ԲԼԻՆՔԵՆԸ ԵՎ ՉԱՎՈՒՇՕՂԼՈՒՆ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑ ԵՆ ՈՒՆԵՑԵԼ
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ, հայտնել է պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը:
Կողմերն անդրադարձել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, քննարկել Թուրքիայի կողմից հատուկ բանագնացի նշանակումը: Բլինքենը և Չավուշօղլուն կարևորել են նաև Ռուսաստանի և Ուկրաինայի միջև լարվածության պայմաններում գործողությունների համակարգման շարունակումը։
Քաղաքական գործիչները քննարկել են նաև ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև երկկողմ և ՆԱՏՕ-ի շրջանակում դաշնակցային համագործակցության խորացման հնարավորությունները:
ԹՈՒՐՔԻԱՆ ԵՎ ԱՄՆ-Ը ԿՔՆՆԱՐԿԵՆ F-35 ԿՈՐԾԱՆԻՉՆԵՐԻ ՀԱՐՑԸ
Թուրքիան և ԱՄՆ-ը տարեսկզբին Վաշինգտոնում կայանալիք հանդիպմանը կքննարկեն F-35-ի հարցը, հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։ «Մենք հայտնել ենք մեր դիրքորոշումն ամերիկյան կողմին, սպասում ենք արդյունքների»,- հայտարարել է նա։
Ավելի վաղ ԱՄՆ-ը պաշտոնական ծանուցում էր ուղարկել Թուրքիային՝ F-35 կործանիչների մատակարարման ծրագրից դուրս մնալու մասին։ ԱՄՆ-ը չեղյալ է հայտարարել 2007 թ. հունվարին Թուրքիայի ստորագրած F-35-ի համատեղ հուշագիրը։ Էրդողանն իր հերթին հայտարարել էր, որ ԱՄՆ-ն Թուրքիային F-35-ի մատակարարման ծրագրից դուրս մնալուց հետո առաջարկել է F-16 կործանիչներ գնել։
ԻՐԱՆԻ ԴԵՄ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԸ ՉԵՂԱՐԿԵԼՈՒ ԿՈՉ ԱՐԵՎՄՈՒՏՔԻՆ
Հունվարի 3-ին Վիեննայում մեկնարկած Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի վերականգնմանն ուղղված բանակցություններում Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի դիրքորոշումներն ավելի իրատեսական են դարձել։ Այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն։ Նա կոչ է արել Արևմուտքին չեղարկել Իրանի դեմ պատժամիջոցները:
«Դեռ վաղ է ասել՝ արդյոք ԱՄՆ-ը և եվրոպական երեք տերությունները կազմե՞լ են պատժամիջոցները չեղարկելու ճանապարհային քարտեզ, բայց մենք նկատում ենք, որ նախկին դիրքորոշումները մեղմանում են»,- նշել է Խաթիբզադեն։
Նրա խոսքով՝ բանակցություններում Արևմուտքի ներկայացուցիչները հասկացել են, որ չեն կարող Թեհրանին ներկայացնել այնպիսի պահանջներ, որոնք դուրս են 2015 թվականին կնքված Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի տրամաբանությունից։
ԻՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԿԱՅՑԵԼԻ ՄՈՍԿՎԱ
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով կայցելի Մոսկվա։ Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այցը նախատեսված է հունվարի 19-ին։ Ակնկալվում է, որ կողմերը կքննարկեն Թեհրանի և Մոսկվայի միջև տնտեսական, քաղաքական և մշակութային գործակցության հեռանկարները։
Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին էլ նշել է, որ Ռայիսիի՝ Մոսկվա այցը շրջադարձային կետ կդառնա երկրների պատմական հարաբերություններում և համագործակցության ճանապարհային քարտեզի հիմք կդառնա։