Ինչպես արդեն
տեղեկացրել ենք, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, Ամանորին ընդառաջ, դեկտեմբերի 21-ից սկսել էր ուժեղացված վերահսկողությունը մսի իրացման կետերում:
Սննդամթերքի ոլորտը վերահսկող մարմնի տեսուչներն անակնկալ ստուգայցեր են իրականացրել թե՛ վաղ առավոտյան` շուկաներում մսի մատակարարման ժամին, թե՛ երեկոյան, երբ ոչ սպանդանոցային մսի իրացումն առավել հավանական կարող է լինել:
Երևանի Խորենացի փողոցի մսի բոլոր 36 տաղավարները (ԳՈՒՄ-ի շուկային հարող տարածք) եղել են 10-օրյա վերահսկողության թիրախում: Յուրաքանչյուր տաղավար այցելություն է կատարվել օրը մի քանի անգամ: Նպատակն էր, նախ, հսկել սպառողին առաջարկվող մսի ծագումը, և ապա՝ մսի տեղափոխման պայմաններն ու տաղավարների սանիտարահիգիենիկ նորմերի պահպանումը:
Տվյալների ամփոփումը փաստել է, որ 12 տնտեսվարողի մոտ արձանագրվել են անհամապատասխանություններ՝ բացակայել է սպանդանոցային ծագումը հավաստող թիվ 5 անասնաբուժական փաստաթուղթը, մսի տեղափոխումն իրականացվել է սանիտարահիգիենիկ և սահմանված այլ նորմերին չհամապատասխանող փոխադրամիջոցներով, որոշ տաղավարներում չեն պահպանվել սանիտարահիգիենիկ նորմերը:
Կազմվել են արձանագրություններ, որոնց հիման վրա կսահմանվի վարչական պատասխանատվություն, իսկ ուղեկցող 5-րդ ձևի փաստաթղթի բացակայությամբ միս-մսեղիքը ոչնչացվել է կամ օգտահանվել:
Արձանագրվել է նաև, որ ի համեմատություն նախորդ տարիների՝ որոշակիորեն բարելավվել են թե՛ մսի տեղափոխման պայմանները, թե՛ տաղավարների սանիտարահիգիենիկ վիճակը, իսկ տաղավարների հիմնական մասում ներկայացվում է կենդանիների սպանդից գոյացած՝ վերամշակված, իրացվող, վաճառվող, մատակարարվող կենդանական ծագման մթերքի և կենդանական ծագման հումքի սպանդանոցային ծագումը հավաստող թիվ 5 անասնաբուժական փաստաթուղթը:
Սպանդանոցային մորթի պահանջը ողջ հանրապետությունում պարտադիր է դարձել 2020թ. հուլիսի 1-ից: Դա ենթադրում է՝
• բացառապես սպանդանոցային մորթի ենթարկված մսի շրջանառություն,
• մսի մակնշում՝ ներառյալ սպանդանոցի մասին տեղեկություններ,
• վարչական պատասխանատվություն այս պահանջները չկատարելու համար:
Սպանդանոցային ծագման միս-մսեղիքը Հայաստանի տարածքով փոխադրելու և իրացնելու համար ՍԱՏՄ-ի կողմից տրամադրվում է ձև 5 անասնաբուժական վկայականը: Այն սպանդանոցները պետք է տրամադրեն միսն իրենցից ձեռք բերող-իրացնողներին:
5-րդ ձևն ունի պիտակ, որը մատակարարի կողմից լրացվում և տրվում է իրացնողին, եթե վկայականում նշված խմբաքանակը բաժանվելու և իրացվելու է տարբեր վաճառակետերում կամ hանրային սննդի օբյեկտներում: Բաժանված յուրաքանչյուր խմբաքանակի հետ ևս տրվում է պիտակ, որը նույնականացվում է վկայականի հերթական համարակալման թվով:
Ձև 5 վկայականի վաճառքն առաջացնում է քրեական պատասխանատվություն:
Կենդանական ծագման մթերք, կենդանական ծագման հումք ձեռք բերող-իրացնողը, սպառողը պարտավոր է պահանջել դրա սպանդանոցային մորթն ու անվտանգությունը հավաստող ձև 5-ը կամ պիտակը, իսկ սպառողը կարող է պահանջել և ստուգել դրա հավաստիությունը հեռախոսի օգնությամբ՝ QR-կոդի միջոցով, տեղում ստանալով վաճառվող մսի մասին ամբողջ տեղեկատվությունը և համոզվելով, որ տվյալ խմբաքանակն ունի սպանդանոցային ծագում և անվտանգ է: