Դեկտեմբերի 30-ի գիշերը օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում էր ստացվել, որ մի քաղաքացի ահազանգել է 1-02 և հայտնել, որ Գայի պողոտայի ինտերնետ ակումբում գողություն է կատարվել։ Ահազանգով դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը, սակայն, այլ բան էր պարզել։ Ժամը 4.30-ի սահմաններում ինչ-որ մեկը, ատրճանակը ձեռքին, մտել էր ինտերնետ ակումբ, սպառնացել ու դրամարկղից փող էր հափշտակել:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները, հանցագործությունը թարմ հետքերով բացահայտելու նպատակով, համագործակցեցին՝ համատեղ ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական տարաբնույթ միջոցառումներ։ Համալիր ու բազմակողմանի միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացվել, որ ավազակային հարձակումը հնարավոր է՝ կատարած լինի մայրաքաղաքի Շոպրոնի փողոցի 28-ամյա մի բնակիչ։
Նա նույն օրը՝ ժամը 22.30-ի սահմաններում, հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Նոր Նորքի բաժին, ապա ներկայացվեց տարածքային քննչական մարմնին՝ հարցաքննության։ 28-ամյա տղամարդը տվել է խոստովանական ցուցմունք, ձերբակալվել, ապա կալանավորվել է:
Ձեռնարկվում են միջոցառումներ ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Ավազակության հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: