Սասուն Խաչատրյան (Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ) - Շենքը նախատեսվում է կառուցել Սիլիկյան թաղամասում. ժամանակակից և հարմար շինություն է նախատեսված։
Սասուն Խաչատրյանի սեղանին Հակակոռուպցիոն կոմիտեի նոր շենքի նախագիծն է: Կոմիտեի նոր շենքը, ամենայն հավանականությամբ, պատրաստ կլինի 2024 թվականին։ Հենց այս նորակառույց շենքում էլ կքննվեն կոռուպցիոն բնույթի հանցագործությունները:
Մինչ այդ ծառայությունն իր գործունեությունը կիրականացնի նախկին Հատուկ քննչական ծառայության շենքում: Կոմիտեն ամբողջ ծավալով կգործի 2022 թվականի մարտից: Նորաստեղծ կառույցում կաշխատի 40 քննիչ և 60 օպերատիվ աշխատակից, որոնք կընտրվեն մրցութային կարգով:
Սասուն Խաչատրյան - Դիմողները պետք է անցնեն նաև բարեվարքության ստուգում, և կցանկանայի նշել, որ այդ մրցութային հանձնաժողովը որևէ կապ չունի Հակակոռուպցիոն կոմիտեի հետ, այսինքն՝ Հակակոռուպցիոն կոմիտեն այդ մրցութային հանձնաժողովում նույնիսկ չունի մեկ անդամ: Հանձնաժողովի կազմում ընդգրկված է Արդարադատության նախարարության 2 ներկայացուցիչ՝ մեկ ներկայացուցիչ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, մեկը՝ քաղհասարակությունից, և մեկը՝ դատախազությունից:
Հակակոռուպցիոն կոմիտեն թեպետ երկու ամիս է, ինչ գործում է, սակայն արդեն իսկ աշխատում է գերծանրաբեռնված ռեժիմով, գործերը շատացել են, քննիչների թիվը՝ նվազել: Նախատեսվում է, որ 2022-ին կառույցը պետք է քննի մինչև 2000 քրեական գործ, ընդ որում՝ գրեթե նույն ռեսուրսներով:
Սասուն Խաչատրյան - Այս պահին Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների վարույթում քննվում են մոտ 160 կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ քրեական գործեր, այսինքն` ծանրաբեռնվածությունը զգալիորեն աճել է՝ նկատի ունենալով, որ նվազել է քննիչների թիվը: Մրցույթից հետո նախատեսվում է որ այսօրվա 30 ինքանավար պաշտոններ զբաղեցնողների փոխարեն կնշանակվեն 40 քննիչներ, որը որոշ չափով կնվազեցնի ծանրաբեռնվածությունը, բայց առանց օրենսդրական փոփոխության գլոբալ առումով հարցը չի լուծվի:
Խնդիրը կարգավորելու համար կոմիտեն օրենսդրական փոփոխություն է նախաձեռնել, որով առաջարկվում է կոռուպցիոն բնույթի քրեական գործերի ենթակայությունը կառույցին փոխանցելիս հաշվի առնել որոշակի չափորոշիչներ:
Սասուն Խաչատրյան - Մենք հիմա նախատեսում ենք, որպեսզի գործարկվի որոշակի ֆիլտր, որպեսզի Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները զբաղվեն իրապես էական նշանակություն ունեցող հանցագործություններով, որոնց բացահայտումը կլինի նշանային, որոնց բացահայտումը, հետագայում նաև կանխարգելումը կստեղծի հանրության մեջ նաև համոզմունք, որ տարվում է կոռուպցիայի դեմ պայքար: Իսկ այդ հայեցողությունը չունենալը, բոլոր քրեական գործերով զբաղվելը նման սուղ ռեսուրսներով, նման սուղ կադրային բազայով անիրատեսական է: Մենք կունենանք ընդամենը աշխատանքի իմիտացիա:
Ներկայում գործող օրենսդրական կարգավորումներով նորաստեղծ Հակակոռուպցիոն կենտրոնի իրավասությանն է անցնելու Հայաստանում բացառապես բոլոր կոռուպցիոն գործերի քննությունը, որը նախկինում իրականացնում էին մի քանի իրավապահ մարմիններ՝ ԱԱԾ-ն, ՀՔԾ-ն, Քննչական կոմիտեն և Պետեկամուտների կոմիտեն։ Սակայն դրանց մեջ ներառված են նաև այնպիսի հանցատեսակներ, որոնք որևէ կոռուպցիոն բաղադրիչ չունեն, օրինակ` բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը։
Սասուն Խաչատրյան - Այս դեպքերը թեև ըստ էության որևէ կոռուպցիոն բաղադրիչ չունեն, սակայն օրենքի ուժով այսօր էլ այս բոլոր հաղորդումները քննվում են մեր ծառայության կողմից, որը աննախադեպ ծանրաբեռվածություն է ստեղծում, ինչպես նաև կարծում ենք մեկ այլ ֆիլտր նույնպես պետք է գործադրվի՝ դա հանցագործությունների ծանրության և սուբյեկտային կազմի հետ կապված ֆիլտրն է: Որպես օրինակ` հիմա ունենք իրավիճակ, երբ ենթադրենք մի հեռավոր մարզում` ինչ-որ մի դպրոցում մի պահակ կամ հավաքարար հրամանագրվել է, նորմալ չի հաճախել աշխատանքի, ենթադրենք տարեկան մոտավորապես 700-800 հազար դրամ գումար է ստացել: Այդ գործերը նույնպես փաստորեն մենք ընդունում ենք վարույթ, կատարում ենք քննություն և այդ գործերի վրա ծախսվում է բավականին մեծ ռեսուրս:
Ի դեպ, Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների համար նախատեսված է բավականին բարձր վարձատրություն` նմանատիպ գործառույթներ իրականացնող պետական այլ մարմինների համեմատ: Սակայն ըստ Սասուն Խաչատրյանի` վարձատրությունը միակ գրավականը չէ այս գործին նվիրվելու համար.
Սասուն Խաչատրյան - Քննիչը իմ ընկալմամբ պարզապես աշխատանք չէ, դա կոչում է, և կան մարդիկ, որոնք սիրում են այդ աշխատանքը և պատրաստ են ավելի քիչ վարձատրության պայմաններում կատարեն հենց այդ աշխատանքը, իրենք դրա մեջ գտնում են հենց այդ կոչումը: Եվ բացի այդ, կան նաև սոցիալական որոշակի երաշխիքներ. պետությունը այդ մասին նույնպես հոգ է տարել: Կարծում եմ՝ բավականին գրավիչ է այսօր քննիչի աշխատանքը հատկապես Հակակոռուպցիոն կոմիտեում»:
Թե Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի պատասխանատուներից մեկը ինչ տեսլական ունի, և ինչպես պետք է արմատախիլ անել տարիներով արմատացած կոռուպցիան, Սասուն Խաչատրյանը նշում է՝ այն արմատախիլ անել միայն իրավապահ մարմինների գործունեության շնորհիվ, իրատեսական չէ:
Սասուն Խաչատրյան - Մինչև չփոխվի մտածելակերպ, մինչև չփոխվի աշխարհայացք, կոռուպցիան արմատախիլ անել չի լինելու:
Նշենք, որ ի թիվս այլ գործերի՝ Հակակոռուպցիոն կոմիտեին է փոխանցվել նաև «Մարտի 1»-ի քրեական գործը և դրանից անջատված մի շարք քրեական գործեր, որոնք վերաբերում են փողերի լվացմանը, ապօրինի հարստացմանը:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան