Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) գործողության լիարժեք վերականգնման շուրջ բանակցությունները վերսկսվել են Վիեննայում: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է Վիեննայում միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը:
«Ամանորյա կարճատև ընդմիջումից հետո այսօր Վիեննայում վերսկսվում է բանակցությունների ութերորդ փուլը՝ ոչ պաշտոնական հանդիպումների ձևաչափով»,- գրել է Ուլյանովը:
Իրանի միջուկային գործարքի շուրջ Վիեննայի բանակցություններն անցկացվում են 2021 թ. ապրիլից: Դրանց ութերորդ փուլը մեկնարկել էր դեկտեմբերի 27-ին: Մասնակիցներն Ամանորը նշելու համար ժամանակավոր դադար էին վերցրել:
Բանակցությունների 8-րդ փուլի մեկնարկին Իրանի փոխարտգործնախարար Ալի Բաղերին ընդգծել է, որ դրանց հաջողության բանալին Իրանի դեմ պատժամիջոցների վերացման շուրջ համաձայնության հասնելն է: Նրա խոսքով՝ բանակցություններն ընթանում են Թեհրանի դեմ պատժամիջոցների չեղարկման և երաշխիքների վերաբերյալ Իրանի առաջարկների շուրջ: