Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետութան նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ:
Իրանի նախագահի կայքն անդրադարձել է տեղի ունեցած հեռախոսազրույցին:
Ընդգծելով Իրանի և Հայաստանի միջև առևտրի և տնտեսական փոխգործակցության մակարդակի բարձրացման կարևորությունը՝ պարոն Ռայիսին հայտարարել է. «Թեհրանի և Երևանի միջև համագործակցության և տնտեսական փոխգործակցության մակարդակի բարձրացումը բոլոր կողմերի շահերի ապահովման դեպքում, անկասկած, կնպաստի անվտանգության ապահովմանը»:
Երկուշաբթի օրը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հեռախոսազրույցում Այաթոլլա Սեյեդ Էբրահիմ Ռայիսին շնորհավորել է Սուրբ Ծննդյան և Նոր տարվա մեկնարկի կապակցությամբ և հույս է հայտնել, որ Հիսուս Քրիստոսի լույսի ներքո աշխարհը լի կլինի խաղաղությամբ, առաջընթացով և արդարությամբ: Պարոն Ռայիսին առաջարկել է պահպանել մշտական կապը և երկխոսությունը երկու երկրների միջև տարբեր մակարդակներում և ասել է. «Կովկասյան տարածաշրջանում իրավիճակի զգայնությունը պահանջում է, որ տարածաշրջանի երկրները պարբերաբար քննարկեն տարածաշրջանային և երկկողմ հարցեր»:
Իրանի նախագահը նշել է. «Իրանի Իսլամական Հանրապետության առանցքային ռազմավարություններից մեկը երկրների տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանն աջակցելն է։ Այդ կապակցությամբ Թեհրանը աջակցություն է հայտնում Հայաստանի ինքնիշխանությանը՝ այդ երկրի ամբողջ տարածքի և դրանով անցնող բոլոր ճանապարհների նկատմամբ»։
Ընդգծելով Իրանի պատրաստակամությունը՝ ընդլայնել առևտրային գործունեությունը Հայաստանում՝ պարոն Ռայիսին ասել է. «Երկու երկրների միջև տնտեսական փոխգործակցության մակարդակը ցածր է առկա հնարավորություններից, և անհրաժեշտ է, որ Տնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողովն ավելի ակտիվ գործի և լուրջ քայլեր ձեռնարկի՝ երկու երկրների շահերի ապահովման համար»:
Հայտնելով, որ Թեհրանը ողջունում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև բանակցային գործընթացում առաջընթացը, նախագահն ասել է. «Մենք հույս ունենք, որ երկու երկրների միջև մյուս՝ հարցերը կլուծվեն խաղաղ ճանապարհով՝ միջազգային սկզբունքների և իրավունքի շրջանակներում, և ականատես կլինենք տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության»: «Մենք աջակցում ենք ճանապարհային խոչընդոտների վերացմանը»,- ասել է նա:
Հեռախոսազրույցի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է բանակցային գործընթացի և Կովկասյան տարածաշրջանում առկա իրավիճակի մասին: Հայաստանի վարչապետը նաև ընդգծել է երկրի լուրջ մտադրությունը Իրանի հետ հարաբերությունների համակողմանի զարգացման գործում և ասել. «Մենք վճռական ենք՝ ընդլայնելու տնտեսական հարաբերություններն ու գործակցությունը Իրանի հետ բոլոր ոլորտներում և ավելի ակտիվ դարձնել Տնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողովը»:
Գոհունակություն հայտնելով Հայաստանում իրանական ընկերությունների գործունեության կապակցությամբ՝ Նիկոլ Փաշինյանն ասել է. «Հայաստանում կան բազմաթիվ նախագծեր իրանական ընկերությունների գործունեության համար, և մենք ողջունում ենք ավելի շատ ընկերությունների ներկայությունը ենթակառուցվածքային նախագծերի իրականացման գործում»:
Նա նաև կարևորել է տարածաշրջանային համագործակցությունը երկու երկրների միջև և ասել. «Մենք վստահ ենք, որ բարձրացնելով համագործակցության մակարդակը և երկկողմ համակարգումը՝ մենք կարող ենք կարևոր քայլեր ձեռնարկել տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատման համար»:
ՀՀ վարչապետն անդրադարձել է նաև Իրանում քրիստոնյաների ներկայությանն ու խաղաղ կյանքին և ասել. «Իրանի հայ համայնքն ապրում է իր մահմեդական եղբայրների՝ իրանցիների հետ առանց որևէ սահմանափակման՝ պահպանելով իր կրոնական ինքնությունը»: