Հայաստանում կորոնավիրուսի դեմ առկա պատվաստանյութերը համալրվել են ևս մեկով՝ մեր երկրում արտադրված «Սպուտնիկ Լայթով»: Նախատեսված է միայն երրորդ՝ խթանիչ դեղաչափով պատվաստումների համար, եթե անձը նախորդ երկու դեղաչափն ստացել է «Սպուտնիկ Վի»: Իսկ թե ինչո՞ւ, պարզաբանում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրեն Գայանե Սահակյանը:
Գայանե Սահակյան, ՀՀ առողջապահության նախարարության ՀՎԿԱԿ գլխավոր տնօրենի տեղակալ - Որպեսզի այս հարցին պատասխանեմ, առաջին հերթին հասկանանք՝ «Սպուտնիկ Լայթն» իր բաղադրությամբ ինչ է ներկայացնում. դա նույն «Սպուտնիկ Վի» պատվաստանյութի առաջին բաղադրիչն է, այսինքն՝ «Սպուտնիկ Վի» պատվաստանյութը երկու բաղադրիչով է կիրառվում, առաջին և երկրորդ դեղաչափը՝ 21 օր ինտերվալով:
Այսօր Հայաստանն ապահովված է «Սպուտնիկ Վիի» և՛ առաջին, և՛ երկրորդ բաղադրիչով, այդ պատճառով էլ «Սպուտնիկ Լայթի» առկա քանականությունը կօգտագործվի որպես խթանիչ դեղաչափ՝ մանրամասնում են նախարարությունից:
Գայանե Սահակյան - Սա շատ տրամաբանական է, որովհետև եթե «Սպուտնիկ Վի» պատվաստանյութի առաջին բաղադրիչը նաև կարող ենք օգտագործել որպես խթանիչ, այս դեպքում՝ երկրորդ բաղադրիչը կմնա, և երկու կոմպոնենտների ամբողջական սխեման կխախտվի:
«Սպուտնիկ Լայթը», որպես խթանիչ դեղաչափ, խորհուրդ է տրվում ստանալ լիարժեք պատվաստումից վեց ամիս հետո: Հայաստանն առայժմ ձեռք է բերել «Սպուտնիկ Լայթի» 25 հազար դեղաչափ: Որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով ամբողջական պատվաստում ստացածների թիվը:
Հեղինակ՝ Աննա Զախարյան