ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը շնորհավորել է մաքսային ծառայողներին՝ մասնագիտական տոնի առթիվ:
«Հայաստանի մաքսային ծառայության ստեղծման 30-ամյա հոբելյանը լավ առիթ է խոսելու անցնող տարիների համակարգի ձեռքբերումներից և քննարկելու առկա մարտահրավերները: Մաքսային համակարգը զարգացող օրգանիզմ է, որը շարունակաբար հղկվել և կատարելագործվել է, արդիականացվել են ենթակառուցվածքները, պարզեցվել է վարչարարությունը, հետևողականորեն բարձրացվել է քաղաքացիներին և տնտեսվարողներին մատուցվող ծառայությունների որակը:
Զարգացման ճանապարհին մաքսային վարչարարության մի շարք գործընթացներ տեղափոխվել և շարունակաբար տեղափոխվելու են էլեկտրոնային հարթակներ՝ էապես դյուրացնելով պետություն-գործարար շփումները, առավելագույն հարմարավետություն ապահովելով նրանց ամենօրյա գործունեության համար, ինչպես նաև` պայքարելով կոռուպցիայի դեմ և նպաստելով մատուցվող ծառայությունների թափանցիկության բարձրացմանը:
Միաժամանակ, միջազգային գործընկերների հետ հաստատվել է կառուցողական և արդյունավետ երկխոսություն: Կարևոր է արձանագրել, որ հատկապես վերջին տարիներին համակարգի բարեփոխումներն իրականացվում են միջազգային գործընկերների ակտիվ ներգրավմամբ` աշխարհի լավագույն փորձի ուսումնասիրմամբ և ներդրմամբ, ինչպես նաև՝ խոշոր ենթակառուցվածքային ծրագրերի իրականացմամբ: Սակայն համակարգը չպետք է սահմանափակվի առկա ձեռքբերումներով:
Առաջիկա տարիները բեկումնային են լինելու մեր երկրում նոր որակի մաքսային ծառայություն ունենալու տեսանկյունից: Այդ նպատակին է ծառայելու նոր չափանիշներին համապատասխանող մաքսային ծառայողների ընդունելության համակարգը: Խորհրդանշական է, որ կադրային լայնամասշտաբ բարեփոխումները համընկնելու են մաքսային ծառայության ստեղծման 30-ամյակին:
Նոր տարում անհրաժեշտ է ընդգծված ուշադրություն դարձնել մաքսային վարչարարության բարելավմանը, սահմանահատման գործընթացի սահուն կազմակերպմանը և սպասարկման որակի շեշտակի բարձրացմանը՝ միաժամանակ կարևորելով իրավախախտումների դեմ պայքարը:
Հարգելի՛ մաքսային ծառայողներ,
Ձեր ամենօրյա աշխատանքով դուք իրականացնում եք չափազանց կարևոր առաքելություն՝ ապահովելով Հայաստանի տնտեսական սահմանների անվտանգությունը: Մասնագիտական բարձր որակներ ունեցող և պատասխանատու մաքսային ծառայողների ամենօրյա սրտացավ աշխատանքով կերտվելու է համակարգի գալիք տարիների պատմությունը: Համոզված եմ, որ այն լինելու է ձեռքբերումներով հագեցած:
Կրկին շնորհավորելով մասնագիտական օրվա առթիվ՝ մաղթում եմ նորանոր հաջողություններ և անսպառ եռանդ՝ ի նպաստ մեր պետության առաջընթացի»,- ասված է Ռուստամ Բադասյանի ուղերձում: