՝ նախարարությունից հիշեցնում են՝ Կարմիր գրքում գրանցված գորշ արջ սպանելու համար նախատեսված է պատասխանատվություն Քրեական օրենսգրքով: Տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 400-600-պատիկի չափով կամ կալանք՝ 2-3 ամիս ժամկետով՝ 1-5 միլիոն դրամ վնասի վերականգնմամբ։
Իսկ կոնկրետ Օհանավանում տեղի ունեցած դեպքով Սասուն Գևորգյանը կենթարկվի՞ պատասխանատվության, թե՞ ոչ՝ ցույց կտա քննությունը, ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում: