Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ։
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ ծննդի տոների կապակցությամբ:
Անցնող 2021թ. Հայաստանի համար, իր հակասականությամբ հանդերձ, քաղաքական ճգնաժամի հաղթահարման տարի էր: Ադրբեջանի կողմից Արցախի հանդեպ սանձազերծված ռազմական ագրեսիայից հետո Հայաստանի ներքաղաքական կյանքում առաջացած լարումը հնարավոր եղավ հաղթահարել կայացած ժողովրդավարություններին բնորոշ գործիքի՝ ընտրությունների միջոցով: Այս առումով Հայաստանի քաղաքական ուժերը կամք և քաղաքացիական հավաքական հասունություն դրսևորեցին՝ ներքաղաքական տարաձայնությունները հարթելու համար դիմելով ժողովրդին և ապավինելով նրա իմաստությանը:
Հանրության ազատ կամարտահայտությունն ու կայացած քվեարկությունն ապացուցեցին, որ Հայաստանում ընտրական ինստիտուտն աշխատում է արդյունավետորեն՝ իշխանության ձևավորումն իրականացնելով բացառապես քաղաքացու քվեով և որոշմամբ: Այդ ինստիտուտի անխափանության հավաստումն էին նաև կայացած ՏԻՄ ընտրությունները, որոնք ամբողջացրին համայնքների միավորման բարեփոխումների վերջին փուլը:
2020թ. կորոնավիրուսի համավարակն ու պատերազմը էական բացասական ազդեցություն ունեցան մեր պետության սոցիալ-տնտեսական դրության վրա: Այս տարին, սակայն, թույլ տվեց կայունացնել իրավիճակը և երկրի սոցիալ-տնտեսական կարգը վերադարձնել զարգացման և աճի ռելսերի վրա: Հարաբերական կայունության և կառավարության ձեռնարկած միջոցառումների արդյունքում տնտեսության բնագավառում ստեղծված դրությունը ներկայումս իրական ակնկալիքներ է ստեղծում՝ գալիք տարում հավակնոտ թիրախներ սահմանելու և դրանց հասնելու համար:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Ժամեր անց մուտք ենք գործում 2022թ.՝ ինչպես հնարավորությունների, այնպես էլ մարտահրավերների տարի: Մեր խնդիրը պետք է լինի համարժեքորեն նախապատրաստվել և դիմակայել մարտահրավերներին, ինչպես նաև հետևողականորեն ու հաշվարկված օգտվել ընձեռված հնարավորություններից՝ ապահովելու Հայաստանի անվտանգությունը, բարձրացնելու մեր ժողովրդի բարեկեցությունը և ձևավորելու խաղաղ ու ստեղծագործ աշխատանքի համար անհրաժեշտ միջավայր:
Ամանորը մեզանում միշտ կապվել է ընտանիքի, ջերմության ու մտերմության հետ: Այս կապակցությամբ մաղթում եմ, որ բոլորիդ ընտանիքներում միշտ վառ լինի հույսի լույսը, առարկայական լինեն նվաճումները և հասանելի լինի հաջողության նպատակակետը: Ցանկանում եմ, որ գալիք տարում իրականանան ձեր նվիրական երազանքները, հաջողությունը լինի ուղեկից, դժվարությունը՝ հեշտ անցանելի: Վերջապես, թող 2022թ. մեր պետության ու ժողովրդի համար առանձնանա խաղաղությամբ, ապահովությամբ, առողջությամբ և բարեկեցությամբ:
Շնորհավո՛ր Նոր տարի»,-ասված է ուղերձում: