Լոռու մարզի դատախազության կողմից իրականացված պատշաճ դատախազական հսկողության և դատավարական ղեկավարման ներքո ավարտվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Ստեփանավանի անտառտնտեսության թվով 8 պաշտոնատար անձանց /2 անտառապահ, 2 անտառապետ, 1 ավագ անտառապետ, անտառպահպանութհան 1 ինժեներ, 2 անտառային տեխնիկ/ վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի (Պաշտոնեական կեղծիքը) 1-ին մասով և 315-րդ (Պաշտոնեական անփութությունը) հոդվածի 2-րդ մասով իրականացված քրեական գործի նախաքննությունը:
Նշված պաշտոնատար անձանց մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ ի պաշտոնե պարտավոր լինելով իրականացնել կանխարգելիչ միջոցառումներ և հսկողություն ապօրինի անտառահատումների ու ՀՀ անտառային օրենսդրության այլ խախտումների նկատմամբ, անհրաժեշտության դեպքում կազմել անտառխախտման արձանագրություններ, ստուգել բնափայտի մթերման և այլ տեսակի անտառօգտագործման իրավունք ընձեռող փաստաթղթերն ու հսկողություն սահմանել անտառօգտագործողների կողմից դրանց կատարման նկատմամբ, ծառայության նկատմամբ դրսևորել են անբարեխիղճ և անփույթ վերաբերմունք, Գյուլագարակի անտապետության տարածքի 4 տեղամասերում շրջայցեր չեն իրականացրել, չեն հայտնաբերել և չեն արձանագրել ապօրինի հատված ծառերը: Բացի այդ, նրանք կազմել են ապօրինի հատված ծառերը չհայտնաբերելու մասին բովանդակությամբ կեղծ արձանագրություններ:
Մինչդեռ այդ տեղամասերում ավելի ուշ կատարված ստուգման արդյունքում հայտնաբերվել են ապօրինի հատված 619 տարբեր տեսակի և տրամագծերով ծառեր, ինչի հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 12.258.000 դրամի չափով վնաս։
Պետությանը պատճառված վնասը վերականգնելու համար որպես մեղադրյալ ներգրավված անձանց պատկանող գույքերի վրա դրվել է կալանք։
Դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը և քրեական գործը՝ ըստ մեղադրանքի 8 անձի, ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննելու:
Ընդհանուր առմամբ 2021 թ. ընթացքում Լոռու մարզի անտառպահպանության ոլորտի պաշտոնատար անձանց, մասնավորապես «Հայանտառ» ՊՈԱԿ անտառտնտեսությունների մասնաճյուղերի տարբեր անտառպետությունների անտառապահի և անտառապետի կողմից իրենց պարտականություններն անփույթ կատարելու պատճառով ապօրինի ծառահատումների վերաբերյալ ընդհանուր առմամբ դատարան է ուղարկվել 16 քրեական գործ՝ 19 անձի վերաբերյալ:
Բազմաթիվ նմանատիպ դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է: