ՍՈՒԴԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ Է ՏՎԵԼ
Սուդանի վարչապետ Աբդուլլահ Համդուկը հրաժարական է տվել երկրում հոկտեմբերի 25-ից չդադարող բողոքի ակցիաների և անվտանգության ուժերի կողմից 2 ցուցարարի սպանության ֆոնին։ «Ես հեռանում եմ ժողովրդի վստահությունը վերականգնելու համար, նաև հնարավուրություն տալու ուրիշներին՝ կառուցելու և պահպանելու այս երկիրը․ իմ ջանքերը փակուղի են մտել»,- հեռուստաուղերձում հայտարարել է Համդոքը: Նա հավելել է, որ երկրում քաղաքական ճգնաժամին գումարվում է սոցիալ-տնտեսական ճգնաժամը, ինչը սպառնում է վերածվել համապարփակ ճգնաժամի։
2021 թվականի նոյեմբերի 21-ին Սուդանի ինքնիշխան խորհրդի նախագահ գեներալ Աբդել Ֆաթահ ալ-Բուրհանին և Աբդուլլահ Համդուկը քաղաքական համաձայնագիր են ստորագրել, որը քաղաքական և քաղաքացիական ուժերը դիտարկվել է որպես ռազմական հեղաշրջման օրինականացման փորձ։ Նրանք խոստացել են շարունակել բողոքի ցույցերը, քանի դեռ չի հաստատվել լիակատար քաղաքացիական կառավարում: Ցուցարարները զինվորականներին կոչ են արել հանգիստ թողնել քաղաքականությունը։
ՎԻԵՆՆԱՅՈՒՄ ՎԵՐՍԿՍՎԵԼ ԵՆ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԳՈՐԾԱՐՔԻ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ
Վիեննայում մի քանի օր տևած դադարից հետո վերսկսվում է միջուկային գործարքի վերականգնման բանակցության ութերորդ փուլը: Դրա ընթացքում քննարկվելու է ամերիկյան պատժամիջոցների չեղարկումը։ Ավելի վաղ Թեհրանում Իրանի գլխավոր բանակցող Ալի Բաղերին հայտարարել էր Վիեննայում բանակցություններում արձանագրված առաջընթացի մասին:
Նա ընդգծել է, որ եթե ամերիկյան կողմն ընդունի հարցի վերաբերյալ Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը, ութերորդ փուլը կարող է դառնալ վերջինը, և հնարավոր կլինի կարճ ժամանակում համաձայնություն ձեռք բերել։
ԹԵՀՐԱՆԸ ՉԻ ՃԱՆԱՉՈՒՄ ԱՖՂԱՆՍՏԱՆԻ ՆԵՐԿԱ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ
Թեհրանը պաշտոնապես չի ճանաչում Աֆղանստանի ներկա իշխանությանը, որը ներկայացնում է «Թալիբան» շարժումը, հայտարարել է Քաբուլում Իրանի դեսպան Բահադուր Ամինյանը: Նրա խոսքով՝ Իրանը չի կարող ընդունել
իշխանական ուժերում Էթնիկական միայն մեկ խմբի ներկայացուցիչների ներգրավումը։ «Կոչ ենք անում «Թալիբան»-ի ղեկավարներին՝ ձևավորել ներառական կառավարություն»,- հավելել է դեսպանը։
Նա նշել է նաև, որ Թեհրանը կարող է մյուս երկրներին համոզել՝ ճանաչելու Աֆղանստանի կառավարությունը, եթե թալիբները բարեփոխումներ անցկացնեն կառավարության կազմում: Իր հերթին, Թալիբան շարժման ներկայացուցիչ Ինամուլլա Սամանղանին հայտարարել է, թե դեսպանի հայտարարություններն Աֆղանստանի ներքին գործերին միջամտելու փորձ են:
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՊԱՏԿԵՐՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ
Վրաստանում կորոնավիրուսի նոր «Օմիկրոն» շտամով վարակման 144 դեպք է գրանցվել։ Իսկ Կորեայում արձանագրվել է վարակի նոր տարատեսակի պատճառով մահվան առաջին երկու դեպքը։
Կորոնավիրուսի տարածման ֆոնին Հնդկաստանում մեկնարկել է 15-18 տարեկան անձանց պատվաստումը։ Երկրում տարիքային այդ միջակայքում է ավելի քան 250 մլն մարդ։ Նախօրեին Հնդկաստանում հաստատվել է 33 հազարից ավելի վարակման դեպք։
Հունվարի 9-ից էլ նարնջագույն գոտու երկրների պատվաստված և կորոնավիրուսով հիվանդացած քաղաքացիները կկարողանան մուտք գործել Իսրայել։
Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ կարմիր գոտու երկրներից, այդ թվում՝ ԱՄՆ, Մեծ Բրիտանիայից, Թուրքիայից, Մեքսիկայից ու ևս 11 երկրից օտարերկրացիների մուտքը երկիր կարգելվի։
Ընդհանուր առմամբ աշխարհում գրանցվել է ավելի քան 290 մլն դեպք։