Մսի շուկայում «հինգերորդ ձև» փաստաթղթի պահանջով պայմանավորված՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը մարզերում ստուգումներ սկսել էր դեռևս ամիսներ առաջ: Մոնիտորինգը պարզել է, որ Վայոց ձորի գրեթե բոլոր վաճառակետերում միս-մսեղիքը չի եղել սպանդանոցային ծագման: Արմավիրի և Արարատի մսի իրացման տաղավարներում կատարվել է 41 ստուգում, 14-ի մոտ հայտնաբերվել են խախտումներ: Լոռիում ևս 5 իրացման կետում հայտնաբերվել է ոչ սպանդանոցային ծագման միս, Սյունիքում՝ միայն մեկը: Հայտնաբերված ամբողջ խմբաքանակը վաճառքից հանվել է:
Ամանորին ընդառաջ խստացված ստուգումներ սկսցին նաև Երևանում: Տեսուչների ուշադրության կենտրոնում էին հատկապես ԳՈՒՄ-ի շուկային հարակից վաճառակետերը: Ամենօրյա անակնկալ ստուգումներով 36 խանութից գրեթե կեսի մոտ խախտումներ են հայտնաբերվել: Յուրաքանչյուր տաղավար օրվա ընթացքում այցելել են մի քանի անգամ՝ ասում է ՍԱՏՄ Երևանի կենտրոնի գլխավոր տեսուչը:
Հայկ Մայիլյան (ՍԱՏՄ Երևանի կենտրոնի գլխավոր տեսուչ) - Արդյունքում ունեցել ենք 12 խախտում՝ մեծ մասը սանիտարահիգիենիկ կանոնների հետ կապված: Տրվել են ցուցումներ, և հաջորդ օրն արդեն վերացրել են խախտումները:
Երևանի խանութներում ևս փորձել են բակային մորթի ու առանց «հինգերորդ ձև» փաստաթղթի միս վաճառել: Այստեղ ևս ամբողջ մսեղիքը հանվել է վաճառքից: «Հինգերորդ ձև» փաստաթղթի պահանջը ուժի մեջ է մտել 2020-ի հուլիսից, և մսի շուկայում վիճակը որոշակիորեն բարելավվել է՝ ասում են մասնագետները:
Հայկ Մայիլյան - Այսօր եթե ոչ 100 տոկոսանոց, մոտ 95 տոկոս արդյունք ունենք, այնքանով, որ Ամանորի օրերին ունենում էինք ձիու մսի, ավանակի մսի վաճառքի դեպքեր, իսկ տվյալ պարագայում բացառվում է, քանի որ փաստաթղթերով պետք է երևա՝ ինչ միս է մորթվում, որտեղ է մորթվում:
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը սպառողին ևս մեկ անգամ հորդորում է. միս գնելիս ստուգել հինգերորդ ձևի առկայությունը, իսկ վաճառողին զգուշացնում է՝ առանց փաստաթղթի վաճառքը 50 հազարից մինչև 300 հազար դրամի տուգանք է: