ՊՈՒՏԻՆՆ ՈՒ ԷՐԴՈՂԱՆԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում ամփոփել են երկկողմ համագործակցության հիմնական արդյունքները։ Նախագահներն անդրադարձել են նաև Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակին, սիրիական և լիբիական հարցերի կարգավորմանը։
ԼՐԱՄՇԱԿՎՈՒՄ Է ԱՊԱՇՐՋԱՓԱԿՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՓԱԹԵԹ. ՌՈՒԴԵՆԿՈ
Հարավային Կովկասում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման աշխատանքներում կարևորագույն ուղղություններից է՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն ТАСС-ի հետ հարցազրույցում։ «Ըստ էության, խոսքը երկու երկրների համար խաղաղ գոյակցությունից կոնկրետ գործնական օգուտներ քաղելու հնարավորության մասին է։ Ռուսաստանը այս գործընթացի անմիջական մասնակիցն է»,- նշել է Ռուդենկոն: Նա հավելել է, որ երեք երկրների փոխվարչապետների համատեղ նախագահությամբ գործող աշխատանքային խմբի շրջանակում կարևոր նախապատրաստական աշխատանք է կատարվել տարածաշրջանում ինչպես երկաթուղային, այնպես էլ ավտոմոբիլային հաղորդակցության վերականգնման ուղղությամբ։ «Ներկայումս «լրամշակվում է միասնական փաթեթ»,- ընդգծել է ՌԴ փոխարտգործնախարարը։
Նա անդրադարձել է նաև Դոնբասի շուրջ ստեղծված իրավիճակին։ Ռուդենկոյի խոսքով՝ Ժնևում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Մինսկի համաձայնագրերին այլընտրանք չկա, և Ուկրաինայի արևելքում հակամարտությունն անհնար է լուծել առանց Դոնբասին հատուկ կարգավիճակ տալու։ «Սա շատ կարևոր արձանագրում է, որը հիմք է ստեղծում ներուկրաինական հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի և Միացյալ Նահանգների գործակցության համար»,- ընդգծել է Ռուդենկոն։
ՌԴ-ԱՄՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՀԱՐՑՈՎ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ քննարկել է անվտանգության երաշխիքների հարցով Ռուսաստան-ԱՄՆ առաջիկա երկխոսությունը: Այն կմեկնարկի հունվարի 10-ին Ժնևում։ Այդ մասին հայտնել են Սպիտակ տնից։ Բայդենն ընդգծել է, որ Վաշինգտոնն աջակցում է վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումների իրականացմանը, որոնք կարող են թուլացնել Դոնբասի շուրջ ստեղծված լարվածությունը։ Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել էր, որ Կրեմլը կառուցողական է որակել դեկտեմբերի 30-ին ԱՄՆ և ՌԴ նախագահների հեռախոսազրույցը, որի հիմնական թեման եղել է Ուկրաինայի հարցը։
ՖՐԱՆՍԻԱՆ ՍՏԱՆՁՆԵԼ Է ԵՄ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅՈՒՆԸ
Ֆրանսիան 2022 թվականի հունվարի 1-ից ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը՝ փոխարինելով Սլովենիային։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ավելի վաղ հայտարարել էր, որ «2022 թվականը պետք է Եվրոպայի համար շրջադարձային դառնա»։ Նրա խոսքով՝ զարգացման նոր մոդելն ուղղված է հետհամավարակային իրավիճակի կարգավորմանը, ինչպես նաև պետք է համապատասխանի կլիմայի փոփոխության դեմ պայքարի նպատակներին։ Բացի դրանից՝ շեշտը կդրվի Եվրոպայի ինքնիշխանության և սահմանների պաշտպանության վրա։ Ֆրանսիայի նախագահության մեկնարկի առթիվ ամանորի գիշերը Ելիսեյան պալատը, Էյֆելյան աշտարակը և մի շարք այլ կառույցներ լուսավորվել են կապույտով՝ ի նշան ԵՄ դրոշի։
ԵԳԻՊՏՈՍՈՒՄ ԱՆՆԱԽԱԴԵՊ ՑՈՒՐՏ Է ԳՐԱՆՑՎԵԼ
Եգիպտոսի ծովափնյա հանգստավայրերում կարկուտ ու ձյուն է տեղացել: Հունվարի 1-ին Եգիպտոսում աննախադեպ ցուրտ է եղել։ Հուրգադայում, Ալեքսանդրիայում, Քաֆր էշ Շեյխ նահանգում գրանցվել են ճանապարհային պատահարներ, փլուզվել են տներ։ Եգիպտոսի առողջապահության նախարարության տվյալով՝ երկրում երեք մարդ է մահացել։ Մի շարք բնակավայրերում փակվել են դպրոցները։