Հին լեննականցի Բագրատն իրեն քաղաքում հյուր չի համարում, թեև 30 տարուց ավելի է՝ Բելգիայում է ապրում։ Տարվա ցանկացած եղանակի իր համար աշխարհի ամենաջերմ քաղաքը շատ է փոխվել՝ ասում է։
Բագրատ Պողոսյան - Իմ տղաները բիզնեսի մեջ են, ասին՝ հայրիկ, ո՞ւր կկամենաս, Մայամիում... Չէ, ես կգնամ Գյումրի։ Շատ է փոխվել, ուրիշ է, երբ որ դու ապրում ես, չես զգում. էներգետիկա կա։
Ժամանակը Գյումրիում արագ է թռչում, մի քանի օրը բավական չէ նույնիսկ պատմական միջուկն ուսումնասիրելու համար։ Ուսանողության տարիների ընկերոջ՝ Գագիկ Կարապետյանի հետ հենց հիմա մի քառասուն տարով հետ են սլանում ու էլի հին Մանկավարժականի շենքի դիմաց են: Գագիկը Նոր տարվան արդեն երրորդ ընկերոջն է դիմավորում արտերկրից:
Գագիկ Կարապետյան - Ամանորյա մեծ նվերն իրենք են, համոզում եմ, որ վերադառնան:
Զբոսաշրջային գրավչությունը Գյումրին պահում է նաև Ամանորին։ Քաղաքը մեծաթիվ հյուրեր ունի:
Վարդան Սրտաշյան (Գյումրու «Արաքս» հյուրանոցի գործադիր տնօրեն) - Ամսի 31-ի համար գիշերակացի բոլոր օբյեկտները զբաղված էին են մեկ ամիս առաջ։ Գյումրիում գիշերակացի համար ծանոթներ են, ամրագրումները եղել են:
Քովիդ համավարակով պայմանավորված այս տարի Գյումրիի հյուրերը հիմնականում հանրապետության մյուս բնակավայրերից են կամ արտերկրում ապրող հայեր։ Ամանորի Գյումրին հյուրերի համար մի քանի առավելություն ունի։
Վարդան Սրտաշյան - Ճարտարապետությունը, բնակիչները և գները․․․
Կառավարության՝ ամանորի հանգստյան օրերը կրճատելու որոշմամբ պայմանավորված բիզնեսն այս տարի աշխատում է՝ խանութներ, սրճարաններ։ Թանգարանները ևս բաց են։
Վարդգես Սամսոնյան (Գյումրիի քաղաքապետ) - Սև բերդ են գալիս, թանգարաններն են աշխատում, քաղաքի միջուկը հյուրերի համար զարդարել ենք:
Հյուրանոցների և հյուրատների տվյալներով քաղաքում մոտ 2000 զբոսաշրջիկ կա, չհաշված այն հյուրերը, որոնց ընդունել են բարեկամները։ 2022 թ. զբոսաշրջային քաղաքի համար նոր հավակնոտ ծրագրեր կան, որպեսզի մինչև հաջորդ տարի հյուրերի թիվը կրկնապատկեն։