Ամանորի լավագույն շնորհավորանքը՝ լուսանկարի տեսքով. հունվարի 1-ին ծնված եռյակն է, երեքն էլ առողջ են:
Դավիթ Աբովյան, «Էրեբունի» ԲԿ մանկաբարձ-գինեկոլոգ - Այս տարվա առաջին ծնունդն էր, երեխաները ծնվել են մոտավորապես գիշերվա 1-ին: 2 տղա, 1 աղջիկ են՝ 2.90, 1.680, 1, 970 գրամ քաշերով, առանց թթվածին, մաման կերակրում է:
Առողջ փոքրիկներ ու մայրիկ. թիմային աշխատանքի արդյունքն է, շուտով միասին դուրս կգրվեն՝ ասում է բժիշկը: Թե այս տարի արդեն քանի նորածնի առաջին ճիչ է առաջինը լսել, չի հաշվել, իսկ նախորդ տարի 731 երեխա է իր օգնությամբ լույս աշխարհ եկել:
Դավիթ Աբովյան - Նախորդ տարի մեզ մոտ 5300 ծնունդ է գրանցվել, դա, կարելի է, ասել ռեկորդ է:
2020-ի համեմատ 200-ով ավելի է այդ թիվը: Վերջին տարիներին ամեն հաջորդ տարի ավելի շատ ծնուդներ են լինում: 2022-ին է՛լ ավելին են ակնկալում, հիմա էլ բաժանմունքում բալիկների ծնվելուն սպասող հղիները շատ են:
Դավիթ Աբովյան - Հիմա սպասում ենք եռյակի՝ 32-շաբաթական հղիություն է, ունենք զույգեր, երեկ մեզ մոտ ծնվեց զույգ երեխա:
Հայաստանում 2021-ի առաջին կիսամյակում, 2020-ի համեմատ, շուրջ 9 տոկոս ծնելիության աճ է գրանցվել, ինչը, ըստ վիճակագրության, նախորդ տարիների համեմատ բացառիկ երևույթ է: 2021-ի ամփոփիչ տվյալները դեռ պատրաստ չեն, բայց ըստ վիճակագրական կոմիտեի՝ հունվարից հոկտեմբեր ամիսների կտրվածքով ևս աճը պահպանվել է նախորդ տարիների համեմատ՝ 2021թ.՝ 30 282, 2021-ին՝ 30 147, իսկ 2019-ին ծնվել է 29 910 երեխա:
Վերջին տարիներին մեր երկրում երրորդ երեխաների ծննդյան վիճակագրությունը ցածր չէ՝ մոտ է նույնիսկ 1990-ի բարձր տվյալին: Օրինակ՝ 2020-ին ընտանիքների 22.3 տոկոսում ծնվել է երրորդ երեխան։ Ընթացիկ տարում ծնելիության աճի ակնկալիքն ավելի մեծ է. հունվարի 1-ից արդեն գործում է կառավարության նոր որոշումը, ըստ որի երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան դեպքում ծնողները կստանան ամսական 50 000 դրամ` մինչև երեխայի 6 տարեկանը։
Ծնունդների թվով տարվա մեկնարկը խոստումնալից է: Դեկտեմբերի 31-ից հունվարի 3-ը հանրապետությունում առաջին ճիչով իր բարևն ասել է 140 նորածին:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան