Երևանի նախկին քաղաքապետ, Ազգային ժողովի պատգամավոր Տարոն Մարգարյանի, Պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանի ու ևս 7 անձի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Նրանք մեղադրվում են մի քանի դրվագով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար:
Մոտ մեկ տարի քննվող քրեական գործի շրջանակում Մարգարյանը ցուցմունք չի տվել և չի ընդունում մեղքը:
Տարոն Մարգարյանի պաշտպան Բենիկ Գալստյան - Մեղադրանքը հնարավորինս անորոշ է: Ժամանակահատվածը հստակեցված չէ հանցանքի կատարման, կոնկրետ նշված չէ՝ ինչ գործողություններով է պարոն Մարգարյանը հանցանքը կատարել:
Ըստ Քննչական կոմիտեի՝ նախկին քաղաքապետ Մարգարյանը մայրաքաղաքի որոշ դպրոցների սահմանների ճշգրտման գործընթացի ժամանակ չարաշահել է իր լիազորությունները: Ըստ Մարգարյանի պաշտպանի՝ վարույթն իրականացնող մարմինը չի նշում՝ կոնկրետ ինչ լիազորություններ է ունեցել իր պաշտպանյալը և կոնկրետ որոնք է իրականացրել ծառայության շահերին հակառակ:
ՀՀ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ՀԿԳ քննիչ Մխիթար Աբդոյան - Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը, նպատակ ունենալով Երևանի Աճառյան 40 հասցեում գտնվող «Երևանի թիվ 16 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ի ինչպես նաև Երևան քաղաքի Ավանեսով 12 հասցեում գտնվող «Երևանի թիվ 64 նախադպրոցական ուսումնական հաստատության» հողատարածքներից իր և իր մերձավորների համար առանձնացնել և ձեռք է բերել հողատարածքներ, Երևանի քաղաքապետարանի համապատասխան պաշտոնատար անձանց հանձնարարել է կատարել վերը նշված դպրոցի և նախադպրոցական ուսումնական հաստատության կողմից զբաղեցրած հողամասերի սահմանների ճշտում և դրա արդյունքում նշված հողատարածքներից առանձնացնել հողակտորներ՝ հետագայում այդ հողամասերը իր մերձավորներին օտարելու նպատակով:
Քննիչի խոսքով՝ քաղաքապետարանի պաշտոնատար անձինք անհիմն փոխել են դպրոցի և ուսումնական հաստատության հողամասի սահմանները, առանձնացրել հողակտորներ, որոնք հետագայում քաղաքապետարանի կազմակերպած աճուրդով օտարվել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի մերձավորներին: Մյուս դրվագով էլ անցնում է Պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանին, որը նույնպես չի ընդունում մեղքը:
Արման Սահակյանի պաշտպան Էմին Խաչատրյան - Մեղադրանքը անհիմն է, առհասարակ նման մեղադրանք իրականության մեջ գոյություն ունենալ չի կարող:
Սահակյանը նախաքննության ընթացքում ցուցմունք է տվել և հայտարարել, թե իր շուրջ տեղի ունեցող գործողությունները քաղաքական են:
Մխիթար Աբդոյան - Արման Սահակյանը, մտադրություն ունենալով Երևանի Համո Բեկնազարյան 5 հասցեում գտնվող 185 հանրակրթական դպրոց ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման հանձնված և պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը ամրացված 15 հազար 523 քառակուսի մետր մակերեսով հողատարածքից իր և իր մերձավորների համար առանձնացնել և ձեռք բերել հողատարածքներ, հիշյալ դպրոցի տնօրենի հետ քննարկումների ժամանակ առաջարկել է դպրոցի տարածքը բարեկարգելու նպատակով կատարել դպրոցի սահմանների ճշտում և դպրոցի սահմաններից դուրս բերել դպրոցի տարածքում գտնվող ստորգետնյա ավտոտնակների տարածքը:
Այնուհետև, ըստ քննիչի՝ Արման Սահակյանը դպրոցի տնօրենի համանուն բովանդակությամբ դիմումը ուղարկել է քաղաքապետարան, խնդրել համայնքի ղեկավարին՝ ճշգրտել սահմանները: Սահակյանը քաղաքապետարանի համապատասխան պաշտոնատար անձանց հետ համաձայնություն է ձեռք բերել, որ բացի դիմումում նշված ավտոտնակներից՝ կատարվելիք չափագրության արդյունքներով դպրոցի սահմաններից դուրս բերվեն նաև ավտոտնակների տարածքի հետ որևէ կապ չունեցող և դպրոցին պատկանող ևս երկու հողակտոր:
Մխիթար Աբդոյան - Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք անհիմն փոփոխել են դպրոցի զբաղեցրած հողամասի սահմանները, դպրոցի տարածքից առանձնացրել են ընդհանուր 3881.43 քմ հողատարածք, որից մոտ 1939 քմ հողատարածքը Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված աճուրդի արդյունքներով օտարվել են Արման Սահակյանին և հանցանքի կատարմանը առնչություն ունեցած այլ պաշտոնյաների մերձավոր անձանց:
Արդյունքում, ըստ քննիչի, դպրոցը փաստացի զրկվել է հողատարածքը ուսումնական նպատակներով օգտագործելու հնարավորությունից: Օտարված հողատարածքներում հետագայում կառուցվել են բնակելի տներ և ոչ միայն, իսկ ավտոտնակների տարածքը առանձնացումից հետո չի օտարվել: Այս գործողությունների հետևանքով պետությանը պատճառվել է էական վնաս:
Տարոն Մարգարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը, Արման Սահակյանի նկատմամբ՝ 5 մլն դրամ գրավը:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան