ՌՈՒՍԱՍՏԱՆ
ՄՈՍԿՎԱՆ՝ ՏՈՆԱԿԱՆ ԼՈՒՅՍԵՐԻ ՄԵՋ ՈՂՈՂՎԱԾ
Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվան տոնական օրերին ողողված է հազարավոր լույսերով: Ամանորի և Սուրբծննդյան առիթով չորս հազարից ավելի լուսային ինստալյացիաներ են տեղադրվել Մոսկվայում: Այս մասին հայտնել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը:
Մայրաքաղաքի կենտրոնական հատվածում ճյուղաշղթաներով ու տոնական լույսերով պատրաստված կամարաշարեր են, դրանք և շքեղ զարդարված տոնածառերը ռուս դիզայներների աշխատանքներն են:
Անցյալ տարի կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումների պատճառով տոնական միջոցառումները Մոսկվայում մասամբ չեղարկվել էին: Այս տարի ավանդական «Ճանապարհորդություն դեպի Սուրբ Ծնունդ» միջոցառումը նախատեսված է անցկացնել Մոսկվայի 27 վայրերում, այդ թվում՝ Կարմիր հրապարակում:
ՃԱՊՈՆԻԱ
ԱՎՏՈԲՈՒ՞Ս, ԹԵ՞ ԳՆԱՑՔ. ԿԱՄ ԵՐԿՈՒՍԸ՝ ՄԵԿՈՒՄ
Ճապոնիայի Տոկուսիմա պրեֆեկտուրայի Կայո քաղաքում շահագործման է հանձնվել փոխադրամիջոց, որն աշխատում է երկու ռեժիմով՝ ավտոբուսի և գնացքի:
Երկռեժիմ մեքենան, որը նման է միկրոավտոբուսի, սովորական ճանապարհներով շարժվելիս աշխատում է անվադողերով: Երբ այն հասնում է երկաթգծի կայան, պողպատե անիվները մեքենայի ստորին մասից իջնում են երկաթգծի վրա՝ այն վերածելով գնացքի:
Գնացքի անիվները բարձրացնում են առջևի անվադողերը գծից, իսկ հետևի անվադողերը մնում են կապի մեջ՝ ապահովելով երկռեժիմ մեքենայի շարժը երկաթգծի վրայով:
Այս համակարգն իրականում սկսել են մշակել դեռևս 2002 թվականից: Մեքենան կարող է տեղափոխել 21 ուղևորի, այն շարժվում է ժամում մինչև 60 կմ արագությամբ, եթե որպես գնացք է աշխատում, իսկ որպես ավտոբուս՝ կարող է ժամում զարգացնել մինչև 100 կմ արագություն:
Այս երկռեժիմ մեքենաները հանրային տրանսպորտի մաս դարձնելու հեղինակները վստահեցնում են, որ հատկապես ծերացող բնակչությամբ գյուղական վայրերում ակնկալում են, որ այն հասարակական տրանսպորտի հիանալի տարբերակ կլինի:
ԿՈԼՈՒՄԲԻԱ
ԱԼԲԻՆՈՍ ՅԱԳՈՒԱՐՈՒՆԴԻ՝ ԿՈԼՈՒՄԲԻԱՅՈՒՄ
Կոլումբիայում փրկել են հազվագյուտ ալբինոս յագուարունդիի ձագի, որի հետ անասնաբույժներն օր ու գիշեր աշխատում են, որպեսզի առողջացնեն:
Կենդանին էգ է, նրան գտել են Աբուրա Վելիի մետրոյի տարածքում: Սա առաջին դեպքն է, որ Կոլումբիայում յագուարունդի է հանդիպում:
Մասնագետների հավաստմամբ՝ քանի որ այս ձագն ալբինոս է, վայրի բնության մեջ նրա գոյատևման շանսերը սահմանափակ են:
Կառլոս Մադրիդ (անասնաբույժ) - Այս պահին չի կարելի այս կենդանուն բաց թողնել վայրի բնություն, քանի որ նա ալբինոս է: Այս կենդանին հակված է առողջական խանգարումների, վայրի բնության մեջ նա կբախվի որոշակի անհարմարությունների, օրինակ՝ հարկ եղած դեպքում չի կարողանա քողարկվել: Ուստի միակ այլընտրանքն անազատության մեջ, այսպիսի այգում ապրելն է:
Առաջնային բժշկական օգնություն ստանալուց հետո կատվազգիների հազվագյուտ ներկայացուցչին կտեղափոխեն Մեդելինի արգելոց:
Յագուարունդիները պումայի տեսակ են, հայրենիքը Հյուսիսային և Հարավային Ամերիկաներն են: Այս կենդանիները սովորաբար ապրում են միայնակ և մեկ այլ յագուարունդիի հանդիպում են միայն զուգավորման ժամանակ:
ՆԻԳԵՐԻԱ
ԱՂԲԻՑ ՄԻՆՉԵՎ ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅՈՒՆ
Կլիմայի փոփոխության 15-ամյա ակտիվիստ Էսոհե Օզիգբոն Նիգերիայում դուրս է եկել կատվաքայլի: Առաջին հայացքից թվում է, թե արտասովոր ոչինչ չկա, սակայն միայն առաջին հայացքից: Նա ներկայացրել է պոլիէթիլենային թափոնից պատրաստված հագուստ:
Աֆրիկայի ամենախիտ բնակեցված երկրներից մեկում, որտեղ ավելի քան 20 միլիոն մարդ է ապրում, պլաստիկե թափոնների կարելի է հանդիպել գրեթե ամենուր: Այնտեղ աղբն այս ու այն կողմ թափելը սովորական է:
Լագոսում թափոնների հսկայական քանակի դեմ իրենց ուղերձը տեղ հասցնելու նպատակով Օզիգբոն և իր ընկեր ակտիվիստները պլաստիկե տոպրակներն ամրացնում են գործվածքին ու հագուստ պատրաստում: Ամենամյա իրենց միջոցառումն էլ անվանում են «Թրաշոն շոու», այսինքն՝ «աղբի նորաձևության շոու»:
Էսոհե Օզիգբոն (բնապահպան ակտիվիստ) - «Թրաշոն շոուն» ինձ համար մեծ նշանակություն ունի: Ես դա անում եմ տարիներ շարունակ: Այսկերպ ցանկանում եմ բոլորին ցույց տալ, թե ինչ կարելի է անել այն աղբը, որը մենք անփութորեն թափում ենք: Մենք իրոք կարծում ենք, որ այս նախաձեռնությամբ կարող ենք ինչ-որ բան փոխել այս աշխարհում:
Օզիգբոն և իր գործընկերները մտադիր չեն երբևէ հանձնվել, անկախ այն բանից՝ պետք է իջնեն աղբավայր ու կեղտոտվեն, թե՝ «լավ մաքրեն» այս կամ այն տարածքը՝ իրենց գործի համար:
ԱՄՆ
ՎԱՐԴԵՐԻ ՇՔԱՀԱՆԴԵՍԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
Փասադենայում ընթանում են Վարդերի շքահանդեսի նախապատրաստական աշխատանքները: Այս տարվա միջոցառման խորագիրն է՝ «Երազի՛ր, հավատա՛, հասի՛ր»:
Անցած տարի վարդերի շքահանդեսը չէր անցկացվել կորոնավիրուսի պատճառով: Ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդկանց համար Վարդերի շքահանդեսն Ամանորի խորհրդանշական ավանդույթ է:
ՉԵԽԻԱ
ՍԱՌՑԱՋՐՈՒՄ ԼՈՂԻ ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑԱՇԱՐ
Հարյուրավոր լողորդներ խիզախել են մտնել Պրահայի Վլտավա գետի սառցակալած ջրերը՝ ի պատիվ ձմեռային լողի առաջատար մարզիկ Ալֆրեդ Նիկոդեմի:
360 մասնակիցները, որոնք աշխարհի տարբեր երկրներից են, այդ թվում՝ Լեհաստանից, ԱՄՆ-ից և Անգլիայից, մասնակցել են լողի 100, 300 և 750 մետր լողատարածություններում մրցաշարին:
Օդի ջերմաստիճանը -6 է ըստ Ցելսիուսի, իսկ ջրում՝ 3-4 աստիճան է: Սա վերջին տարիների ամենացածր ջերմաստիճանն է:
Լենկա Ստերբովան 750 մետրը լողալով անցել է 9 րոպե 11 վայրկյանում: Նա էլ այդ լողատարածությունում հաղթողն է:
Լենկա Ստերբովա (լողորդ) - Այս տարին իսկապես ցրտաշունչ է: Ջրից դուրս նույնպես շատ ցուրտ է: Պատրաստվում եմ փակ տարածք մտնել և ջեռուցիչի մոտ սառույցս հալեցնել:
Ալֆրեդ Նիկոդեմը Պրահայի հայտնի ոսկերիչներից էր և Չեխիայում ձմեռային լողի հիմնադիրը: Իր սակավաթիվ ընկերների հետ 1923 թվականին համարձակվել էր լողալ Պրահայի սառը ջրերում:
Հինգ տարի անց Ալֆրեդի հետ լողում էր ավելի քան հիսուն մարդ։ Այդ ժամանակից ի վեր ավանդույթը պահպանվում է ամեն տարի։
ԳԵՐՄԱՆԻԱ
ԲԵՌԼԻՆՑԻՆԵՐԸ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴԸ ՆՇՈՒՄ ԵՆ ՍԱՌՑԱՋՐՈՒՄ ԼՈՂԱԼՈՎ
Բեռլինի Օրանկեզե լճում տասնյակ լողորդներ, անտեսելով ցուրտ եղանակը, մասնակցել են սառցաջրում ամենամյա Սուրբծննդյան լողին:
Բոլոր տարիքի կանայք ու տղամարդիկ լիճը ցատկելուց առաջ տոնական երգեր են կատարել: Նրանք կրել են հիմնականում Սանտայի ու ձնեմարդու գլխարկներ, գծավոր լողազգեստներ, մի քանիսը՝ նույնիսկ ձեռնոցներ:
Այս լողորդներից շատերը «Բեռլինի փոկեր» լողի ակումբի անդամներ են: Նրանք շատ են ուրախացել, երբ պարզել են, որ լճի վրա սառույցի շերտ է գոյացել: Ջրի ջերմաստիճանը լողի պահին եղել է +3, ըստ Ցելսիուսի:
Բորիս Պոնաու (սառցաջրում լողի մասնակից) - Այսօր հիանալի եղանակ է մեզ մոտ, արևը շողում է, լճի վրա սառույցի հիասքանչ շերտ է գոյացել: Ամենազվարճալի պահը, իհարկե, սառույցը կոտրելն ու լիճը մտնելն է:
Սառցաջրում լողի մասնակիցների շարքերում կան մարդիկ, որոնք արդեն 30 տարի է՝ զբաղվում են դրանով: Վստահեցնում են, որ, ասես, կախվածություն են ձեռք բերել:
«Բեռլինի փոկեր» ակումբը հիմնադրվել է 1979 թվականին, 70 անդամ ունի: Նրանք սկսում են սառը ջրերում լողով զբաղվել սեպտեմբեր ամսից:
ՀՈՐԴԱՆԱՆ
ՕՐԻԳԱՄԻԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ՝ ԾԱՌԱՏՈՒՆԿԻ ՀԱՄԱՐ
Հորդանանցի Ռանիմ Քուբեյթարին իր երկու թիմակիցների հետ ժամերով աշխատում է մայրաքաղաք Ամմանում գործող իր ստուդիայում: Նրանք պատրաստում են յուրահատուկ օրիգամիի և թղթե այլ աշխատանքներ՝ անհատ պատվիրատուների ու խանութների համար: Նրանք համոզված են, որ այս գործով զբաղվելով՝ նպաստում են շրջակա միջավայրի պաշտպանությանը:
Բանն այն է, որ Ռանիմը հաշվարկում է թղթի ճշգրիտ քանակությունը, որն օգտագործում են յուրաքանչյուր նախագծում, որպեսզի կարողանա գումար նվիրաբերել համարժեք թվով ծառեր տնկելու համար: Կինը հույս ունի, որ դա կթեթևացնի այն բացասական ազդեցությունը, որն իր արվեստը թողնում է շրջակա միջավայրի վրա, քանի որ իր գործի համար թուղթ է հարկավոր, իսկ թուղթն ստանում են ծառեր կտրելու արդյունքում:
Բացի այդ, Ռանիմը լիահույս է, որ իր աշխատանքները տեսնելով՝ հորդանանցիները կսկսեն ավելի շատ թուղթ օգտագործել պլաստիկի փոխարեն, ինչն ավելի շատ է աղտոտում շրջակա միջավայրը:
Ռանիմ Քուբեյթարի (ինտերիերի ձևավորող, օրիգամիի մասնագետ) - Օրիգամիի աստղերը մարդկանց ամենասիրելի նվերներն են, քանի որ դրանք երբեք չեն վերանում կամ փչանում: Կարելի է բացել աստղիկն ու կարդալ ներսում գրված հաղորդագրությունը: Այս աշխատանքներն ինձ համար մեծ նշանակություն ունեն, նաև անձնական առումով, քանի որ դրանք ինձ օգնել են հաղթահարելու դեպրեսիաս-ընկճախտը:
Ռանիմի և նրա թիմակիցների վերջին աշխատանքները թեմատիկ են. պատրաստել են թղթե պինգվիններ ու տոնածառեր, նաև թղթե նուրբ խաղալիքներ՝ տոնածառերը զարդարելու համար: Նրանք գոհ են թե՛ իրենց աշխատանքներից և թե՛ այն արձագանքներից, որոնք ստանում են հավատարիմ հաճախորդներից:
ԱՎՍՏՐԱԼԻԱ
ԱՎՍՏՐԱԼԱՑԻՆԵՐԸ ՏՈՆԵՐԸ ՆՇՈՒՄ ԵՆ ԼՈՂԱՓԻՆ
Սիդնեյի Բոնդի լողափում հավաքված մարդիկ նշում են Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Նրանց համոզմամբ՝ սա հրաշալի վայր է տոներին լիաթոք զվարճանալու համար: Նրանց մեջ կան մարդիկ, որոնք Մեծ Բրիտանիայից են ժամանել Ավստրալիա և կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումների պատճառով չեն կարողացել հայրենիք վերադառնալ: Նրանք նույնպես չեն տխրել, քանի որ Մեծ Բրիտանիայում այս օրերին այսքան տաք ու արևոտ չէ:
Մեթյու Ջոնսոն (զբոսաշրջիկ Մեծ Բրիտանիայից) – Դեպի տուն թռիչքներ չկան: Դրա համար էլ որոշեցի այստեղ լավագույնս նշել տոները: Ինձ Ավստրալիան ու հատկապես Բոնդի լողափը շատ են դուր գալիս: Տոները լողափին նշելն ինձ համար երազանք էր:
Քանի որ լողափին ձյուն չկա, շատերը Սանտայի գլխարկներով լուսանկարվել են ավազի վրա տեղադրված տոնածառի կողքին՝ իրենց ժամանցին տոնական շունչ հաղորդելու համար: