ԼԱՎՐՈՎՆ ՈՒ ԲԱՅՐԱՄՈՎԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱՐՑԵՐ
Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքը, տարածաշրջանային իրադրությունն ու Երևան-Բաքու հարաբերությունների կարգավորումը։ Անդրադարձ է կատարվել Մոսկվայում կայացած՝ 3+3 ձևաչափով նիստին և Հայաստանի ու Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հանդիպմանը։ Լավրովն ու Բայրամովը քննարկել են նաև ռուս-ադրբեջանական հարաբերությունների օրակարգը և այլ հարցեր։
ԿԱՅԱՑԵԼ Է ՊՈՒՏԻՆ-ԲԱՅԴԵՆ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑԸ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ 50 րոպե տևած հեռախոսազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները վճռականորեն կպատասխանեն Ուկրաինա ցանկացած ներխուժմանը։ Այդ մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Սակին։ Երկու երկրի ղեկավարները հաստատել են նաև, որ անվտանգության երաշխիքների շուրջ 2022 թվականի հունվարի 10-ին Ժնևում կայանալիք բանակցությունների ընթացքում կքննարկվեն ոլորտներ, որոնց շուրջ, հնարավոր է, զգալի առաջընթաց արձանագրվի: Սակայն կլինեն նաև ոլորտներ, որոնց դեպքում համաձայնություն ձեռք բերելն անհնար կլինի: Այդ մասին էլ ՌԴ և ԱՄՆ ղեկավարների զրույցին նվիրված հատուկ ճեպազրույցում հայտնել է Վաշինգտոնի վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը։ «Առաջիկա տասը օրվա ընթացքում մենք կշարունակենք ինտենսիվ խորհրդակցությունները մեր դաշնակիցների և գործընկերների հետ»,- հավելել է ամերիկացի պաշտոնյան։ Սա վերջին ամսվա ընթացքում նախագահների արդեն երկրորդ զրույցն է։
2021-ԻՆ ԳԵՐՄԱՆԻԱ Է ԱՆՑԵԼ 11 ՀԱԶԱՐ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ՓԱԽՍՏԱԿԱՆ
2021 թվականին Բելառուսի և Լեհաստանի տարածքով Գերմանիա է անցել ավելի քան 11 հազար անօրինական փախստական, սակայն տարեվերջին նրանց թիվն աստիճանաբար նվազել է։ Այդ մասին հայտարարել է Գերմանիայի պետական սահմանի պաշտպանության համար պատասխանատու դաշնային ոստիկանությունը։
«Հատկապես մեծ է իրաքցի, սիրիացի և աֆղանստանցի ներգաղթյալների թիվը»,- հայտնել են կառույցից։
«ՕՄԻԿՐՈՆ» ՇՏԱՄԻՑ ՄԱՀԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՊՔԵՐԸ 75 ՏՈԿՈՍՈՎ ՔԻՉ ԵՆ
Կորոնավիրուսի նոր՝ «Օմիկրոն» շտամը, վարակի նախորդ տարատեսակների համեմատ, 75 տոկոսով ավելի քիչ է հանգեցնում մահվան։ Այդ մասին հայտնում են Հարավաֆրիկյան հանրապետության վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի հետազոտողները։ Գիտնականները հետևել են Գաուտենգ նահանգի Ցվանե քաղաքում հոսպիտալացված հիվանդների առողջական վիճակին: Հենց այդ նահանգն էր դարձել նոր շտամի բռնկման էպիկենտրոնը: Մասնագետները պարզել են, որ հոսպիտալացվածների ընդամենը 4,5 տոկոսն է մահացել «Օմիկրոնի» պատճառով, մինչդեռ կորոնավիրուսի նախորդ ալիքների ժամանակ այդ ցուցանիշը կազմել է 21,3 տոկոս։ ԱՀԿ-ի փոխանցմամբ՝ նոր շտամը հայտնաբերվել է 100-ից ավելի երկրում։ Վրաստանում էլ նախօրեին հաստատվել է «Օմիկրոնով» վարակման 93 դեպք։
Ֆրանսիայում այն արդեն հասցրել է գերիշխող դառնալ: Դեկտեմբերի 27-ից հետո անցկացված թեստավորումների ավելի քան 60%-ի դեպքում վարակվածների մոտ հաստատվել է «Օմիկրոն» շտամը։
ԱՄՆ առաջատար վարակաբան Էնթոնի Ֆաուչին էլ կանխատեսել է, որ եկող տարվա հունվարի վերջին երկրում կգրանցվի կորոնավիրուսի նոր տարատեսակով հիվանդացության գագաթնակետը։