ԼԱՎՐՈՎԸ ԿԱՐԵՎՈՐԵԼ Է ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ ՌԴ-Ի ՀԱՄԱՐ
Անվտանգության երաշխիքների վերաբերյալ Ռուսաստանի առաջարկներն ուղղված են պայմանավորվածությունների նոր համակարգի ստեղծմանը և իրավական ձևակերպմանը, որը հիմնված կլինի ռազմական գերազանցության հասնելու փորձերից հրաժարվելու սկզբունքի վրա՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Նա նշել է, որ ԱՄՆ-ի հետ պայմանագրի և ՆԱՏՕ-ի հետ համաձայնագրի նախագծերը փաթեթային բնույթ են կրում․ «Դրանք կոչված են բացառելու ՆԱՏՕ-ի կողմից դեպի արևելք հետագա ցանկացած առաջխաղացումը և ՌԴ սահմանների մոտ սպառազինության համակարգերի տեղակայումը»,- հավելել է Լավրովը։
ՌԴ ԱԳ նախարարն ընդգծել է, որ ռուսական կողմին անհրաժեշտ են իրավական ուժ ունեցող երաշխիքներ, քանի որ Ռուսաստանի արևմտյան գործընկերները պարբերաբար չեն կատարում քաղաքական պարտավորությունները։
ԿԱՅԱՑԵԼ Է ՊՈՒՏԻՆ-ԲԱՅԴԵՆ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑԸ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ 50 րոպե տևած հեռախոսազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ը և իր դաշնակիցները վճռականորեն կպատասխանեն Ուկրաինա ցանկացած ներխուժմանը։ Այդ մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Սակին։
Երկու երկրի ղեկավարները հաստատել են նաև, որ անվտանգության երաշխիքների շուրջ 2022 թվականի հունվարի 10-ին Ժնևում կայանալիք բանակցությունների ընթացքում կքննարկվեն ոլորտներ, որոնց շուրջ, հնարավոր է, զգալի առաջընթաց արձանագրվի: Սակայն կլինեն նաև ոլորտներ, որոնց դեպքում համաձայնություն ձեռք բերելն անհնար կլինի: Այդ մասին էլ ՌԴ և ԱՄՆ ղեկավարների զրույցին նվիրված հատուկ ճեպազրույցում հայտնել է Վաշինգտոնի վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը։ «Առաջիկա տասը օրվա ընթացքում մենք կշարունակենք ինտենսիվ խորհրդակցությունները մեր դաշնակիցների և գործընկերների հետ»,- հավելել է ամերիկացի պաշտոնյան։ Սա վերջին ամսվա ընթացքում նախագահների արդեն երկրորդ զրույցն է։
ՀՐԴԵՀՆԵՐ ԱՄՆ ԿՈԼՈՐԱԴՈ ՆԱՀԱՆԳՈՒՄ
Անտառային հրդեհներ են մոլեգնում ԱՄՆ Կոլորադո նահանգում: Հուժկու քամիների պատճառով կրակը տափաստանից տեղափոխվել է դեպի քաղաքներ։ Կոլորադոյի նահանգապետ Ջարեդ Փոլիսը արտակարգ դրություն է հայտարարել։
Հարյուրավոր տներ ավերվել են, տասնյակ հազարավոր մարդիկ՝ տարհանվել։ Ամենաարագը կրակը տարածվել է Դենվերից հյուսիս գտնվող Բոուլդեր քաղաքում: Իշխանությունների փոխանցմամբ՝ արագ տարածվող հրդեհի պատճառը կարող են լինել էլեկտրահաղորդման գծերը և տրանսֆորմատորները, որոնք ավելի վաղ ավերվել էին ուժեղ քամիներից։ Հրդեհները մոլեգնում են պատմական երաշտի ֆոնին։
ՀՆԴԿԱՍՏԱՆԸ ԽՍՏԱՑՆՈՒՄ Է ՀԱԿԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ
Կորոնավիրուսի տարածման ֆոնին Հնդկաստանի իշխանությունները ամանորյա տոնակատարություններին ընդառաջ խիստ սահմանափակումներ են կիրառում՝ հասարակական վայրերում զանգվածային միջոցառումները կանխելու համար։ Բոլոր խոշոր քաղաքներում պարետային ժամ է սահմանվել։ Մումբայում մինչև հունվարի 7-ը արգելվել են հինգ և ավելի մարդկանց հավաքները։
Իշխանությունների փոխանցմամբ՝ նախօրեին երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քանի 13000 և մահվան շուրջ 300 դեպք։ Սա հոկտեմբերից ի վեր վարակման օրական ամենաբարձր ցուցանիշն է։ Իսկ նոր «Օմիկրոն» շտամով վարակվածների թիվը հասել է ավելի քան 960-ի: Երկրում արագացվում է պատվաստման գործընթացը։