2021 թվականը սկսվեց Վաշինգտոնում տեղի ունեցած՝ բնույթով աննախադեպ անկարգություններով: ԱՄՆ նախագահի ընտրություններում դեմոկրատ Ջո Բայդենի հաղթանակից հետո Դոնալդ Թրամփն իր կողմնակիցներին հորդորեց բոյկոտել քվեարկության արդյունքները և գրոհել Կոնգրեսի շենքը։ Հունվարի 6-ին տասնյակ ցուցարարներ կարողացան մի քանի ժամով գրավել այն և խոչընդոտել Կոնգրեսի համատեղ նիստը, որի ընթացքում պետք է հաստատվեին ընտրությունների արդյունքները։ Ցուցարարների և ոստիկանների միջև բախումների ընթացքում զոհվեց 5 մարդ։
Հունվարի 20-ին 78-ամյա Ջո Բայդենը դարձավ ԱՄՆ 46-րդ նախագահը: Բայդենի նախագահության 1 տարին, ըստ գնահատականների, վերջին 40 տարվա ընթացքում ամենաանհաջող մեկնարկներից է: Նրա վարկանիշը հասել է ռեկորդային ցածր մակարդակի: Բնակչության ավելի քան 50 տոկոսը բացասական է գնահատում Բայդենի նախագահությունը՝ դատապարտելով նրան Աֆղանստանից զորքերի դուրսբերման, կորոնավիրուսի դեմ պայքարի ձախողման, ռասայական խնդիրներին բավականաչափ ուշադրություն չդարձնելու համար։
2021 թվականի փետրվարի 1-ին Միացյալ Թագավորությունը լքեց Եվրամիությունը՝ դուրս գալով եվրոպական միասնական շուկայից և մաքսային միությունից: Լոնդոնի և Բրյուսելի միջև ստորագրված «Առևտրի և համագործակցության» համաձայնագրի շրջանակում Բրիտանիայի և ԵՄ միջև պահպանվեց առանց տուրքերի և քվոտաների առևտրի հնարավորությունը։ Փաստաթղթի համաձայն՝ կողմերը շարունակեցին գործակցությունը գիտության, անվտանգության, նոր տեխնոլոգիաների, ինչպես նաև ձկնաբուծության, էներգետիկայի և կլիմայի փոփոխության դեմ պայքարի ոլորտներում։ Եվրոստատի տվյալով՝ Brexit-ից հետո Մեծ Բրիտանիայի և ԵՄ-ի միջև առևտրային հոսքը զգալիորեն նվազել է:
Ապրիլին Վիեննայում մեկնարկեց Իրանի միջուկային գործարքի վերականգնման բանակցությունը։ Ամերիկյան և իրանական պատվիրակությունների միջև կապն ապահովել են ֆրանսիացի դիվանագետները։ Իրանի, Ռուսաստանի, Չինաստանի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի պատվիրակությունների բանակցությունների առանցքում, մի կողմից, Իրանի ստանձնած պարտավորությունների լիարժեք իրականացումն է, մյուս կողմից՝ Թեհրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների չեղարկումը:
Բանակցային գործընթացն ընդհատվեց հունիսին՝ Իրանում նախագահական ընտրությունների ֆոնին: Իսլամական Հանրապետության նոր նախագահ դարձավ Իրանի դատական իշխանության ղեկավար, Իրանի պահպանողական թևը ներկայացնող Էբրահիմ Ռայիսին։
Նոյեմբերին մեկնարկեց բանակցությունների 7-րդ փուլը, որը որոշակի լավատեսություն ներշնչեց: Դեկտեմբերին էլ Վիեննայում սկսվեց 8-րդ փուլը, որն ըստ մասնակիցների գնահատականների՝ կարող է լինել վերջինը: Ակնկալվում է, որ հունվարի վերջին կամ փետրվարի սկզբին կողմերը կարձանագրեն շոշափելի արդյունքներ:
Հունիսի 13-ին Իսրայելի պաշտպանության նախկին նախարար, «Յամինա» կուսակցության նախագահ Նաֆթալի Բենեթը 60 կողմ, 59 դեմ և 1 ձեռնպահ հարաբերակցությամբ ընտրվեց վարչապետ։ Առաջիկա երկու տարում կառավարությունը կղեկավարի Բենեթը, ինչից հետո, ըստ կոալիցիոն պայմանավորվածությունների, նրան կփոխարինի «Եշ Աթիդ» կուսակցության առաջնորդ Յաիր Լապիդը՝ մինչև նոր խորհրդարանական ընտրությունները։
Նախկին վարչապետ և «Լիկուդ» կուսակցության առաջնորդ Բենիամին Նեթանյահուն, որը ղեկավարել է կառավարությունը ավելի քան 12 տարի, հայտարարեց, որ ջանք չի խնայի հնարավորին շուտ հեռացնելու նոր կառավարությանը, որին նա համարել է վտանգավոր։
Նոր ճգնաժամ ստեղծվեց Բելառուսի և Եվրամիության սահմանին: Իրաքից, Սիրիայից և Աֆղանստանից հազարավոր փախստականներ փորձում էին Բելառուսի տարածքով անցնել Եվրամիություն: Լատվիան, Լիտվան և Լեհաստանը մի քանի ամսում սահմանների տարբեր հատվածներում կառուցեցին պաշտպանական ենթակառուցվածքներ, սակայն երբեմն նույնիսկ դա չէր կասեցնում փախստականների հոսքը: ԵՄ իշխանությունները Լուկաշենկոյին և բելառուս իրավապահներին մեղադրեցին միգրանտների տեղափոխմանն ուղղակիորեն մասնակցելու համար: Ստեղծված իրավիճակը որակվեց որպես հիբրիդային պատերազմ, և Մինսկի նկատմամբ սահմանվեցին նոր պատժամիջոցներ։ Բելառուսական կողմը չթաքցրեց միգրացիոն ճգնաժամի առաջացման հարցում ունեցած դերակատարումը՝ միգրանտների հոսքի կասեցման համար պահանջելով համապատասխան ֆինանսական աջակցություն, ինչպես Թուրքիայի դեպքում էր։
Հուլիսի 14-ին Եվրահանձնաժողովը հրապարակեց մթնոլորտ վնասակար արտանետումները նվազեցնելու առաջարկների փաթեթը։ Եվրոպական կանաչ գործարքը նախատեսում է մինչև 2035 թվականը անցում էկոլոգիապես մաքուր տրանսպորտային միջոցների:
Օրենքը ԵՄ անդամ երկրների համար սահմանեց ածխաթթու գազի արտանետումների նվազեցման թույլատրելի սահմաններ։ ԵՄ-ն մշակում է նաև մինչև 2030 թվականը Եվրոպայում 3 միլիարդ ծառ տնկելու ծրագիր:
Տարվա գլխավոր թեմաներից մեկը դարձան Աֆղանստանում տեղի ունեցող զարգացումները։ Մայիսին Աֆղանստանից ամերիկյան զորակազմի ամբողջական դուրսբերման վերաբերյալ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որոշումից հետո «Թալիբան» շարժման զինյալները զգալիորեն ակտիվացան։ Օգոստոսի 15-ին թալիբները մտան Քաբուլ և հայտարարեցին լիակատար վերահսկողության հաստատման մասին։ Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին փախավ երկրից։ Քաբուլի օդանավակայանում սկսվեց օտարերկրացիների և երկիրը լքել ցանկացող աֆղանստանցիների զանգվածային և անկանոն տարհանումը:
Աֆղանստանում իշխանություն հաստատած «Թալիբանը» ձևավորեց ժամանակավոր կառավարություն, որը բախվեց երկրում ահագնացող հումանիտար լուրջ խնդիրների: Միջազգային կազմագերպությունների գնահատմամբ՝ «սա աշխարհում մինչ օրս ամենածանր հումանիտար ճգնաժամն է»։
Երկրի տնտեսական կյանքի վերականգնման ջանքերին զուգահեռ «Թալիբանը» փորձեց հասնել նաև միջազգային ճանաչման: Մի քանի ամսվա ընթացքում նրանց ժամանակավոր կառավարությունն այդ հարցում զգալի հաջողություն արձանագրեց և պաշտոնական մակարդակով արդեն շփումներ հաստատեց տարբեր երկրների և կազմակերպությունների հետ:
Սեպտեմբերին հայտնի դարձավ, որ Ավստրալիան, Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ն եռակողմ պաշտպանական դաշինք են ձևավորում։ AUKUS անվանումն ստացած միության նպատակն է հակազդել Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ՉԺՀ-ի ռազմական ներկայության աճին։ Երկրների միջև ստորագրված համաձայնագրով նախատեսվում է գործակցություն պաշտպանական տեխնոլոգիաների, արհեստական բանականության ոլորտում: Դաշինքի շրջանակում Ավստրալիայի ռազմածովային նավատորմն առաջին անգամ հնարավորություն ստացավ ատոմային սուզանավեր կառուցել։
Գործարքից հետո Ավստրալիան խզեց 66 մլրդ արժողությամբ պայմանագիրը ֆրանսիական Naval Group պաշտպանական կազմակերպության հետ, ինչը հանգեցրեց Փարիզի և Կանբերայի միջև հարաբերությունների սրման։ Ֆրանսիան պատմության մեջ առաջին անգամ հետ կանչեց ԱՄՆ-ում և Ավստրալիայում իր դեսպաններին։ Պաշտոնական Մոսկվան նույնպես հայտարարեց, որ վտանգներ է տեսնում նոր դաշինքում:
Հրապարակվեցին Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի գլխավորությամբ՝ ավելի քան 650 լրագրողի ուսումնասիրության միջոցով պարզված օֆշորային սխեմաներում 100-ից ավելի միլիարդատերերի, 35 համաշխարհային առաջնորդների և 400 քաղաքական գործիչների ներգրավման մասին մեծածավալ տվյալները։ «Պանդորայի փաստաթղթեր» անունը ստացած հետաքննությունում շրջանառվում են Ուկրաինայի, Չիլիի, Չեխիայի, Պակիստանի, Ադրբեջանի և այլ երկրների առաջնորդների անուններ։ «Պանդորայի փաստաթղթեր»-ի համաձայն՝ Ալիևների ընտանիքը և նրանց համախոհները ներգրավված են եղել Մեծ Բրիտանիայում անշարժ գույքի ավելի քան կես միլիարդ դոլար արժողությամբ գործարքներում։
Հոկտեմբերի 30-ին Իտալիան հյուրընկալեց Մեծ քսանյակի գագաթնաժողովը: Օրակարգի երեք հիմնական բաժիններ էին՝ «Մարդիկ», «Մոլորակ» և «Բարեկեցություն»: Գագաթնաժողովի արդյունքներով G20-ի երկրներն ընդունեցին հռչակագիր, որով պարտավորվեցին ջանքեր գործադրել՝ ապահովելու համընդհանուր, արդյունավետ, որակյալ, մատչելի և անվտանգ պատվաստանյութերի հասանելիությունը: Բացի դրանից՝ գագաթնաժողովի մասնակիցները ճանաչեցին մինչև 21-րդ դարի կեսերը գլոբալ ածխածնային չեզոքության հասնելու անհրաժեշտությունը: Նրանք պարտավորվեցին նաև պահպանել զբոսաշրջության ոլորտի կայուն և արագ վերականգնումը, որն ամենաշատն է տուժել համավարակից: Հռչակագրում նշվում է, որ կողմերը հանդես են գալիս մշակութային ժառանգության պահպանման օգտին:
Նոյեմբերին Գլազգոյում տեղի ուենցավ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովը, որին մասնակցեց 200 երկրի ներկայացուցիչ: Հանդիպման հիմնական նպատակը 2015 թվականին ստորագրված՝ կլիմայի վերաբերյալ Փարիզյան համաձայնագրի կատարման առաջին արդյունքների քննարկումն էր: Համաժողովի նախագահ Ալոկ Շարման նախաձեռնությունն անվանել է «մեր վերջին, լավագույն հույսը»:
Համաժողովի շրջանակում գրեթե 100 պետություն համաձայնեց մինչև 2030 թվականը մեթանի արտանետումները 30 տոկոսով նվազեցնելու՝ Եվրամիության և ԱՄՆ-ի գլոբալ նախաձեռնության հարցում:
«Սա մեծ ձեռքբերում կլինի ոչ միայն կլիմայի փոփոխության դեմ պայքարում, այլև դրական կազդի մարդկանց առողջության վրա: Այս ճանապարհին մենք պետք է զարկ տանք նաև խելացի գյուղատնտեսության զարգացմանը», - հայտարարեց ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:
Համաշխարհային առաջնորդները խոստացան նաև մինչև 2030 թվականը վերջ տալ անտառահատումներին: Որոշում է կայացվել մոտ 19 մլրդ դոլար հատկացնել անտառների փրկությանը:
Անգելա Մերկելը 16 տարի Գերմանիան ղեկավարելուց հետո լքեց կանցլերի պաշտոնը և մեկընդմիշտ հեռացավ քաղաքականությունից։
Սոցիալ-դեմոկրատական, Կանաչների և Ազատ դեմոկրատական կուսակցությունները ստորագրեցին կոալիցիոն կառավարություն ձևավորելու համաձայնագիր, իսկ երկրի նոր կանցլեր դարձավ սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Օլաֆ Շոլցը:
2021 թվականին Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վ;ադիմիր Պուտինը և Ջո Բայդենը երկու հանդիպում ունեցան: Առաջինը՝ հունիսին Ժնևում, երկրորդը՝ դեկտեմեբրին՝ հեռավար ձևաչափով: Հանդիպումների ընթացքում քննարկվեցին Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը, Եվրոպայում անվտանգային իրավիճակը, ռուս-ամերիկյան հարաբերությունները և միջազգային իրադրության լիցքաթափման հանարվորությունները: Բայդենը նախազգուշացրեց, որ Արևմուտքը կոշտ տնտեսական և այլ միջոցներ կձեռնարկի, եթե Ռուսաստանը ներխուժի Ուկրաինա: Վլադիմիր Պուտինն էլ, իր հերթին, երաշխիքներ պահանջեց, որ ՆԱՏՕ-ն այլևս չի ընդլայնվի դեպի արևելք։ Նախագահները հանձնարարականներ տվեցին իրենց թիմերին՝ միջոցառումներ ձեռնարկել Ուկրաինայի հետ սահմանին իրավիճակի լիցքաթափման համար։
Դեկտեմբերի 17-ին ՌԴ ԱԳՆ-ն հրապարակեց ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի հետ անվտանգության երաշխիքների մասին պայմանագրերի նախագծերի իր տարբերակները։ Վաշինգտոնն ու Բրյուսելն անընդունելի որակեցին ՌԴ առաջարկները, սակայն համաձայնեցին հետագա խորհրդակցություններին։ Ռուս-ամերիկյան բանակցությունները նախատեսված են 2022 թվականի հունվարին՝ Ժնևում։
Միացյալ Նահանգների գլխավորած միջազգային կոալիցիան դեկտեմբերին հայտարարեց, որ ավարտել է Իրաքի տարածքից զորքերի դուրսբերումը: Երկրում դեռևս շարունակում են մնալ սահմանափակ թվով ռազմական խորհրդատուներ, որոնք օգնելու են ահաբեկչության դեմ պայքարում։ Այս տարվանից սկսած միջազգային կոալիցիայի բոլոր ռազմական բազաներն անցնում են Իրաքի ԶՈՒ վերահսկողության տակ:
ԱՄՆ-ը դիվանագիտական բոյկոտ հայտարարեց 2022 թ․ փետրվարի 4-20-ը կայանալիք Պեկինի ձմեռային Օլիմպիական խաղերին, ինչի հետևանքով Ամերիկացի պաշտոնյաները չեն մասնակցի խաղերի բացման արարողությանը: Պատճառն ըստ Վաշինգտոնի՝ Չինաստանում մարդու իրավունքների հետ կապված խախտումներն են: Ամերիկյան իվանագիտական բոյկոտին միացել են Ավստրալիան և Մեծ Բրիտանիան։ Պեկինը քննադատել է ԱՄՆ-ի որոշումը՝ անթույլատրելի որակելով սպորտի քաղաքականացումը:
Տարին կհիշվի նաև բազմաթիվ բնական աղետներով։ Թուրքիայում ամռանը մոլեգնեցին կործանարար անտառային հրդեհները, որոնց մարման համար Թուրքիան դիմեց միջազգային գործընկերներին: Կրակի չդադարող տարածման ֆոնին տեղական իշխանությունները ստիպված էին տարհանել զբոսաշրջիկներին և տեղաբնակներին։ Թուրքիայի նախագահ Էրդողանը հանձնարարեց երկրի դատախազությանը հետաքննել հրդեհի արհեստածին լինելու վարկածը։ Սակայն բնակչության մեծ մասի կարծիքով՝ կրակի արագ և անկառավարելի տարածման գլխավոր պատճառը եղանակային պայմաններն էին։
Մասշտաբային անտառային հրդեհներ գրանցվեցին նաև ԱՄՆ-ում, Հունաստանում, Ֆրանսիայում, Ռուսաստանում։ ԱՄՆ-ում էլ այս տարի 50-ից ավելի պտտահողմերի հետևանքով մահացեվ ավելի քան 100 մարդ։
Ձյան առատ տեղումների և ջրհեղեղների պատճառով տուժեցին Հունաստանը, Գերմանիան, Բուլղարիան, Ալբանիան, Սերբիան, Հնդկաստանը, Չինաստանը, Մալայզիան։ Բրազիլիայում ջրհեղեղի հետևանքով հազարավոր մարդիկ կորցրեցին տները, մահացավ 20-ից ավելի, վիրավորվեց մոտ 200 մարդ։
Իսպանիայի Լա Պալմա կղզում սեպտեմբերի 13-ին սկսված Կոմբրե Վիեխա հրաբխի ժայթքման հետևանքով ավերվեց ավելի քան 3000 շինություն, տարհանվեց 6000 մարդ։ Հրաբուխը հանգեց միայն դեկտեմբերի 13-ին, սակայն վտանգ կա, որ այն կրկին կակտիվանա։ 48 մարդ մահացավ, տասնյակ մարդիկ տուժեցին նաև Ինդոնեզիայի Ճավա կղզում Սեմերու հրաբխի ժայթքման պատճառով։
2021 թվականին կորոնավիրուսը շարունակեց տարածվել ամբողջ աշխարհում։ Մահերի թիվը գերազանցեց հինգ միլիոնը։ Ապրիլին հայտնաբերվեց կորոնավիրուսի դելտա շտամը։ Արդեն հունիսին այն գերակշռում էր աշխարհում։ Գիտնականները ակտիվորեն կոչ էին անում բնակչությանը պատվաստվել։
Համաճարակաբանական իրավիճակի սրման ֆոնին երկրների իշխանությունները սկսեցին խստացնել սահմանափակումները, մի շարք տեղերում ներմուծվեց սանիտարական անցագրերի համակարգը, ինչը որոշ դեպքերում առաջացրեց դժգոհությունների ալիք:
Արդեն տարեվերջին Հունաստանը, Չեխիան, Սլովակիան և մի շարք այլ երկրներ կրկին հայտարարեցին կոշտ լոքդաունի մասին, որոշ երկրներում, օրինակ՝ Ավստրիայում, պատվաստվելը պարտադիր դարձավ՝ նույնիսկ օրենսդրական մակարդակով։ Կորոնավիրուսի պատճառով 2020 թվականին հետաձգված Երեսուներկուերորդ ամառային օլիմպիական խաղերը տեղի ունեցան 2021 թվականին՝ խիստ սահմանափակումների պայմաններում:
Նոյեմբերի 11-ին Հարավային Աֆրիկայում գրանցվեց կորոնավիրուսի նոր շտամ, որը ստացավ «Օմիկրոն» անվանումը: Այն արդեն տարածվել է ավելի քան 100 երկրում։
ԱՀԿ-ի փոխանցմամբ՝ հետազոտությունները ցույց են տվել, որ «Օմիկրոնը» «Դելտա» շտամի համեմատ ավելի արագ է տարածվում, սակայն մահացության դեպքերի թիվն ավելի փոքր է: Այնուհանդերձ, գիտնականները զգուշացրեցին՝ վերջնական եզրակացություններ անելու համար դեռևս չկան բավարար չափով տվյալներ։