Խոհանոցային իրարանցումը Ամանորի սեղանի համար չէ, այլ՝ ամենօրյա նախաճաշ-ճաշ-ընթրիքի։ Կերակրում են գաստրոնոմիական տարբեր ճաշակի ու ախորժակի տեր մարդկանց՝ վստահեցնում են մայրաքաղաքային այս բուֆետում։
Որ տան եփած ճաշը նախընտրող հայերն էլ կսկսեն ակտիվ օգտվել-ուտել հանրային սննդի վայրերում․․․ տարիներ առաջ կինն է պնդել՝ անկեղծանում է գործարար Բակուր Մելքոնյանը։ Այդպես բացել են առաջին Արտ-լանչը, հետո ամբողջ Հայաստանով ընդլայնել ՖՈՒԴ-կորտ ճաշարանների իրենց ցանցը։
Բակուր Մելքոնյան (գործարար) - 100-ն անցանք կարծես, 100-ից ավելի հանրային սննդի կետ ունենք, այո:
Այդ հիմա է բիզնեսը շատերի աչքին «յուղի մեջ»։ Գրեթե փակվում էին կորոնավիրուսի սկզբում՝ մտածեցին՝ ռիսկի գնան, աշխատելը մի քիչ էլ ձգեն թեկուզ ոչ ձեռնտու գործարքով։ Քովիդով մեկուսացված առաջին հիվանդներին Հայաստանում՝ իրենց ընկերությունն է ուտելիք տարել, փակագծեր է բացում Մելքոնյանը։
Բակուր Մելքոնյան - Երբ մենք էդ մրցույթին մասնակցեցինք՝ մենակ արտ-լանչն էր, ոչ մեկը չէր մասնակցել, որովհետև հետաքրքիր պրոյեկտ չէր՝ նաև ֆինանսապես, որովհետև 27 հոգու համար պետք էր առաքում անել Ծաղկաձոր:
Կորոնա-հիվանդներին ու կոնտակտավորներին կերակրելը սկսեց շահույթ բերել, երբ պետության պատվերը մեծացավ։ Կարողացան խոշոր մրցույթներ հաղթել, որովհետև ոչ միայն աշխատող չէին կրճատել, այլև՝ մյուս սրճարան-ռեստորանների ազատած մասնագետներից 375 հոգու գործի էին ընդունել։ Չնայած բոլորին աշխատավարձ տալ առանց վարկ վերցնելու՝ չկարողացան։
Բակուր Մելքոնյան - Դա մեր առաջին վարկերից մեկն է, որն ուղղված էր հենց աշխատավարձի համար, պետության կողմից սուբսիդավորվող վարկ էր, որ տրվում էր աշխատողների պարտքը փակելու համար:
Ստացվեց՝ կորոնա-չումային կուլ չգնացին։ Ավելին՝ երկրորդ փորձից կարողացան Հայաստանում ստեղծված բրենդով երկրից դուրս․.․ բիզնես սկսել։ Օրեր առաջ նաև Ուկրաինայում են մասնաճյուղ բացել։
Բակուր Մելքոնյան - Երեք տարի առաջ մտանք Մոսկվա՝ մենք հաջողեցինք. ունենք արդեն 7 կետ Մոսկվայում, ևս 2-3-ը մոտակա ամիսներին կբացենք: Կիևինն առաջինն է, նորն է, հուսով ենք՝ դրա միջոցով, երեք պայմանագիր ենք քննարկել:
Հայաստանը պետք է աշխարհում բրենդավորվի-հայտնի դառնա իր փոքր կամ մեծ ընկերություններով, որ տնտեսությունը զարգանա։ Այլապես մնալու ենք էժան, միջին կլասի բիզնես-մակարդակի՝ համոզված է Մելքոնյանը։ Ժպտում է՝ ի պատասխան մեր ռեպլիկի, թե՝ «ոչ օլիգարխի համար մեծ թափով չի՞առաջ գնում»։
Բակուր Մելքոնյան - Երբ տարիներ առաջ ճաշարան ունեցանք Քննչական կոմիտեում, մեզ վերագրեցին ինչ-որ բան, հետո՝ Կառավարությունում, երբ մարդիկ փորձում էին խորանալ՝ ով է մեր հովանավորը, փոխանակ հասկանային, թե բիզնեսի հաջողությունն ինչն է, մենք առաջ էինք գնում։
Այժմ էլ պատրաստվում են՝ արագ սննդի հայկական մոդելը մտցնել, ոչ ավել, ոչ պակաս՝ եվրոպական ու ամերիկյան շուկա։ Ճաշ եփելուց կարևորն այստեղ որոշ գործեր ավոտմատացնելն է։ IT լուծումների հաշվին նույնիսկ Ուկրաինայում արդեն մատուցող-կասսայի աշխատող չկա․ ի՞նչ է ուտելու՝ այցելուն գրում է իր բջջայինում, խոհարարը ծրագրով կարդում-պատրաստում է պատվերը, փողը քաշվում է հեռախոսի հավելվածով։
Աշխարհի բիզնես-նորույթներից, պարզվում է, Բակուր Մելքոնյանն արդեն ընդօրինակել և առաջինը Հայաստանում բաժնեմասային հյուրանոց է կառուցում․ քոթեջները սեփականատեր ունեն, երբ գան-կհանգստանան, երբ ոչ՝ ընկերությունը դրանցում՝ իր ցանցի լողավազան-ռեստորան-կոնֆերանս զալի փաթեթով, հյուր կընդունի-կճանապարհի, շահույթի 70 տոկոսը կտա՝ գույքի տիրոջը։ Ստացվում է՝ մարդիկ ոչ մեծ ներդրումով մտնում են բիզնեսի մեջ՝ չխառնվելով հյուրատնային կառավարման որևէ խնդրի։ Չեք պատկերացնի, թե առաջարկն ինչքան մարդու է հետաքրքել, նաև՝ արտասահմանում ապրող հայերի, ոգևորված է գործարարը։
Բակուր Մելքոնյան - Բավականին հաջող՝ գնալով մենք դա ընդլայնում ենք. Դիլիջանից հետո սկսում ենք Սևանի պրոյեկտը, որը բավականին մեծ է, ու որտեղ արդեն հյուրանոցային սենյակներ են:
Քովիդից ամենաշատ տուժած՝ հանրային սննդի ու հյուրանոցային ոլորտներում իր դիրքերն ամրապնդող բիզնեսը մի հարված էլ պատերազմի ժամանակ էր ստացել։ Ադրբեջանին է մնացել Սանասարում-Կուբաթլուում կառուցած բանակային ճաշարանը, թեպետ պետությունը հետո հատուցեց դրա դիմաց։ «Վերջին մեկ-երկու տարում շատերը մինչև իսկ Երևանից հանեցին-տարան իրենց բիզնեսները․ այդ գործարարների նկատած ռիսկերը դուք չե՞ք տեսնում»՝ հարցնում ենք Գորիսում վերջերս հյուրատուն բացած Մելքոնյանին։
Բակուր Մելքոնյան - Եթե էդ մտածողությամբ առաջ գնանք, կստացվի, որ, օքեյ, ես Ուկրաինանում բացեցի, Մոսկվայում բացեցի, որ մի տարում գումարս հետ կգա, լավ Գորիսում էլ թող 8 տարում հետ գա:
Ներդրածից հետ ստացած գումարների հաշվին այս բիզնեսը խոշոր հարկատուների ցանկում 105-106-րդն է․ դեկտեմբերը չհաշված՝ 1,5 մլրդ դրամ է վճարել բյուջե։ Գործարար հաջողության Մելքոնյանի բանաձևը՝ ճիշտ պահին ռիսկի գնալուց բացի, տապալումից ոչ թե հուսահատվելը, այլ հետևություն անելն է։