Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հունվարի 4-6-ը կայցելի Կիև, որպեսզի հաստատի ԵՄ աջակցությունն Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը: Այդ մասին հայտնել են ԵՄ արտաքին քաղաքական ծառայությունից։
Այցի ընթացքում Բորելն Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբայի հետ կայցելի նաև Դոնբասի շփման գիծ։
Ավելի վաղ ռուս-ուկրաինական սահմանին լարվածության հարցը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը քննարկել էր Թուրքիայի, ինչպես նաև Բուխարեստի խմբի (Լատվիա, Լիտվա, Էստոնիա, Բուլղարիա, Չեխիա, Սլովակիա, Հունգարիա, Լեհաստան, Ռումինիա) երկրների իր գործընկերների հետ:
Իսկ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույց էր ունեցել դեկտեմբերի 30-ին, որից հետո՝ նաև Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ: ԱՄՆ ներկայացուցիչների հետ Ռուսաստանի բանակցությունները տեղի կունենան հունվարի 9-10-ը՝ Ժնևում, ՆԱՏՕ-ի հետ՝ հունվարի 12-ին Բրյուսելում, ԵԱՀԿ-ի հետ՝ հունվարի 13-ին Վիեննայում: