Հունվարի 3-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ անցկացրել է 2022 թվականի առաջին աշխատանքային խորհրդակցությունը՝ ներկաներին շնորհավորելով Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ և մաղթելով խաղաղ ու բեղմնավոր աշխատանքային տարի։
Նիստին քննարկվել են նախորդ տարում անավարտ մնացած որոշ ծրագրերի շարունակման, համավարակի դեմ պայքարի, ճանապարհների ձմեռային սպասարկման, Սևանա լճում արդյունագործական ձկնորսության ժամանակավոր դադարեցման հետ կապված միջոցառումների իրականացման, որոշ կրթական հաստատություններում պետական միջոցներով իրականացված հիմնանորոգման աշխատանքների ընթացքի ուսումնասիրման և վերահսկման, տեղական բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման վերջնական արդյունքների, խոշորացված համայնքներում հանձնման-ընդունման կազմակերպման աշխատանքների, այս տարվա սուբվենցիոն ծրագրերի կազմման և ներկայացման հետ կապված հարցեր։
Մարզպետը խորհրդակցության մասնակիցներին հանձնարարել է ամենօրյա հետևողական աշխատանքով կարգավորել առկա հիմնահարցերը և հասնել ցանկալի արդյունքների։
«Մեր առջև դրված ծրագրերը բավականին հավակնոտ են, անելիքները՝ շատ, որոնք կարող ենք հաղթահարել միայն նպատակասլաց ու հետևողական աշխատանքի արդյունքում։ Այդ իսկ պատճառով հարկավոր է ի մի բերել նախորդ տարվանից անավարտ մնացած ծրագրերն ու անելիքները՝ դրանք հնարավորինս սեղմ ժամկետներում հասցնելով ավարտի։
Չափազանց կարևոր է նաև նոր ծրագրերի ու նախագծերի կազմումը, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցության պահպանումը, յուրաքանչյուր ոլորտում աշխատանքային պատասխանատվության ու արդյունավետության բարձրացումը։ Հուսով եմ, որ սկսվող տարին կնշանավորենք տեսանելի աշխատանքային ձեռքբերումներով և հաջողություններով»,-խորհրդակցությունն ամփոփել է մարզպետ Կարեն Սարգսյանը։