Իրաքահայ այս հյուրընկալ ընտանիքը Ամանորը տոնում է իր ավանդույթներով: Ծնվել են Իրաքում, նախնիները գաղթականներ են. ավելի քան 10 տարի է՝ Հայաստանում են ապրում:
Մարի Միրզոյան (իրաքահայ) - Սկեսուրս տեսավ ինծի հավնեց, տղային բերավ:
Հիմա երեք երեխա ունեն. ուզում են բոլոր նպատակներն իրագործել հենց այստեղ՝ Հայաստանում: Իրաքում պատերազմ էր. իսկ իրենց համար ամենաապահով երկիրն ու հարազատ վայրը, որտեղից հիմա չեն էլ պատկերացնում երբևէ հեռանալ, այս հողն է:
Հայկազ Որբերյան (իրաքահայ) - Արտասահման շատ մարդիկ կան, որ երանի են տալիս մեզ. արժեքավոր բաներ կան, որ իրենք չունին: Այստեղ հաստատ կա. օրինակ՝ երեխայի պահելու ձև, շնորք տալը:
Պատմում են՝ հաղթահարել են բազմաթիվ դժվարություններ, բայց ամեն ինչ արել են աշխատանքի ու չհիասթափվելու շնորհիվ: Հիմա գլխավոր տեխնոլոգ է աշխատում ընկերություններից մեկում:
Հայկազ Որբերյան - Աստված միշտ մի դուռ կբանա. մի դուռ կգոցե, բայց 10 դուռ կբացե: Խաղաղությամբ ապրում ենք, երջանիկ ենք:
Բաղդադում շատ հիշողություններ ունեն: Հաճախ դրանք վերհիշում են լուսանկարների միջոցով:
Մարի Միրզոյան (իրաքահայ) - Մենք շատ շուտ տոնածառ կդնենք, մենք երևի առաջին մարդն ենք, որ դնում ենք, ամսու մեկեն կդնենք, ու ես կսկսեմ կամաց-կամաց ձեռքի աշխատանքներ պատրաստեմ:
Տիկին Մարին թեև մասնագիտությամբ հաշվապահ է, բայց ձեռագործ աշխատանքներն իր տարերքն է: Ամանորին ամբողջ տունը սիրում է զարդարել հենց այսպիսի աշխատանքներով:
Մարի Միրզոյան - Ձեռքի գործ ըլլա, ամեն ինչ կսիրեմ իմ ձեռքովս ընեմ:
Տարերքը նաև խոհանոցն է, բայց խմորեղենի մի տեսակ կա, որը Ամանորի սեղանին պարտադիր է: Այս սովորույթը Իրաքից են բերել. խմորը՝ խուրմայի միջուկով: Հիմա էլ մեզ համար ենք պատրաստում:
Մարի Միրզոյան - Պետք է անենք. առանց Կլեչեի չըլլար սեղանը:
Ասում է՝ տարվա ընթացքում որ օրն էլ փորձեք, այդքան համեղ չի ստացվում, որքան Ամանորին: Կարևորը սիրով պատրաստելն է, որ տարին էլ այդպես ընթանա:
Միշտ նոր տարվա գիշերն ընտանիքով գնում են եկեղեցի, հոգեպես խաղաղվում ու առաջին մեկ ժամը հենց այնտեղ են անցկացնում. այդ խաղաղությունը փոխանցում միմյանց՝ տարվա ընթացքում: