Հունաստանի կառավարությունը չի երկարաձգել պոլսահայ մտավորական, Հայաստանի քաղաքացի Սևան Նիշանյանի՝ Հունաստանի քաղաքացու հետ ամուսնացած լինելու հիմքով ձեռք բերած կացության իրավունքը: Նիշանյանի կինը՝ Հերա Ցուրուն, հայտնել է՝ ամուսնուն դեկտեմբերի 30-ին ձերբակալել են կացության կարգավիճակի ժամկետի լրանալու պատճառով:
Հերա Ցուրու (Սևան Նիշանյանի կինը) - Դատախազը նրան երկրից արտաքսելու որոշում է կայացնելու։ Այդ որոշմամբ է հայտնի դառնալու, թե արտաքսումը դեպի ո՛ր երկիր է լինելու:
Հերա Ցուրուն մտավախություն ունի, որ Նիշանյանին կարտաքսեն Թուրքիա, որտեղից նա փախուստի էր դիմել 2017 թվականին և ապաստան խնդրել Հունաստանի իշխանություններից: 2014 թվականին լեզվաբան Սևան Նիշանյանը Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման՝ սեփական այգում իբր ապօրինի շինարարության համար:
Ռուբեն Սաֆրաստյան (թուրքագետ) - Այդ անձնավորության ձերբակալությունը ես կասեի՝ թուրքական իշխանությունների կողմից հերթական դրսևորումն էր, որը վկայում է, որ Թուրքիայում իշխանությունների կողմից բռնաճնշումների են ենթարկվում ազատ միտք ունեցող մտավորականները, ինչպիսին Սևան Նիշանյանն է:
2013 թվականին Նիշանյանի ձերբակալությանն անդրադարձել է նաև Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը՝ Թուրքիայի վերաբերյալ «Հետընթացը մարդու իրավունքների ոլորտում և բարեփոխումների առաջարկները» խորագրով զեկույցում:
Human Rights Watch - «2013 թվականին լրագրող և գրող Սևան Նիշանյանը դատապարտվել է 13 ամիս ժամկետով, ավելի ուշ ևս մեկ անգամ ձերբակալվել նույն մեղադրանքի՝ շինարարական նորմերի ենթադրյալ խախտման մեղադրանքով, սակայն հիմքեր կան ենթադրելու, որ նա թիրախավորվել է իր աշխատանքների և քաղաքական հայացքների համար»:
Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով՝ մտավորականի արտահանձնումը Թուրքիային հնարավորություն կտա այդ երկրին՝ ևս մեկ անգամ ճնշելու ազատ խոսքը:
Ռուբեն Սաֆրաստյան - Արդեն այն 17 տարին, որ նրան դատապարտել էին, դրան կավելանա, իհարկե, շատ ավելի բիրտ և շատ ավելի դաժան դատավճիռ, որը կապված կլինի նրա փախուստի հետ այն բանտից, այն կղզուց, որտեղ իրեն պահում էին: Այնպես որ, արդեն նրա կյանքին կարող է վտանգ սպառնալ, որովհետև նա կարող է իր կյանքի մնացած հատվածն անցկացնել բանտում:
Սևան Նիշանյանի շուրջ ծավալված գործընթացին անդրադարձել է նաև Հունաստանում մեր երկրի դեսպանությունը:
Հունաստանում ՀՀ դեսպանություն - «Հունաստանում ՀՀ դեսպանությունը տեղյակ է պոլսահայ մտավորական, ՀՀ քաղաքացի Սևան Նիշանյանի շուրջ ծավալված գործընթացին և ձեռնարկում է բոլոր հնարավոր քայլերը՝ խնդիրը կարգավորելու նպատակով»:
Սպասվում է, որ Նիշանյանին երկրից արտաքսելու վերաբերյալ հարցը Հունաստանի դատարանը կքննի այսօր:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան