Պեկինի և Անկարայի հարաբերություններում ամենաբարդ և դժվար հաղթահարելի հարցը ույղուրական խնդիրն է: Այն երկու երկրների միջև բազմիցս դարձել է քաղաքական լարվածության պատճառ: Այդ մասին նշված է Չինաստանի և Թուրքիայի միջև լարվածության վերաբերյալ The Diplomat-ի անդրադարձում:
Նշվում է, որ Չինաստանի համար ույղուրների շրջանում անջատողականության ցանկացած դրսևորում չափազանց զգայուն է ընկալվում, մինչդեռ Թուրքիան զերծ չի մնում այնտեղ ազգայնական տրամադրություններ հրահրելուց: Թուրքիան և Չինաստանը 1990-2000-ականներին նույնիսկ խզել էին դիվանագիտական հարաբերությունները՝ ույղուրական խնդրի պատճառով:
Չնայած դրան՝ 2010-2020 թթ. երկրների հարաբերություններում կրկին ջերմացում նկատվեց: Երբ 2016 թ. Թուրքիայում տեղի ունեցավ հեղաշրջման փորձ, իսկ ԱՄՆ-ը սկսեց աջակցել քրդերին, Թուրքիան սկսեց զարգացնել համագործակցությունը Չինաստանի և Ռուսաստանի հետ: Բացի այդ, Թուրքիան Չինաստանի կարևոր գործընկերն է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի իրականացման գործում:
Չնայած նրան, որ Անկարան բազմիցս հանդես է եկել Չինաստանի վերաբերյալ կտրուկ գնահատականներով, հատկապես՝ ույղուրների հետ կապված հարցերում Պեկինը զսպվածություն էր ցուցաբերում Թուրքիայի համար զգայուն հարցերում: Սակայն այժմ Չինաստանը փոխել է իր մոտեցումը: Պատճառն այն է, որ Թուրքիան Չինաստանին քննադատելու արշավ է սկսել:
Մասնավորապես՝ 2021 թ. հոկտեմբերի 22-ին 43 երկրներ, այդ թվում՝ Թուրքիան, Չինաստանին կոչ արեցին «ապահովել օրենքի գերակայության լիակատար հարգումը» Սինծյանում ույղուրական համայնքի նկատմամբ: Թուրքիան առաջին անգամ աջակցեց նման կոչի։
Այնուհետև, նոյեմբերի 12-ին, Ստամբուլում թյուրքական խորհուրդը անվանափոխվեց Թյուրքական պետությունների կազմակերպության։ Չինաստանում, որտեղ ապրում է մոտ 10 մլն ույղուր, դա քաղաքական լարվածություն առաջացրեց: Պեկինին անհանգստացրեց, հատկապես, կազմակերպության ստեղծման ամսաթիվը։ Բանն այն է, որ Արևելյան Թուրքիստանի առաջին հանրապետությունը, որն ընդգրկում էր նաև այսօրվա Սինծյան-Ույղուրական Ինքնավար Մարզի մի մասը, հիմնադրվել է 1933 թ. նոյեմբերի 12-ին, իսկ երկրորդը՝ 1944 թ. նոյեմբերի 12-ին:
Այս և այլ՝ ավելի փոքր միջադեպեր ստիպեցին Չինաստանին Թուրքիայի դեմ միջոցներ ձեռնարկել: Պեկինը սկսեց Անկարային մեղադրել Սիրիայում մարդու իրավունքների խախտման համար, քննադատել Իրաքում Թուրքիայի օդային գործողությունները՝ պահանջելով Թուրքիայից հարգել Իրաքի ինքնիշխանությունը և, իհարկե, անդրադառնալ Թուրքիայում քրդական բնակչության նկատմամբ մարդու իրավունքների խախտումներին: Այսպիսով, Պեկինն Անկարային հասկացնում է, որ եթե Թուրքիան շարունակի քննադատել Չինաստանին ույղուրական հարցի հետ կապված, ապա Չինաստանը միջազգային օրակարգ կբերի Թուրքիայի գործողություններն Իրաքում և Սիրիայում։
The Diplomat-ը կանխատեսել է, որ մոտ ապագայում Թուրքիայի և Չինաստանի միջև հարաբերություններն ավելի կսրվեն: