Գրահրատարակչության ոլորտը տարեցտարի բարելավում է ցուցանիշները. 13 խոշոր հրատարակչություն, տպարան ու գրախանութ միասին 2021-ին պետությանը ավելի քան 900 միլիոն դրամ հարկ են վճարել. Հայաստանում 1 տարում թարգմանվել ու հրատարակվել է շուրջ 500 գիրք, 100-ով ավելի 2020-ից: «Բուկինիստը», օրինակ, այս տարի 6 նոր գրախանութ է բացել, 4-ը՝ Երևանում, մյուսները՝ Սևանում և Դիլիջանում:
Խաչիկ Վարդանյան («Բուկինիստ» հրատարակչության հիմնադիր-տնօրեն) - Մենք հիմա սպասում ենք 20 տոկոս աճ՝ 19-ի համեմատ, 10-20 տոկոս աճ ենք սպասում: Մի քանի տարի առաջ 500 օրինակ վաճառված գիրքը համարվում էր շատ լավ արդյունք, հիմա մենք 10 ամսում 5000 օրինակ գիրք ենք վաճառել, հետո պատվիրել ենք երկրորդ տպաքանակը, վաճառել ենք 1 տարում, հիմա երրորդ տպաքանակն ենք սպառում դրա:
«Զանգակ» հրատարակչությունն էլ այս տարի 30 գիրք է հրատարակել. հիմնականում հայ և օտարազգի գրողների գեղարվեստական, մանկական, մոտիվացիոն ու մասնագիտական գրքեր են: Արդյունքից դժգոհ չեն, քանի որ ևս 15-ն էլ, վաճառքով պայմանավորված, վերահրատարակվել է:
Հայկ Համբարձումյան («Զանգակ» հրատարակչության գրական ծրագրերի համակարգող) - Ամբողջ աշխարհում մեծ ծավալով կարդում են հաստկապես Non-fiction գրականություն, և մենք էլ այդ տեսակ գրքեր հրատարակում ենք, որովհետև մարդիկ շատ ժամանակ չեն գտնում գեղարվեստական գործեր ընթերցելու, այլ նախընտրում են անմիջապես ինչ-որ բան իրենց սովորեցնող, իրենց օգնող գրականություն, և այս առումով աշխատում ենք բավարարել այս պահանջարկը:
Ամենից պահանջվածը թեև Non-fiction ժանրի գրքերն են, բայց դա չի նշանակում, որ գեղարվեստական և մանկական գրքեր չեն սպառվում գրախանութներում. ընդհակառակը՝ դրանք ամենաշատ վաճառվող գրքերի շարքում են: Ընդ որում՝ միջազգային գրաշուկային չզիջող տպագրական բարձր որակով:
Խաչիկ Վարդանյան - Այն, ինչ հրատարակվում էր խորհրդային շրջանում, ուրիշ տեխնոլոգիա էր, պոլիգրաֆիան նկատի ունեմ, օրինակ, նույն հեղինակի նույն գիրքը, հինը՝ խորհրդային շրջանինը, կարող է վաճառվել 500 կամ 1000 դրամով, իսկ նորը՝ 5000 դրամով, նորն ավելի լավ է վաճառվում, քան թե հինը, որովհետև տպագրության որակն է բարձր:
Գրախանութները ընթերցողի պակաս չունեցան. տարվա բեսթսելլեր էին Հարրի Փոթերի հայտնի շարքը, Խալեդ Հոսեյնիի, Նարինե Աբգարյանի ու Աշոտ Աղաբաբյանի գրքերը: Հետպատերազմյան ու հետկորոնավիրուսային տարին գրքից ոչ միայն չկտրեց ընթերցողներին, ընդհակառակը՝ մի բան էլ նպաստեց:
Հայկ Համբարձումյան - Բայց տեսանք և արձանագրեցինք, որ կարծես թե իսկապես մի նոր հետաքրքրություն կա գրքի ու գրականության նկատմամբ և նաև գրքերի վաճառքներն ու հրատարակությունների ծավալները սա են ցույց տալիս:
Տարին հաջող էր նաև տեղական գրականությունը հանրահռչակելու տեսանկյունից: ԿԳՄՍ նախարարությունը 2021-ին աջակցել է նաև երիտասարդ գրողների, հնարավորություն տվել 60 գրողի դրամաշնորհային ծրագրերով 1 միլիոն դրամ ստանալ՝ վեպ գրելու, թարգմանելու և հետազոտելու համար: «Հայ գրականությունը թարգմանություններում» ծրագրով էլ դասական և ժամանակակից հայ գրողների տասնյակ ստեղծագործություններ են թարգմանվել ու հրատարակվել տարբեր լեզուներով:
Արմեն Սարգսյան (ՀՀ ԿԳՄՍ նախարարության գրականության ոլորտի գլխավոր մասնագետ) - Նախարարությունն աջակցում է արտերկրի այն հրատարակչություններին, որոնք ցանկանում են իրենց երկրում օտար լեզվով հրատարակել հայ գրականություն: Պիտի ասեմ, որ վերջին տարիների տվյալներով արդեն վերջին երեք տարում հրատարակել ենք 50 գիրք, 20 և ավելի լեզուներով, դա շատ կարևոր ցուցանիշ է և կարծում եմ, որ շատ վաղուց պետք է մեկնարկած լինեինք այդ ծրագիրը+ օրինակ վերջերս հարևան Վրաստանում լույս տեսավ Նար-Դոսի «Մեր թաղը» զարմանալի է, բայց կարծեմ մինչև այսօր Նար-Դոսը վրացերեն չէր թարգմանվել:
Նախարարությունից դրամաշնորհ է ստացել նաև գրող Հրաչյա Սարիբեկյանը: Վեպ է գրել, որի գործողությունները տեղի են ունենում Վանաձորում կամ, այսպես ասած, «Կ» քաղաքում. ինչու «Կ», որովհետև գրքում կաֆկայական շունչ կա: Սարիբեկյանը ստեղծագործությունն անվանել է «Ավերակների ժառանգորդները»: Պատմությունը տեղի է ունենում ամայի ու ավերակ մի գործարանում, որը ԱՄՆ-ից Հայաստան եկած գործարարը փորձում է գնել ու վերագործարկել:
Հրաչյա Սարիբեկյան (Գրող) - Իսկ էդ գործարանը պատկանում է տգետ, տհաս մանուկների, այսինքն՝ իրենք են տերն ու տիրակալը այդ գործարանի և թե ինչ է կատարվում էդտեղ, շատ դրամատիկ իրադարձություններ են կատարվում, ինչքան շատ ես օտարվում քո գրած ստեղծագործությունից, հասունանում էդ ստեղծագործությունից էնքան շատ ավելի լավ ես մշակում:
Գրողներն ու հրատարակիչները խնդրանք-պահանջ ունեն. առանց գրախանութ այցելելու, թող չասեն, որ գիրք կարդացող չկա: Որովհետև եթե այդպես լիներ, տարեկան 500 գիրք չէր հրատարակվի ու վերահրատարակվի:
Ոլորտի առաջխաղացման մասին են վկայում նաև հանրապետությունում բացվող բազմաթիվ հրատարակչություններն ու գրախանութները: