Պեկինը կշարունակի աշխատել իր միջուկային սպառազինության արդիականացման ուղղությամբ՝ ազգային անվտանգության պահանջներին համապատասխան: Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Չինաստանի ԱԳՆ սպառազինությունների վերահսկման վարչության տնօրեն Ֆու Ցունը:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, թե Չինաստանը զգալիորեն մեծացնում է իր միջուկային ներուժը, չեն համապատասխանում իրականությանը:
Միևնույն ժամանակ Ցունը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը պարտավոր են կրճատել իրենց միջուկային զինանոցները։ «Մոսկվային ու Վաշինգտոնին նախկինի պես պատկանում է մոլորակի միջուկային մարտագլխիկների 90%-ը: Նրանք պետք է մեկընդմիշտ իրավաբանորեն պարտադիր կերպով կրճատեն իրենց միջուկային զինանոցները»,- ասել է Ֆու Ցունը:
Նրա խոսքով՝ Պեկինը հաստատակամ է միջուկային զենքի հետագա տարածումը կանխելու անհրաժեշտության հարցում։
Հունվարի 3-ին հինգ միջուկային տերությունները և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամները՝ Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Չինաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան, համատեղ հայտարարություն են ընդունել, որով ընդգծել են, որ իրենց առաջնահերթ պատասխանատվությունն են համարում «միջուկային զենք ունեցող պետությունների միջև պատերազմների կանխումը և ռազմավարական ռիսկերի նվազեցումը»: